Ադրբեջանում 2014թ. օգոստոսին գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի գործով իրավապաշտպանների եւ փաստաբանների խումբն արդեն նյութերն է նախապատրաստում, որ բողոք ներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով զբաղվող փաստաբաններից Քրիստինա Գեւորգյանը:
Նշենք, որ խմբում ընդգրկված են նաեւ Լարիսա Ալավերդյանը, Արա Ղազարյանը եւ Վահե Գրիգորյանը: Դեռեւս հայտնի չէ, թե երբ խումբը կդիմի ՄԻԵԴ: Հիշեցնենք, որ գործն այս պահին ՀՀ ԱԱԾ-ի վարույթում է, նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերեվարվել էր 2014թ. օգոստոսի 7-ին: Հաջորդ օրն արդեն՝ օգոստոսին 8-ին, ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել իբր «սրտի անբավարարության հետեւանքով» գերու մահվան մասին: Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի իշխանությունները Կարեն Պետրոսյանի դին հանձնել են Հայաստանին: