Փետրվարի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկուն եւ նրա հետ քննարկել ԵՄ կառույցների եւ ՀՀ ՊՆ-ի միջեւ համագործակցություն ծավալելու հնարավորությունները:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները համակարծիք են եղել, որ հատկապես խոստումնալից կարող է լինել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում խորհրդատվական աջակցության ստացումը եւ Եվրամիության Անվտանգային հետազոտությունների ինստիտուտի ու ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի միջեւ գործակցությունը:
Կողմերը դիտարկել են նաեւ ՀՀ եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության համատեղ առաջնահերթությունների այլ ուղղություններով համագործակցություն նախաձեռնելու նպատակահարմարությունը: