Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 11-ին, ժամը 01.54-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի «Գանձակ» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Վանաձոր քաղաքի «Ուկրշին» տնակային ավանի 3-րդ տնակի հարեւանությամբ «ԳԱԶ 24» մակնիշի 35 TL 269 համարանիշի ավտոմեքենան (վարորդը դեպքի վայրում չի գտնվել) բախվել է «ԶԻԼ» մակնիշի 748 LL 36 համարանիշի աղբատար մեքենային (վարորդ՝ Գ. Թ.):
Հրշեջ-փրկարարները «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 30-ամյա Վ. Ա.-ին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: