News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հումորն իմ կյանքում կարեւոր դեր է խաղացել, քանի որ այն հնարավորություն է տվել դիմանալ անգամ ամենաբարդ իրավիճակներում։ Այս մասին The National-ին տված հարցազրույցում ասել է լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրը։

Պարբերականը պատմում է, որ երիտասարդ տարիքում Ազնավուրին մերժում էին ցածր  հասակի, անհրապույր արտաքինի (նա հաճախ է կատակում իր քթի մասին) եւ անսովոր խռպոտ ձայնի համար։ Այդուհանդերձ հայ երգիչն ապացուցեց, որ իր հասցեին հնչող քննադատությունն անարդար է։ Նա 9 տասնամյակ շարունակ հաջող կարիերա է կառուցել։ «Նրանք ինձ ասում էին, թե ես չպետք է երգեմ, բայց ես այդուհանդերձ շարունակում էի երգել, մինչեւ կոկորդս չցավեր»,- պատմել է Ազնավուրը։ Նրա համառությունը տվեց իր արդյունքը։ «Հիմա նա 91 տարեկան է, նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում, գրել ավելի քան 1200 երգ, երգել 8 լեզուներով եւ վաճառել ավելի քան 180 մլն ձայնագրություն։։ Նրա ժանրը հեղափոխեց դասական ֆրանսիական շանսոնը՝ ստեղծելով «ազնավուրյան» ժանր՝ ֆրանսիական սոուլ երաժշտության, բլյուզի, ջազի, փոփի եւ լիրիկայի խառնուրդ»,- գրում է պարբերականը։ Ներկայումս Ազնավուրը վերջապես առաջին համերգը կտա ԱՄԷ-ում։ Համերգը կկայանա փետրվարի 12-ին Դուբայի համաշխարհային առեւտրի կենտրոնի համերգասրահում։

Ինչո՞վ է Ազնավուրը առաջնորդվել այս տարիներ ընթացքում։

«Կյանքի հանդեպ իր սիրով։ Բախտս շատ է բերել, որ ես գտել եմ իմ կոչումը եւ ծանոթացել եմ հետաքրքիր մարդկանց հետ, որոնք սնուցել են իմ հետաքրքրասիրությունը։ Ես ի վիճակի էի ղեկավարել այդ կյանքը, քանի որ ես ծնվել եւ մեծացել եմ սահմանափակ միջոցներ ունեցող արտիստական ընտանիքում, որը, սակայն, հարուստ էր սեր եւ աջակցություն շռայլելիս»,- պատմել է աշխարհահռչակ շանսոնիեն։

Անցյալ ամիս նա People With Money ամսագրում գլխավորում էր 2015թ. ամենաբարձր վարձատրվող երգիչների ցուցակը՝ 46 մլն դոլար եկամուտով։ «Նրան հաճախ կոչում են «ֆրանսիական Ֆրենկ Սինատրա»։ Նա ամերիկացի լեգենդի հետ դուետ է կատարել 1993թ.՝ երգելով You Make Me Feel So Young երգը։ Այս երգչի ֆրանսիական հիթերի միայն փոքր օրինակներն ընդգրկում են La Bohème (1965), La mamma» (1963), «Et pourtant» (1963), «Hier encore» (1964), «For Me Formidable» (1964), «Que c’est triste Venise» (1964), «Emmenez-moi» (1967) եւ «Et Désormais» (1969) կատարումները»,- նշում է թերթը։

Իր հզոր բեմական խարիզմայով հայտնի Ազնավուրն ասում է, որ հումորի զգացումը նրա համար տարիներ շարունակ կարեւոր է եղել։ «Միգրանտի որդու համար ես գեղեցիկ կյանք եմ ունեցել։ Ես շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ կյանքն ինձ տվել է։ Անգամ եթե ես ստիպված եմ եղել կարիերայիս ընթացքում շատ աշխատել, այդ աշխատանքն ինձ երջանիկ է դարձրել։ Իմ ընտանիքի եւ մանկության մասին հիշողություններն իմ ամենասիրելի հուշերն են»,- ասել է Ազնավուրը։

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզում արտիստների ընտանիքում, որոնք փրկվել էին Հայոց ցեղասպանությունից։ Ընտանիքը, այդ թվում՝ ավագ քույր Աիդան մտադիր էին տեղափոխվել ԱՄՆ, սակայն նրանց այդպես էլ վիզա չտվեցին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ