News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Գրքի նկատմամբ երիտասարդ սերնդի հետաքրքրության պակասի պատճառը երկրում տիրող գաղջ մթնոլորտն է եւ պետական մակարդակով անգրագիտության խրախուսումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

Պարոն Մարտիրոսյան, ակցիաները, գովազդները  իսկապե՞ս ազդեցություն ունենում են  ընթերցանության մակարդակի բարձրացման, գրքի վաճառքի վրա, ասում են, չէ  գրքի կրթության վերաբերյալ հասարակության վերաբերմունքը ավելի շատ պետական քաղաքականությամբ  է պայմանավորված:

Մեզ պետք է, որ ընթերցողը ճանաչի, թե ինչ գրքեր կան… Երբ մենք սուպերմարկետում ասում ենք՝ գիրքը դրեք վաճառքի, մենեջերը պատասխանում է՝ փող տուր, ասում ենք՝ սա գիրք է, ասում է՝ ինձ համար տարբերություն չկա, սա գիրք է, թե՝ երշիկ։  Նույնն էլի դեպ լրատվական դաշտում է։ Քանի դեռ լրատվական դաշտում կան մենջերներ, որոնք չեն տարբերում երշիկը գրքից, քանի դեռ  խանութներում կան մենեջերներ, որոնք չեն տարբերում երշիկը գրքից, քանի դեռ ունենք իշխանություն, որը նույնպես գրքի ու երշիկի տարբերությունը չի տեսնում, ուրեմն մեր հասարակությունը  խնդիր ունի։ Գերմանիայի իշխանությունը տարբերում է գիրքը երշիկից, քանի որ ավելացված արժեքի հարկը այլ ապրանքերի համար 19 տոկոս է, գրքի համար՝ 7։ Ուկրաինայում բոլոր ապրանքերինը 20 տոկոս է, գրքինը՝  0 տոկոս։

Ես անընդհատ մեր թիմի հետ վեճ ունեմ, երբ որ ուրախացած ասում են՝ էս գրքից էսքան վաճառվեց, ես հասկանում եմ, որ ինչքան շատ վաճառվեց մեր գիրքը, այնքան վնասը շատ է։ 2015 տվյալներով ասեմ ողջ տարվա ընթացքում մեկ գրքից Հայաստանում վաճառվել է միջինը 40 հատ։ Ստացվում է՝ այն գրքերի հարցում, որ ես հրատարակիչ եմ ու գումար եմ գտնում հրատարակում,  որպեսզի հեղինակի խոսքը հասցնեմ  ընթերցողին, պետք է դրանից հրատարակչությունը շահույթ քաղեր, բայց մեր բոլոր գրքերը բացի «Փոքրիկ իշխանից» եւ Ջորջ Օրուելի գրքերից, վնասաբեր են։ Որքան շատ է վաճառվում գիրքը, այնքան մենք ավելի շատ վնաս ենք ստանում։ Ենթադրենք՝ մի գրքի թարգմանությունը արժեցել է 5 հազար դոլար, մենք  այդ գրքից վաճառել ենք 40 հատ։  Տպագրական ծախսերը  չեմ հաշվում, միայն թարգմանությունը արժե 5 հազար դոլար, որը  բաժանում եմ 40-ի, ստացվում է՝ մի գիրքը մեզ վրա արժեցել է 125 դոլար, մենք վաճառում ենք 5 հազար դրամով ու վաճառվում է 40 հատ, հիմա ո՞րն է օգուտը․․․.

Բայց  շարունակում եք թարգմանել ու տպագրել նոր գրքեր, «Օտարագիր գրականություն», «Արգելված գրքեր» եւ այլ շարքեր ունեք․․․

Մեզ այդ հարցը տալիս են,  հարցնում են՝ ինչու եք անում, ես ասում եմ, որովհետեւ մեր ընթերցողներին ինքներս ենք պատրաստում։ Ափսոս, որ մշակույթի պատասխանատուները ասում են՝ իսկ ինչի ես անում։ Ես գուցե անում էի միայն էդ հարցը չլսելու համար, կարող էր չէ՞ իմ նպատակը գոնե հասկանար պետության ներկայացուցիչը, որի փոխարեն մենք ենք գործում: Քանի դեռ Հայաստանում ղեկավարում են այն անձինք, որոնք ղեկավարում են, չի լինելու մշակութային առաջընթաց ու կրթություն։ Այսօր Հայաստանի կառավարիչներից ում աչքերին նայես, որ զգաս՝ ինտելեկտ կա, կարդացել է, խոսես գրականության մասին։

Ի՞նչ աջակցություն կարող էր լինել պետության կողմից, որը չի արվում։

Խոսքը փողի մասին չէ։ Տեսեք, օրինակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը  իր ելույթի   շնորհիվ այնպես արեց, որ երեք օրվա մեջ 500 հատ գիրք վաճառվեց։ Նա Վահան Հովհաննիսյանի  «Մանդիլիոն» գիրքը երբ նվիրեց կառավարության անդամներին, երեք օրվա մեջ 500 գիրք սպառվեց։ Այսինքն՝ մի անգամ անդրադարձավ մի գրքի, ես չգիտեմ՝ ինչ պատճառով անդրադարձավ Վահան Հովհաննիսյանի գրքին, դա էական չէ, բայց դրան լրատվամիջոցները բուռն արձագանքեցին ու այդքան սպառում ունեցավ, ես չգիտեմ՝ եթե Տիգրան Սարգսյանը նվիրեր ու խոսեր գրքի մասին, այդքան բուռն կլինե՞ր լրագրողների արձագանքը, հիմա չեմ կարող ասել, բայց  փաստ էր, որ  Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ ու վաճառվեց։ 

 Ի՞նչ եք առաջարկում։

Իսկ ինչու նա ամեն անգամ չի միանում գրքի վաճառքին, ես առաջարկում եմ, որ իշխանության վերնախավը խոսի մշակույթից, թող խոսեն Թումանյանից, Իսահակյանից, Դաշտենցից, Հովհաննես Թեքգյոզյանից եւ այլն...  Թող լինի մշակութային մթնոլորտ, ոչ թե գաղջ։ Վրաստանը, որը 2003-ին մեզ զիջում էր ընթերցանության մակարդակով, այսօր 38 անգամ առաջ է մեզանից։ Պատճառն այն է, որ յուրաքանչյուր պաշտոնյա մասնակցում է գրքի, գիտելիքի պրոպագանդային։

Անկախ պետական մոտեցումից,  «Անտարեսը» հրատարակում նոր գրքեր, ակտիվորեն գովազդում է գիրքը, էսպիսի պրոյեկտներ ունեք՝  «Կարդում են հայտնիները», «Գիրք կարդալը սեքսուալ է», «Գիրք կարդալը նորաձեւ է», ֆեյսբուքյան արշավը՝ լայքերի միջոցով, դրանք ի՞նչ ազդեցություն են ունենում, առհասարակ  գովազդը նպաստո՞ւմ է ընթերցանության մակարդակի բարձրացմանը։

Իհարկե, ամեն ինչն էլ նպաստում է։ Մեր խնդիրն այն է, որ հայաստանցին մտածի՝ ուր է գնում ու հասկանա, որ ինքնակրթությամբ պիտի զբաղվի։ Բայց եթե Հովիկ Աբրահամյանը խոսի 500 անգամ մեծանալու է սպառումը։

Այո, թեեւ Հովիկ Աբրահամյանը չի կարդում, բայց Վահան Հովհաննիսյանի գիրքը կարողացավ վաճառել։ Պատկերացրեք նրա տեղը լիներ մարդ, որը շաբաթը մի գիրք է կարդում։ Կամ ինքը որոշի՝ շաբաթը մի գիրք նվիրել իր  կառավարության անդամներին, կամ Սերժ Սարգսյանը  Արտաշես Գեղամյանի շնորհանդեսի փոխարեն կամ գոնե դրանից հետո գնա գրողների գրքերի շնորհանդեսին...

Ինչ վերաբերում է  մեր քաղաքականությանը, մենք անում ենք այդ ամենը, քանի որ մենք հավատում ենք, որ մեր գրքերով, գիտելիքով զինված հայաստանցին 20 տարի հետո լինելու է ամենահարուստը: Ովքեր են էսօրվա հարուստները, Սերժ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Հովիկ Աբրահամյանը եւ այլն։ Նրանց կարողությունը մեր կարողության հետ անհամեմատելի է լինելու, մերը շաքարավազ կամ բենզին չի լինելու, այլ գիտելիք: Այս իշխանական համակարգի հակակրթական պրոցեսը շարունակվելու է, իսկ լույս չվառելը բերելու է մթին, ինչը անընդհատ տարածվելու է։ Սա կոչվում  է գաղջ մթնոլորտ, ինչի մասին  հայտարարել  է Սերժ Սարգսյանը։ Հիմա պետք է էներգիա արտադրող լինի, ՀԷԿ-եր պիտի աշխատեն, որ լույսը հաղթի մթին, թե չէ ոչինչ չանելու դեպքում  խավարն է տարածվելու ու  ընդլայնվելու։

Ես ամպագոռգոռ բաներ չեմ ասում,  իմ ու իմ մրցակիցների արդյունքը Հայաստանն է, մեր՝ հրատարակիչներիս  գործը բիզնես կդառնա էն ժամանակ, երբ որ լուսավորվի, հիմա  մենք բոլորս զբաղված ենք լուսավորչութամբ, որը մեզ համար եկամտաբեր չէ, բայց գիտելիքի անհրաժեշտությունը դեռ զգացվելու է, 20 տարի հետո գիտելիքահեն տնտեսության պահանջն է լինելու։

Երբ որ ասում են՝ էս ինչ եք ասում, էս ինչին եք հավատում, ինչ խենթություն անում, մենք էլ ենք փորձել հասկանալ շատ մտորումներից հետո ու եկել ենք այս եզրահանգման։  Եղել են չէ՞ մարդիկ, մեծահարուստներ, որ ֆինանսավորել են գիրքը գրականությունը, գիտելիքը․․․ Մանթաշովը,  Գյուլբենկյանը, Արամյանցը, Նուբար Փաշան։  Այս հայերը նավթի կապիտալը վեր են ածել մշակույթի, կրթության եւ գիտության։ Ինչ ունենք անցած դարասկզբին, ստեղծված է էս մարդկանց  աջակցությամբ։ Դրսից օրինակ բերեմ. կար Մեդիչիների ընտանիք, որոնց կապիտալի տրանսֆորմացիայի արդյունքում ստեղծած մշակույթը այսօր Իտալիային ապահովում է տարին 40-80 միլիարդ դոլար... Չէի ուզենա, որ Հայաստանն էլ երեք հարյուր տարի հետո ստանար, այլ  ավելի վաղ լիներ․․․ Կարծում եմ՝ մեր ասածն ու արածը նման է սրան:

Հայաստանի ժամանակակից գրողների մասին քիչ գիտեն, գրքերն էլ ավելի քիչ են վաճառվում։ Դա երեւաց նաեւ գրքի տոնին ընդառաջ ձեր ֆեյսբուքյան ակցիայի ժամանակ, օգտատերերի  էջերին  հիմնականում օտար հեղինակներ էին։

Այդ ակցիայի արդյունքում 50 հոգի համաշխարհային գրականությունից գրքեր  ստացան։ Հայաստանցի գրողներից՝ 50 հնարավորից 10  օգտատեր կարողացավ  հաղթահարել 500 «լայքի»շեմը, որը 100-ով պակաս էր համաշխարհայինից։ Այդ ակցիայի արդյուքնում  60 գիրք  վաստակեցին «լայքերի» միջոցով։ Մենք ավելի քան 100-հարյուր գրքի համար կիրառեցինք մեծ զեղչեր՝ 60- 50 տոկոսի չափով։

«Արգելված գրականություն»  շարքի  գրքերն ավելի շատ  են վաճառվում, բայց մենք չենք անտեսում ժամանակակից հայ հեղինակներին, տպագրում ենք նրանց գրքերը անկախ այն բանից որքան է սպառվում, ինչ հետաքրքրություն կա։

Մենք մի քանի օր առաջ հրատարակել ենք վրաստանցի հեղինակ Օթար Ճիլաձեի «Քթոցը»  վեպը, սա պետականության աղյուսների մասին մի գիրք է՝ քաղաքացին ոնց պետք է կառուցի պետականությունը։ Գլխավոր հերոսը ծնվում է ախոռում՝ քթոցում, հզորանում է, կայանում է, շրջապատ է ձեռք բերում, ազդեցության ոլորտ ունի եւ որոշում է իր պետությունը կառուցել իր հայրենիքի տեսքով ախոռ է կառուցում։ Սա գրվում է  Վրաստանում։ Պետականության էլեմենտ պարունակող ոչ մի վեպ չունի Հայաստանը ոչ մի դարում, իհարկե էպոսից չեմ խոսում, որովհետեւ Էպոսը վեպ չէ,  ոչ էլ այն վեպերից եմ խոսում, որոնք էպոսի արտապատկերումն են: Մենք չունենք որեւէ գեղարվեստական արձակ, որտեղ կա դինաստիայի նկարագրություն։ Մեր պատմութան մեջ չկա պետականաստեղծ վեպ, որտեղ լինի տոհմի նկարագրություն, որը պետականության ատրիբուտ է։ Եւ չկա պետականության աղյուսի մասին։ Էսօր հայաստանցի  ընթերցողը, հայալեզու գրականությունը ունի այսպիսի ստեղծագործություն՝ շնորհիվ Ճիլաձեի եւ Անահիտ  Բոստանջյանի փառահեղ թարգմանության։ Հայաստանցի գրողներ ո՞ւր եք, ինչու մեր պետականության համար ամենակտուալ թեման շոշափված չէ։

Գրքի արժեքն էլ է համարվում գրքի իրացման խոչընդոտներից մեկը, շատերն ասում են՝ թանկ է։ Այս  հարցում անելիք ունի՞ պետությունը, որը չի անում։ 

Ինչի՞ց է թանկ, հոսանքի, գազի վճարից թա՞նկ է: Եթե համեմատում են սովետական շրջանի հետ, որքա՞ն էր, երկու ռուբլի՞։ 2 ռուբլին 2 հարյուր  լուցկու փող էր, էսօր լուցկու արժեքը 10 դրամ է, բազմապատկեք եւ տեսեք՝  էսօր էլի միջին գիրքը ստացվում է 2 հազար դրամ։ Այլ բան, որ շատ լավ գիրքը, նաեւ էն ժամանակ՝ համաշխարհային գրականություն եւ հանրագիտարաններ, որը ձեռք էին բերում  «տակից», «ձեռքի վրայից» կրկին թանկ էր։  Անգամ սովետական միջավայրի, այդ հիմար հակամարդկային միջավայրի հետ համեմատության մեջ գիրքն այսօր թանկ չէ։ Ինչի հետ է համեմատում հայաստանցին, սրճարանից թա՞նկ է,  չէ, խաղալիքից  թա՞նկ է, կրթությունից թա՞նկ է, չէ։ Մի մասն էլ չկարդալը պայմանավորում է նրանով, որ ռուսերեն է կարդում, բայց էստեղ էլ տարբերություն կա։ Օրհան Փամուկի  «Իմ անունը կարմիր է» վեպը ռուսերեն տարբերակում 150 էջ պակասում է, դե գնացեք ռուսերենը կարդացեք, իսկ անգլերենի մեջ 50 էջ է պակասում... Ինչ շքեղ հայերեն ունենք, Ումբերտո Էկոյի վեպը թարգմանվեց ֆրանսերեն, երկրորդ լեզուն հայերենն է։ Գնացեք անգլերենը կարդացեք, կարո՞ղ եք։ Տեսեք՝ ինչ ժամանակակից հրատարակչական գործընթաց ունենք․․․

Էլեկտրոնային գիրքը կարո՞ղ է ստվերել տպագիր տարբերակը։

Դա հերքվել է ... «Ֆորբս» ամսագրում նյութ կար, որ էն մարդկանց 60 տոկոսը, որը  կարդում է  էլեկտրոնային տարբերակով գիրք, հետո գնում է  տպագիր գիրքը ու դնում իր գրադարանում։ Այսինքն՝ մարդու համար սեփականությունը պիտի շոշափելի լինի։ Ինտերնետը, մեդիան միջոց է, որ կարողանում ես ինֆորմացիան լավ տարածել։ Այսօր Վրաստանում 2-րդ հրատարակիչը տարին առնվազն 1 միլիոն գիրք է վաճառում բացի դասագրքերից։  Երբ որ սովետական միությունում Սոլժենիցին, Պաստեռնակ, Ախմատովա կամ Բուլգակով էին արգելում, սամիզդատով էր հրապարակվում, մարդիկ արտագրում էին ձեռքով կամ մեքենագրում եւ տարածում։ Հայաստանում այս հեղինակների ստեղծագործությունները հազարից ավել օրինակով բազմացվել ու տարածվել է։ Էլ չեմ ասում, որ հզոր գաղտնի գրադարանային համակարգ էր գործում։ Արգելված գրքերը ձեռագիր տարբերակով հազարից ավել էին։ Այսօր մեր միջին գիրքը վաճառվում է 40 հատ։ Այսինքն՝ 25 անգամ ավելի պակաս, քան ձեռագիրը։ Իսկ ինչի էր ձեռագրով տարածվում, որովհետեւ ցենզուրա կար։ Այսինքն՝ հիմա մեր ցենզուրան 25 անգամ ավելի սաստիկ է ու մեր ցենզուրան ոչ թե ինձ է արգելում՝ որպես հրատարակիչ  լույս ընծայել այն, այլ գաղջ մթնոլորտ ստեղծելով այնպես է անում, որ մարդը չընթերցի։ Այսինքն՝ մենք հիմա ձեռագիր, մատենագիր տեքստից ավելի քիչ քանակ ենք վաճառում տարեկան, սա խայտառակություն է։ Ու ցենզուրան սա է։ Այսինքն, եթե  միտքը, գիրը չի հասնում հասցեատիրոջը, ինչ տարբերություն ինչ մեթոդով չի հասնում․․․ ասում են՝ Հայաստանում  խոսքի ազատություն է,  բայց հասցեատիրոջը հասցնելու միջոց չկա։  Չես թողնում հասցնեմ, քանի որ այնպես ես արել,  որ լրատվամիջոցի, սուպերմարկետի համար գիրքն ու երշիկը նույն հարթության մեջ են դնում, այսինքն՝ օրենքների տեսանկյունից գիրքը երշիկի պես մի բան է։

 Ձեր նկարագրած վիճակից  ի՞նչ  ելք կա:

Պիտի հարկերը վճարենք: Դուք ստանում եք աշխատավարձ, երբ  Հայաստանում մարդկանց հարցնում են աշխատավարձի մասին, բացատրում են՝ կեղտոտն էսքան է, մաքուրը՝ էսքան, ու վաղուց չեք օգտագործել հարկ բառը, որ այսքանը աշխատավարձն է, այսքանը՝ հարկը:  Հարկը ի՞նչ է, պետությանը վճար է ծառայություն մատուցելու դիմաց: Եթե օրինակ, ուզում ես վարսահարդարի ծառայությունից  օգտվել ու չվճարել, ապա ինքը ինչ էլ անի, կլռեք, իսկ եթե վճարում ես ծառայության դիմաց, ինչ որ բան սրտովդ չանի,  իր մազերը կպոկես: Այդպես էլ պետությունն է, քանի դեռ չենք գիտակցում, որ հարկ ենք վճարում պետությանն ու դրա դիմաց չենք պահանջում իշխանությունից, պետությունից  ծառայություն այնպես, ինչպես կպահանջեիինք վճարված վարսահարդարից, ունենալու  ենք այս վիճակը, այս խնդիրները: Հիմա պատկերացրեք եթե հայաստանցիները այդքան պահանջատեր լինեին իշխանություններից, պետությունից, որքան վարդահարդարից, ինչ կլիներ.  Հայաստանը կդառնար Հայաստան:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ապրանքների դրոշմավորման համար ՀՀ...
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
Արդյոք Դավիթ Խաչատուրյանը ՔՊ-ի՝ իր նկատմամբ ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքի պատճառո՞վ է որոշել...
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
Այսպիսով` Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր` 2024 թվականի զեկույցում արձանագրել է...
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
Նախօրեին Տավուշի մարզի Կիրանց համայնքի մի խումբ բնակիչների եւ վարչապետ...
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Վերջերս հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է ԱԱԾ-ի այն քննիչը, ով քննել էր դատախազներ Աշոտ...
Ամենաշատ