News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արարատի մարզի Այգավան գյուղում բնակվող Մելքոնյանների ընտանիքում շուտով 14-րդ զավակը կծնվի (ֆոտոռեպորտաժ):

Եվս մեկ երեխայի ծնվելուն ամուսիններն սպասում են կրկնակի ոգեւորությամբ. փոքրիկը, որի սեռը դեռ չգիտեն, ավելի լավ պայմաններում կծանոթանա աշխարհին, քան նրա 13 քույրերն ու եղբայրները։ Բարի մարդկանց օգնությամբ Մեքոնյանները հասցրել են մեծացնել տունը, նոր պատուհաններով տաքացնել այն, շուտով խոհանոցում էլ կահույք կունենան, լոգարանը նույնպես արդեն գրեթե պատրաստ է, իսկ առաջին քայլերը փոքրիկը կանի ոչ թե բետոնե, այլ լամինատե հատակին։

Ընտանիքի հայրը` Մարտիկ Մելքոնյանը, ասում է` NEWS.am-ի անդրադարձից հետո ընտանիքին օգնելու ցանկություն են հայտնել մեծ թվով անծանոթ մարդիկ Հայաստանից եւ սփյուռքից, նաեւ կառավարությունը։

«Թե Հայաստանից, թե արտերկրից, բազմաթիվ մարդիկ են օգնել ու շարունակում օգնել մեզ: Ոմանք՝ ֆինանսապես, ոմանք՝ հագուստով, կոշիկով: Մարդիկ են, որոնց մենք չենք ճանաչում, շատերը գալիս են մեր տուն, շատերը գումար են փոխանցում»,- պատմեց Մելքոնյանը՝ նշելով, որ այդ օգնության շնորհիվ երեխաները ձմռանը տաք հագուստի խնդիր չեն ունենա, մինչդեռ ընդամենը երեք ամիս առաջ` սեպտեմբերին, երեխաները հագուստ ու գրենական պիտույք չունեին դպրոց հաճախելու համար։

Նոր, ավելի ընդարձակ հյուրասենյակը, քիչ կահավորված կլինի, բայց Մելքոնյաններին դա չի անհանգստացնում։ Ավելի հրատապ է մահճակալների խնդիրը։ Ավելացած երկու ննջասենյակներում պակասում են մահճակալները։ Երեխաները միասին են քնում հին, երկաթյա մահճակալներին, ավելի մեծերը` գետնին։

Մելքոնյաններն ասում են`տան հիմնական խնդիրները լուծելուց հետո իրենց հոգսերը կթեթեւանան. բարեգործների միջոցներով կառուցված նոր անասնագոմը անասնապահությամբ զբաղվելու հնարավորություն կտա, երեխաները, որոնցից 11–ն անչափահաս են, բոլորն էլ օգնում են ծնողներին, հողամասում աշխատում, շուտով ավագ որդին ծառայությունից կվերադառնա ու օրվա հացը կկարողանան վաստակել, բայց հազիվ թե երբեւե կարողանային ինքնուրույն տունը վերանորոգել, եթե չլինեին բարի կամեցողները։

Բազմազավակ ընտանիքի հոգսերը ինչ–որ չափով թեթեւացնելու նպատակով Մելքոնյաններին 450 հազար դրամ է հատկացվել Երեխաների պաշտպանության օրը` հունիսի 1–ին NEWS.am–ի անցկացրած ամենամյա բարեգործական ակցիայի ընթացքում հավաքված գումարից։

Ավելի վաղ հայտնել էին, որ պաղպաղակի բարեգործական վաճառքից ստացված 1 մլն 225 հազար դրամ եւ 6900 ԱՄՆ դոլարի մեծ մասով NEWS.am–ը 52 պլանշետ է գնել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Փամբակ եւ Դարանակ գյուղերի միջնակարգ դպրոցի աշակերտների համար, ինչի շնորհիվ այժմ պլանշետներ ունեն երկու գյուղերի բոլոր այն ընտանիքները, որտեղ կան դպրոցահասակ երեխաներ։ Մնացած 909 հազար դրամը ակցիայի կազմակերպիչները քննարկելուց հետո որոշել են հավասարապես բաշխել երկու կարիքավոր ընտանիքների միջեւ` Արարատի մարզի Այգավան գյուղում բնակվող` 13 երեխա ունեցող Մելքոնյանների ընտանիքին եւ Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում բնակվող` զոհված պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանի ընտանիքին։

Տպել
Ամենաշատ