Հայաստանի սահմանները անձեռնխելի են: Այս մասին հունվարի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին՝ հայ-ադրբեջանական սահմանի վրա ինչ -որ հենակետի տեղադրման մասին, որն իբրեւ գերազանցություն է ապահովում ադրբեջանական կողմին:
«Հայաստանի ԶՈՒ հուսալիորեն պաշտպանում են սահմանները: Դիրքերի նշագծերում փոփոխություններ չեն կատարվել: Հակառակորդի առաջխաղացում նույնպես գրանցված չէ: Սեփական թիկունքում հենակետ տեղադրելը չի նշանակում առաջխաղացում»,- ասել է նախարարը:
Երրորդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանն էլ իր հերթին նկատեց, որ այն բարձունքը, որի վրա տեղակայվել է դիտակետը, երբեւէ հայկական կողմի վերահսկողության տակ չի եղել: «Չի եղելը չի նշանակում, որ չի լինի»,- ճշգրտել է Գասպարյանը՝ հավելելով, որ այդ սարի վրա դիտակետ տեղակայելը որեւէ ձեռքբերում չի ներկայացնում: