Երեւանում օդային ճանապարհով անցկացված էլեկտրականությունը մահվան պատճառ է դարձել:
70-ամյա Ռ. Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ իրեն պատկանող ավտոտնակում օդային ճանապարհով էլեկտրականություն է անցկացրել՝ խախտելով «էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման» կանոնները, ինչը մահ է առաջացրել:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ա. Ռափյանն իր ավագ եղբոր Ա. Ռափյանի և իրենց հասակակից ոմն Հովհաննեսի հետ խաղալու նպատակով բարձրացել են Ռ.Միքայելյանի ավտոտնակի տանիքը, իսկ իջնելիս Ա.Ռափյանը ձախ դաստակով բռնվել է 220Վ լարման տակ գտնվող՝ էլեկտրական հաղորդալարերի կտորների միացման հատվածից, էլեկտրահարվել ու մահացել:
Ռ. Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 109-րդ հոդվածի 1-ին մասով՝ անզգուշությամբ մահ պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը 3 տարի ժամկետով:
Գործը դատաքննության փուլում է: