News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում ավելի քան 5000 աշակերտ արդեն 8 տարի մասնակցում է համացանցից  ապահով եւ ճիշտ օգտվելու դասընթացների: Այս մասին այսօր` փետրվարի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ապահով համացանց» ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը` նշելով, որ երեխաներն ավելի վաղ տարիքից են սկսում օգտվել համացանցից եւ, չկարողանալով տիրապետել անվտանգության կանոններին, հաճախ են համացանցում դառնում թիրախային խումբ:

«Համացանցից օգտվելիս, հիմնականում թիրախը երեխաներն են դառնում: Համացանցում նրանք ազատորեն կարողանում են օգտվել իրենց տարիքին անհամապատասխան նյութերից, միանալ բռնություն եւ անպարկեշտ բովանդակություն պարունակող խմբերի, որոնք էլ շատ վատ են անդրադառնում նրանց վրա»,-ասաց Նարինե Խաչատրյանը:

Նրա խոսքով, «Ապահով համացանց» ծրագիրն  Հայաստանում տարբեր ուսումնական կենտրոններում աշակերտների եւ ուսուցիչների համար կազմակերպվում է մասնավոր կյանքի պաշտպանության եւ անվտանգության հարցերին նվիրված կրթական ծրագրեր եւ իրազեկման արշավներ:

«Մենք աշխատում ենք նաեւ երեխաների ծնողների հետ, տեղեկացնում նրանց համացանցի ռիսկերի մասին: Երեւանի եւ մարզերի ավելի քան հարյուր ուսուցիչներ, այս տարի կմասնակցեն դասընթացների, որպեսզի երեխաներին համացանցից ճիշտ օգտվել սովորեցնեն: Մենք փորձում ենք ոչ միայն տեղեկացնել ռիսկերի եւ մարտահրավերների մասին, նաեւ զինել նրանց, որպեսզի նրանք լինեն ոչ միայն ինֆորմացիայի պասիվ սպառողներ, այլեւ կարողանան իրենք ստեղծել բովանդկություն եւ շրջանցել գոյություն ունեցող ռիսկերը»,-ասաց նա:

«Ինտերնետ կառավարման» խորհրդի քարտուղար Գրիգոր Սաղյանն էլ նշեց, որ «Ապահով համացանցը» ներգրավում է  ոչ միայն երեխաներին, այլեւ մեծահասակներին: Անհրաժեշտ է եւ բովանդակային եւ տեխնիկական առումով անվտանգություն ապահովել:  

«Կա տեխնիկական եւ բովանդակային ապահովություն: Տեխնիկական մասով անհրաժեշտ է, որպեսզի տեխնիկական մասնագետները  հսկեն համացանցը,  սոցիալական կայքերը, արգելեն վիրուսների մուտքը, իսկ բովանդակայինը` հարցի բարոյական եւ կրիմինալ կողմն է: Պետք է հնարավորություն ունենալ հասկանալ` ինչն է համացանցում հանցագործություն եւ տեղեկացնել իրավապահ մարմիններին: Ծնողները պետք է վերահսկեն երեխաներին, ինտերնետային զտիչ տեղադրեն, որպեսզի հնարավոր լինի երեխաներին արգելել անպարկեշտ բովանդակությամբ կայքեր մտնել, սակայն այս զտիչներն էլ միշտ չէ, որ օգնում են»,-ասաց նա:

Նշենք, որ աշխարհի ավելի քան 100 երկրներում այսօր` փետրվարի 9-ին, նշվում է Ապահով համացանցի օրը: Այն նշվում է 2004թ.` յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը: Համաեվրոպական INSAFE նախաձեռնությունը, տարեցտարի ընդլայնելով իր շրջանակները, համախմբում է մարդկանց` պայքարելու ապօրինի, վնասակար, անցանկալի բովանդակությամբ համացանցում տարածված նյութերի եւ ծրագրերի դեմ:

Տպել
Ամենաշատ