News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀԿ խմբակցության նիստում, այսօր՝ փետրվարի 5-ին, Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրվել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը: Թեկնածությունն առաջարկել է ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, որը հաստատվել է: Նիստին ներկա է եղել նաեւ Թաթոյանը:

ՀՀԿ խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արման Թաթոյանը, հարցին, թե ինչպես է պատկերացնում իր աշխատանքը օմբուդսմենի պաշտոնում՝ հաշվի առնելով, որ իշխանությունների կողմից միշտ քննադատվում են ՄԻՊ-ի զեկույցները, պատասխանել է. «Ես ընդամենը առաջադրված եմ որպես թեկնածու: Հանձնաժողովում քննարկումներ կլինեն, կարծում եմ այնտեղ էլ բազմաթիվ հարցեր կքննարկվեն»:

NEWS.am-ի հարցին, թե կարծում է, որ կարո՞ղ է անկաշկանդ գործել եւ պաշտպանել քաղաքացիների իրավունքները, Թաթոյանը պատասխանեց. «Այո, ես համոզված եմ, որ կարող եմ անկաշկանդ լինել եւ աշխատել օմբուդսմենի առջեւ դրված խնդիրիներին համարժեք: Ես տարիներ շարունակ աշխատել եմ ՄԻՊ-ի գրասենյակում եւ  պատկերացնում եմ աշխատանքը»:

Նշենք, որ ՄԻՊ թեկնածուի պաշտոնում առաջարկված է նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Մակար Եղիազարյանի եւ Նարեկ Էլոյանի թեկնածությունը:

Փետրվարի 12-ի ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում պատգամավորները ընտրելու են թեկնածուներից որեւէ մեկին եւ ներկայացնեն ԱԺ լիագումար նիստում:

Արման Թաթոյանը ծնվել է 1981թ. դեկտեմբերի 18-ին Երեւանում:

Արման Թաթոյանը սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ապա ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի Իրավունքի դպրոցում (UPenn Law) ստացել պատվավոր մագիստրոսի կոչում: Իրավաբանական գիտությունների թեկնածու է:

2013թ.-ից առ այսօր Արդարադատության նախարարի տեղակալն է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալն է: Թաթոյանը նաեւ ԵԽ ծրագրի միջազգային խորհրդական է, դասախոսում է ԵՊՀ-ում, Հայաստանի Ամերիկյան համալսարանում, Արդարադատության ակադեմիայում:

Բացի դրանից, 2011-2013թթ. Թաթոյանը Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտե-ում (CPT) Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ