Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր: Լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների եւ Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարեւոր նշանակության հենակետին: Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել: Մարտական գործողությունների ժամանակ ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու զինծառայող:
Ղարաբաղյան ուժերի գործողությունները հաջող են ընթանում նաեւ մարտագծի հարավային հատվածում: Այս ուղղությամբ դիմագրավելով հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային հարձակումներին, հարավային թեւում գործող ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ եւ 1 հետեւակի մարտական մեքենա (ՀՄՄ):
Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների՝ օգտագործելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ հրետանի, զրահատեխնիկա ու օդուժ։ 1994 թվականի հրադադարից հետո սա աննախադեպ սադրանք է Ադրբեջանի կողմից, որի ժամանակ հրթիռակոծվել են նաեւ խաղաղ բնակավայրեր, այդ թվում դպրոց։ Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 կայանքից դպրոցի հրթիռակոծության հետեւանքով մահացել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվել են:
Այս պահի դրությամբ, մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ: Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարեւելյան ուղղությամբ: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ եւ 2 տանկ:
Հայկական կողմն ունի 18 զոհ եւ մոտ 35 վիրավոր: