News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մոտ նախորդ տարվա սեպտեմբերին դանակի 30 հարվածով նախկին կնոջը  սպանելու մեջ մեղադրվող 40-ամյա Արտակ Առաքելյանը իր եւ կնոջ բաժանումից հետո պարբերաբար անհանգստացրել է վերջինին՝ ստիպելով նրան մարել իր պարտքերը, իսկ երբ հասկացել է, որ կինը պատրաստվում է փակել եկամտի միակ աղբյուր հանդիսացող խանութը եւ մեկնել արտագնա աշխատանքի, եկել եւ սպանել է նրան։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  հերթական չկայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց սպանված 38-ամյա Հեղինե Դարբազյանի քույրը՝ Քրիստինե Դարբազյանը։

«Հեղինեն բաժանվելուց հետո մեկ ամիս խանութ չի մտել, չէր թողնում։ Պարտքերի համար զանգում էին, ապառիկների համար զանգում էին, որովհետեւ իր անունով էլ վարկեր կային։ Հետո ասեց՝ արի, բացի, կարդ արա, պարտքերը տուր, ես չեմ կարա տամ, դու պիտի տաս։ Դրանից հետո ամեն անգամ շատ պատահական հայտնվում էր խանութում, կռիվ սարքում, թե սա-նա եկել, պարտքն ա ուզում, Զայեցի փողը վզովդ կանես, թե չէ հալդ կտենաս, ու էդպես»,-պատմեց սպանվածի քույրը։

Քրիստինե Դարբազյանը նշեց, որ լավ իմանալով, թե քրոջ նախկին ամուսինը ինչի է ընդունակ, հորդորել է նրան, բողոք ներկայացնել Արտակի դեմ։ Ոստիկանությունը բացատրական աշխատանքներ է տարել ներկայիս մեղադրյալի հետ՝ արգելելով նրան մոտենալ կնոջը։ Արտակը սակայն, չի հետեւել ոստիկանության նախազգուշացումներին՝ շարունակելով իր այցերով եւ հեռախոսազանգերով ահաբեկել կնոջը։

Մի անգամ նույնիսկ, ըստ սպանվածի քրոջ, Արտակը եկել է խանութ, որտեղ կինը կար էր անում գումարի դիմաց, կռիվ է սարքել, թե վերջինը չի մարում իր պարտքերը, փորձել է հարվածել կնոջը, հարվածը դիպել է կարի մեքենային եւ կոտրել այն։

Հեղինեն ահազանգել է իր բողոքը ընդունած ոստիկանին, վերջինը կրկին բացատրական աշխատանքներ է տարել, ստիպել է Արտակին վերանորոգել կարի մեքենան։ Արտակը իր խանդոտ բնավորության համաձայն կասկածել է, թե կինը կապի մեջ է ոստիկանի հետ։

«Արտակի հետ խոսելուց հետո, այդ ոստիկանը եկել է Հեղինեի խանութ, էդ պահին զանգել է Արտակը, Հեղինեն, իմանալով, նա ինչ կասի, բարձրախոս է միացրել, Արտակը ասել է՝ էդ ի՞նչ էս արել էդ ոստիկանին, որ տենց գալիս, հարցերդ լուծում ա»,-ասաց Քրիստինե Դարբազյանը։

Սպանված Հեղինեի քույրը նշեց, որ Արտակը վաղուց է պլանավորած եղել սպանությունը, նույնիսկ երեխաներն են զգուշացրել, որ մի օր գալու է, դանակով սպանի։ Արտակին վրդովեցրել է այն, որ կինը այլեւս իր հետ չի ապրում, «նա մաքուր է, ինքը՝ կեղտոտ, նա ուտում է, ինքը սոված է ու պարտքեր ունի»

Ըստ Քրիստինե Դարբազյանի՝ իր մտադրությունը իրագործելու պահը Արտակի մոտ հասունացել է այն պահին, երբ որդուց իմացել է, որ հոկտեմբերի 1-ից նախկին կինը փակելու է խանութը, եւ հասկանալով, որ Հեղինեն իրեն այլեւս ոչ մի ձեւով օգնություն չի ցուցաբերելու, գնում է տոնավաճառ նրա հետեւից։

Դեպքի օրը, Քրիստինեի խոսքով, քույրը մի պահ բացակայել է խանութից, վերադարձել է, հարակից խանութի աշխատողը զգուշացրել է, որ Արտակը «գժի պես իրեն է ման գալիս», Հեղինեն ուշադրություն չի դարձրել՝ չպատկերացնելով, որ տոնավաճառում՝ այդքան մարդկանց ներկայությամբ, նախկին ամուսինը կարող է իրեն վնաս հասցնել։

«Բայց զանգել է Կարենին՝ որդուն, որը այդ ժամանակ հոր հետ էր ապրում, քանի որ չէր ցանկացել ծնողների բաժանումից հետո դպրոցը փոխել, իմանալու՝ հայրը ինչու է իրեն փնտրում, Կարենը զանգել է հորը, հարցրել, հայրը շատ բան չի ասել։ Երեխեն ասում է՝ մի-քսան անգամ զանգեցի մամային, չէր պատասխանում, հետո հայրն է պատասխանել, իր գործն արդեն արած։ Կարենը հասկացել է՝ ինչ է կատարվում, մինչեւ շնչակտուր հասել է խանութի մոտ, տեսել է՝ խանութը պլոմբած է ու էդ տեսարանը»,-պատմեց սպանվածի քույրը։

Անդրադառնալով մեղադրյալ Արտակ Առաքելյանի այն պնդումներին, թե նախկին կնոջը խանդի հողի վրա է սպանել, կասկածել է նրան անհավատարմության մեջ՝ սպանվածի քույրը վստահեցրեց, որ Հեղինեի վարքն անքննելի է, «կարող են» գնալ եւ տոնավաճառի աշխատակիցներից հետաքրքրվել նրա վարքի մասին։

Նշենք, որ այսօրվա դատական նիստը չկայացավ մեղադրող դատախազի բացակայության պատճառով, ինչը էլ ավելի վրդովեցրեց սպանվածի հարազատներին։

Քրիստինե Դարբազյանը դատարանից պահանջեց ապահովել դատախազի ներկայությունը, եւ չձգձգել դատական նիստը, քանի որ իրենց համար ծանր է ամեն անգամ տեսնել իր քրոջ սպանողին։

Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 15.00-ին սահմանում «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն էր տեղի ունեցել: 38-ամյա Հեղինե Դարբազյանը մահացել էր ստացած` դանակի 30-ից ավելի հարվածներից: Սպանությունը գործելու մեղադրանով կալանավորվել է կնոջ նախկին ամուսինը` 40-ամյա Արտակ Առաքելյանը, որը  խոստովանել է, որ կնոջը սպանել է խանդի հողի վրա:

Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել): Նրան մինչեւ 20 տարի ազատազրկում է սպառնում:

Տպել
Ամենաշատ