Ռուսական Սու-24 օդանավի վրա հարձակված թուրքական կործանիչը հրթիռ է արձակել՝ գտնվելով Սիրիայի տարածքում: Սահմանից կործանիչի առավելագույն հեռավորությունը կազմել է 2 կմ, սիրիական տարածքում գտնվելու ընդհանուր տեւողությունը կազմել է 40 վայրկյան: Հարձակման ժամանակ հեռավորությունը կազմել է 5-7 կմ: Այս մասին նոյեմբերի 27-ին հայտարարել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարյովը:
«Թուրքական ինքնաթիռը Սիրիայի օդային տարածքում գտնվել է 40 վայրկյան եւ երկրի տարածքում խորացել մինչեւ 2 կմ, իսկ ռուսական ռմբակոծիչը չի խախտել Թուրքիայի պետական սահմանը»,- հայտարարել է Բոնդարյովը:
Ըստ Lenta.ru-ի, F-16-ից հրթիռի արձակումը նկատել է երկրորդ Սու-24-ի անձնակազմը, ինչի մասին զեկուցել է թռիչքների ղեկավարին: Օդային իրավիճակի քարտեզները հրապարակվել են ՌԴ ՊՆ Facebook-ի էջում:
Ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցվել է թուրքական կործանիչների կողմից: Այն ընկել է Սիրիայի տարածքում, Թուրքիայի հետ սահմանից 4 կմ հեռավորությամբ: