News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փաստաբան Երվանդ Վարոսյանի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը երեկ՝ փետրվարի 8-ին, դիմել է Երեւան Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վերացնել Փաստաբանների պալատի կողմից իր պաշտպանյալին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փաստաբան Երվանդ Վարոսյանը, որին անցած տարվա դեկտեմբերին Պալատի խորհուրդը ֆեյսբուքյան գրառման համար ենթարկեց կարգապահական պատասխանատվության: 

«Երեկ իմ ներկայացուցիչ, փաստաբան Գեւորգ Գյոզալյանը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել խորհրդի որոշումը վերացնելու պահանջով հայցը։

Ասեմ նաև, որ թե Գեւորգ Գյոզալյանը, թե մի շարք այլ փաստաբաններ, որոնք համարում են, որ խնդիրը չի վերաբերում առանձին փաստաբանի, այլ խոսքի ազատությունը ապօրինի ու կամայական սահմանափակելու, գրաքննություն սահմանելու փորձ է, վճռական են այս հարցը բարձրացնելու հնարավոր բոլոր ատյաններում ու հաղթելու»,- գրել է Երվանդ Վարոսյանը:

Հիշեցնենք, որ փաստաբան Երվանդ Վարոսյանի դեմ կարգապահական վարույթ էին հարուցել Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի գրառման համար, իսկ դիմում ներկայացրած հանրային պաշտպանն իրեն էր տեսել այդ գրառման մեջ։

Ամեն ինչ սկսվել էր 2015թ. հունիսին, երբ կայքերից մեկում փաստաբաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի դեմ պատվերով հոդված էին գրել՝ իբր նրանք «գողացել» էին այլ փաստաբանի հաղթանակը։ «Կարելի է միայն հպարտանալ նրանով, որ քո դեմ որոշ չորքոտանիներ ճղճիմ հոդվածներ են պատվիրում (հատկապես պնդուկ ուղեղով չորքոտանիները): Դա նշանակում է, որ դու ճիշտ ուղու վրա ես»,- այդ օրը երեկոյան ֆեյսբուքի իր էջում գրել էր Երվանդ Վարոսյանը։

Երվանդ Վարոսյանի գրառման մեջ որեւէ անուն չկար, ավելին, ըստ Վարոսյանի եւ Լուսինե Սահակյանի, միայն  չորս ամիս անց էր պարզվել, որ կեղծանունով գրված հոդվածները պատվիրել են ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանն ու նրա մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանը։ Վերջինս նույնիսկ պարզաբանել էր, թե դա արել է հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանին պաշտպանելու համար։

Լիանա Գրիգորյանը դիմում էր ներկայացրել ՓՊ, նշել, թե Երվանդ Վարոսյանի գրառումը վերաբերում է իրեն, ՓՊ նախագահը օգոստոսի 8-ին վարույթ էր հարուցել, իսկ խորհուրդը դեկտեմբերի 18-ին նիստ էր գումարել: Դռնփակ դատական նիստում Պալատը կայացրել էր ամենաանսպասելի որոշումը. Երվանդ Վարոսյանին պատասխանատվության էր ենթարկվել ֆեյսբուքյան գրառման համար։

Տպել
Ամենաշատ