News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Առաջին անգամ Երեւանում հոկտեմբերի 5-8-ը տեղի է ունենալու գիտության փառատոն՝ «Երեւան գիտության փառատոն-2010» անվամբ։ Միջոցառմանը մասնակցելու են ինչպես մայրաքաղաքի գիտնականները, հետազոտողները, ուսանողները, դպրոցականները, այնպես էլ գիտատեխնիկական խմբերը, պետական եւ ոչ պետական հաստատությունները, գիտական կազմակերպություններ, որոնք ներկայացնելու են գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ոլորտում իրենց աշխատանքները:

Միջոցառման նախաձեռնող խմբի քարտուղար Մարիետա Ավետիսյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ միջոցառման հիմնական նպատակը Հայաստանի գիտական արդյունքի ցուցադրությունն է։ Մ. Ավետիսյանի խոսքով՝ փառատոնի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ցուցահանդես, որտեղ գիտական կառույցների ներկայացուցիչները ցուցադրելու են իրենց գիտական արդյունքները։

«Յուրաքանչյուր ինստիտուտ կամ դպրոց իր տաղավարում կներկայացնի իր գիտական ձեռքբերումները՝ գրքեր, ֆիլմեր, մակետներ, մոդելներ, ստենդներ, նորարարական գաղափարներ, հայտնագործություններ ու տեխնոլոգիական նմուշներ»,-ասաց Մ. Ավետիսյանը՝ նշելով, որ այս ամենի նպատակն է ցույց տալ Հայաստանի գիտության բնագավառի արժեքները եւ նորարարությունները, որոնք կարող են նաեւ կիրառական արժեք ունենալ։

«Այս փառատոնի նպատակը գիտությունը մարդկանց ավելի մոտ դարձնելն է,   որպեսզի օրինակ՝ դպրոցահասակ երեխաները ավելի ծանոթ լինեն գիտական աշխարհին»,- ասաց Մ. Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ փառատոնի շրջանակներում նախատեսվում է անցկացնել նաեւ այցելություններ թանգարաններ եւ ՀՀ առաջատար գիտական կազմակերպություններ,  հանդիպումներ հանրահայտ գիտնականների հետ, քննարկումներ, կլոր սեղաններ, գիտական արդյունքների եւ արվեստի նմուշների ցուցադրություններ եւ այլն: 

Նշենք, որ փառատոնը համակարգում է ՀՀ ԳԱԱ-ի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը։

Տեղեկացնենք, որ «Գիտության փառատոն» միջոցառումների շարքը սկիզբ է առել 2000թ-ից՝ Մեծ Բրիտանիայից եւ այնուհետեւ տարածվել մի շարք երկրներում` Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄՆ։ Դա գիտությանը նվիրված ամենամյա մի տոն է, որին  մասնակցելու հնարավորություն են ստանում հասարակության ամենալայն շերտերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ