News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայոց բանակի ստեղծումը եւ կայացումը անմիջականորեն կապված է Ղարաբաղի պատերազմի հետ։ Պատերազմ, որը պահանջում էր հայ ժողովրդի ողջ ֆիզիկական եւ նյութական ջանքերի անհավանական լարվածությունը։ Եվ ժողովուրդը դիմացավ՝ ձեռք բերելով հոգեւոր ու պետական միասնություն։

Այսօր՝ Հայոց բանակի կազմավորման օրը, մենք զրուցում ենք խաղաղապահ ուժերի սպա, մայոր Հելբերտ Վարդանյանի հետ։

24 տարի առաջ Հելբերտն ու բակի մյուս տղաները դարձան նորաստեղծ հայկական բանակի առաջին զինակոչիկները։

«Ես բանակ եմ զորակոչվել 1992թ. դեկտեմբերին եւ ուզում էի, որ ինձ վտանգավոր տեղ ուղարկեն, մի տեղ, որտեղ հոգեբանորեն եւ ֆիզիկապես դժվար է լինելու։ Հենց նման տեղերում է կոփվում իսկական տղամարդու բնավորությունը»,- հիշում է մայորը։

Նրա խոսքով՝ իրեն միշտ հրապուրել է հետախույզի մասնագիտությունը, եւ երջանիկ պատահականությամբ տեղաբաշխելիս նա ընկնում է հետախուզական ստորաբաժանում։ Այդպես է սկսվում  նրա զինվորական կարիերան։

«Այն փաստը, որ ես եւ ընկերներս դարձել ենք առաջին զինակոչիկները, ընտրյալ լինելու զգացողություն չէր ներշնչում։ Պատերազմ էր, եւ մենք այդ մասին ուղղակի չէինք մտածում։ Գիտակցությունը, որ այսքան տարիներ անց մենք հիմա սեփական բանակն ունենք, շատ էր ոգեւորում»։

Վարդանյանը նշում է, որ պատերազմի մասին հիշողություններն իր ամենաթույլ տեղն են։ Դրանք շատ խառը զգացմունքներ են առաջ բերում՝ հաղթանակի երջանկություն եւ կորստյան ցավ։

Բոլորին հայտնի է, որ մարտական գործողությունների ընթացքում հայերը քանակով էապես զիջում էին ադրբեջանցիներին։

«Այն միտքը, որ անգամ 1 սմ նահանջի դեպքում փոքրացնում ես սեփական հայրենիքիդ սահմանները եւ քո հայրենակիցներից մեկին զրկում ես տնից, հողից, ջրից, անտանելի էր, եւ հենց դա էլ ուժ էր տալիս»։

1994թ. Ֆիզուլիի դեպքերից հետո 20-ամյա Վարդանյանին պարգեւատրում են  «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

«Ապրիլի 26-ին հակառակորդն անցավ հարձակման։ Թշնամու ուժերը թվապես գերազանցում էին։ Դիրքերին կանգնած տղաները չկարողացան ետ մղել նրանց եւ ստիպված էին նահանջել։ Ես այդ ժամանակ մյուս զինվորների հետ գյուղում էի։ Հենց որ իմացանք՝ ինչ է կատարվում, անհապաղ օգնության գնացինք։ Մենք ավելի փորձառու էինք եւ կարողացանք ադրբեջանցիներին ետ մղել։ Մարտական գործողությունների ժամանակ Երջոն, ով այն խմբի հրամանատարն էր, որին մենք օգնության էինք հասել, թիկունքից վիրավորվել էր։ Ես տեսա, թե ինչպես նա ընկավ ինձնից ոչ հեռու եւ վազեցի դեպի նա։ Նրան 50 մետր քաշեցի դեպի պատը։ Երջոն ռադիոկապը տվեց ինձ եւ ասաց ընդամենը մի նախադասություն. «Պետք է վերցնել գոմի մոտի դիրքը»։ Պետք է, ուրեմն կվերցնենք։ Այդ պատերազմում այլ կերպ հնարավոր չէր։ Այդպես իրավիճակի հսկողությունն ավտոմատ կերպով անցավ իմ ձեռքը։ Մենք 10 հոգի էլ չկայինք, բայց դիրքը վերցրինք։ Ես առաջինը կարողացա այն զբաղեցնել, ինձնից հետո միացավ Ճուտոն, իմ Ճուտոն, իմ ընկերը։ «Հեբո՛, տեսնեմ ո՞նց են փախնում թուրքերը»,- ասաց նա ու գլուխը դուրս հանեց... Այդ վայրկյանին էլ խփեցին»։

Մայորի պատմած յուրաքանչյուր պատմության մեջ նկատվում է ընկերների եւ զինվորների նկատմամբ սրտացավ վերաբերմունքը։

«Զինվորների հետ շփումը պետք է հիմնված լինի փոխադարձ օգնության վրա։ Առհասարակ դա շատ նուրբ հարց է։ Եթե խաղաղ ժամանակ տղաների միջեւ բոլոր հարցերը չլուծվեն, ապա հարաբերությունները պարզելը կտեղափոխվի մարտի դաշտ, ինչը երբեք չի կարելի թույլ տալ»։

Վարդանյանը նշում է, որ հաշտ կոլեկտիվ ձեւավորելու մեջ մեծ է հրամանատարի դերը։ Հրամանատարն իր տրամադրությունը փոխանցում է զինվորներին։

«Յուրաքանչյուր զինվոր նման է իր հրամանատարին։ Չէ՞ որ հրամանատարը ուղղակի հրամաններ տվող մարդը չէ։ Իսկական հրամանատարը միաժամանակ եւ՛ընկեր է, եւ՛ ուսուցիչ եւ՛ հոգեբան։ Նա պետք է կարողանա յուրաքանչյուր զինվորի նայելիս հասկանալ, թե զինվորն ինչ վիճակում է, եւ ինչ մոտեցում է պետք նրան ցուցաբերել։ Ամենակարեւորը, յուրաքանչյուր իրավիճակում պետք է օրինակ ծառայի զինվորի համար։ Ես ունեմ նման հրամանատար։ Դա Արթուր Սիմոնյանն է։ Բոլոր հրամանատարներին էլ հարգում եմ, բայց նրա նման ուրիշ մեկին ես չեմ տեսել»։

1994թ. ձմռանը հայ զինվորների խումբը գրավեց Օմարի լեռնանցքի ձախակողմյան բարձունքը։

«25 զինվոր էինք, ես ավագն էի, 2-3 սպա կար եւ հրամանատար Արթուր Սիմոնյանը։ Տեղ հասնելով՝ սկսեցինք դիրքավորվել։ Բնականաբար, ոչ մի խրամատ չկար։ Տեղանքը ուղղակի միջանցիկ սառը քամու տակ էր։ Մի կերպ փոքր կրակ վառեցինք։ Չտաքացրեց, բայց փրկեց ցրտահարվելուց։ Գիշերը ծանր անցավ, բայց առանց կորուստների։ Լուսաբացին հրամանատարն ինձ ասաց, որ տղաներին հանձնարարեմ իջնել ներքեւ ուտելիք ու ջուր բերելու։ Բայց տեսնելով զինվորների տանջահար դեմքերը՝ որոշեցի ինքս իջնել։ Երկու հոգի հետս եկան։ Վերադարձին այնպիսի բուք սկսվեց, որ թվում էր, թե երկինք ու երկիր իրար են խառնվել։ Քամին աչքներս կտրում էր։ Ոչ մի բան չէր երեւում։ Հավաքելով վերջին ուժերը`  մենք ամեն դեպքում հասանք բարձունքին։ Եվ ի՞նչ տեսնենք. տղաները մերկ ձեռքերով հրամանատարի հետ վայրկենապես սառցակալող ձնից պատի նման մի բան էին կառուցել, որը պաշտպանում էր քամուց։ Դա շատ լավ գաղափար էր։

Շուտով իմացանք, որ ադրբեջանցիներն իրենց նշանակետի տակ են առել այն կետը, որտեղ մենք դիրքավորվել ենք, որպեսզի փորձեն վերցնել Օմարի լեռնանցքը։

Սկսեցինք պատրաստվել նրանց դիմավորելուն։ Հրամանատարը մեզ տեղերով բաշխեց, վերցրեց գնդացիրը եւ հրամայելով «կրակել միայն գնդացրի կրակահերթը լսելուց հետո»՝ ինքը հակառակորդին ամենամոտը դիրքավորվեց։

Նա որոշել էր կրակն իր վրա վերցնել։ Դա հոգեւոր միասնության եւ անսահման արիության լուռ օրինակ էր։

Շատ չանցած՝ մենք նրանց տեսանք։ 50-60 հոգի էին, մեզնից կրկնակի շատ։ Նրանք մոտենում ու մոտենում էին, իսկ գնդացիրը լուռ էր։ Մենք շփոթված նայում էինք հրամանատարին։ Րոպե առ րոպե լարվածությունն աճում էր, բոլորիս նյարդերը ձգված էին, թվում էր՝ հիմա կպայթեն։ Հանկարծ օդը ճեղքեց գնդացրի կրակահերթը։ Հրամանը տրվեց, կռիվը սկսվեց»։

Ղարաբաղի պատերազմից հետո Վարդանյանը մնաց բանակում եւ մինչեւ օրս ծառայում է իր երկրին։

Հատկանշական է, որ հունվարի 27-ին՝ Հայոց բանակի կազմավորման 24-ամյակից մեկ օր առաջ, մայորը բանակ է ճանապարհել իր որդուն։

Հայրական մտահոգությունը թաքցնելով խիստ դիմագծերի հետեւում` Վարդանյանը նշում է, որ բանակը բնավորություն է կոփում եւ ծանր պայմաններում ինքդ քեզ փորձելու հնարավորություն տալիս։ Այդ դպրոցն անցած երիտասարդների մեծ մասն ավելի դիմացկուն եւ պինդ են լինում, քան նրանք, ովքեր չեն ծառայել։

 «Տղաս, ինչպես ասում են նրան ճանաչող բոլոր մարդիկ, ազնիվ, շիտակ տղա է։ Նա երբեք ստորություն չի հանդուրժի։ Երբ նա տնից դուրս էր գալիս, ես նրան ասացի. «Դու կտեսնես կյանքի մյուս կողմը, բայց ճանաչելով այդ կյանքը՝ մնա՛ այնպիսին, ինչպիսին կաս։ Ազնվությունը միշտ գնահատվում է։ Դու տեսել ես իմ անցած ուղին եւ այն ամենը, ինչ ես կարողացել եմ ստեղծել։ Եթե կարող ես դրան ինքդ մի բան ավելացնել, ավելացրու՛։ Բայց երբեք չեմ հանդուրժի, եթե պակասեցնես»։

Խաղաղապահ ուժերում ծառայելիս Վարդանյանը եղել է շատ երկրներում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Աֆղանստանում։ Վերջերս վերադարձել է ԱՄՆ-ից։

«Մենք ուժեղ, մարտունակ բանակ ունենք։ Եթե համեմատենք այլ երկրների զինվորների հետ, ապա ես չէի ցանկանա, որ մեզ մոտ ռազմական գործում կանոնակարգային սառը հարաբերություններ լինեն։ Ուժեղ բանակի գլխավոր չափանիշը ոգին է։ Նման բանակն անպարտելի է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ