News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարկավոր է աշխատել նույնիսկ այնպիսի բարդ շուկայի հետ, ինչպիսին իրանականն է: Այս մասին հայտարարեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցների լիարժեք վերացումից հետո Հայաստանով Իրան ինտերնետի տարանցման ընդլայնման հեռանկարները:

«Իրանը միշտ բարդ շուկա է եղել, այդ թվում՝ վճարումների հարցում, եւ դժվարություններն աշխատանքում պահպանվում են: Ամեն դեպքում, մենք աճող հետաքրքրություն ենք տեսնում ե՛ւ Իրանից, ե՛ւ Իրանի հանդեպ: Իհարկե, առայժմ չենք կարող խոսել քանակական թռիչքի մասին: Եվ ոչ միայն այն պատճառով, որ չենք ուզում դա, այլ որովհետեւ գործընկերը փոքր-ինչ բարդ է՝ նույնիսկ առանց պատժամիջոցների»,- նշեց Պյատախինը:

Ամեն դեպքում, հարկավոր է ընդլայնել իրանական ուղղությամբ թողունակությունը: Պյատախինի խոսքով, արդեն տարանցման պատվերների աճ է նկատվում: Ընկերությունը ստիպված չի լինի նոր ուղիներ կառուցել. հարկավոր է միայն ալիքների խտացման սարքավորումներ տեղակայել:

Որքանո՞վ է Իրանի համար կարեւոր Հայաստանը՝ որպես ինտերնետի տարանցման երկիր: Պյատախինի դիտարկմամբ, հայկական ուղղությանը (բոլոր օպերատորների պարագայում) կարող է բաժին հասնել դեպի Իրան ամբողջ տարանցման 10%-ը: «Կխուսափեմ հստակ գնահատական տալ, քանի որ հարց է, թե որքան են նրանք ստանում մյուս աղբյուրներից: Բայց ես կգնահատեի 10%-ից ոչ ավելի՝ հաշվի առնելով նաեւ մեր ցանցերի թողունակությունը»,- հայտարարեց ընկերության ղեկավարը:

Հարցին, կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը միջանցք դառնալ Եվրոպայից ստացվող ինտերնետի համար ոչ միայն դեպի Իրան, այլեւ այդ երկրի տարածքով ավելի հեռու, ասենք՝ Հնդկաստան, Պյատախինը պատասխանեց. «Որքան ես գիտեմ, Իրանն ինքը մեծ քանակության թրաֆիկ չի գործածում, քանի որ այնտեղ ենթակառուցվածքի խնդիր կա: Իսկ Հնդկաստանն ինտերնետ է ստանում չինական կողմից: Իրանը հիմնականում ինտերնետ վերցնում է իր համար: «ՎիմպելԿոմ» խումբն օպերատոր ունի Պակիստանում (Mobilink - խմբ.), եւ մենք ծրագրեր ունեինք մեր ցանցերը միացնել Իրանի միջոցով: Բայց այդ ժամանակ հանգեցինք եզրակացության, որ դա արդյունավետ չէ, քանի որ իրանական շուկայում մեր գործընկերների հետ աշխատելն այնքան էլ դյուրին չէ»: 

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ, «ՎիմպելԿոմ»-ի դուստր ձեռնարկություն) Հայաստանի կապի խոշորագույն օպերատորներից ու հարկատուներից է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ