News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարարության պաշտոնանկ եղած բարձրաստիճան պաշտոնյաները քրեական պատասխանատվության կարող էին ենթարկվել, եթե կատարած լինեին Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն. տվյալ դեպքում նման փաստեր չկան: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի ղեկավար Կորյուն Նահապետյանը՝ հավելելով, որ այդ պաշտոնանկությունները նշանակում են, որ կոնկրետ բարձրաստիճան մարդիկ թերացել են իրենց պարտականությունների կատարման մեջ եւ դրա հիման վրա կայացել է որոշում:

«Կարծում եմ` պաշտպանության նախարարությունում եւ Զինված ուժերի գլխավոր շտաբում կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ եւ դրանց արդյունքում կկայացվեն որոշումներ, որոնց հետեւանքով կարող են այլ ներկայացուցիչներ ենթարկվել պատասխանատվության»,-ասել է Նահապետյանը:

Նա նշել է, որ իր համար անկանկալ չէին այդ պաշտոնանկությունները, մինչդեռ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օրեր առաջ ՀՀԿ խորհրդի նիստից առաջ NEWS.am-ի հետ զրույցում պնդել էր, թե ռազմական ղեկավարության շրջանակում որեւէ պաշտոնանկություն չի լինելու:

«Ուզում եմ մեկ անգամ եւս հիշեցնել, որ ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմին նշանակում եւ ազատում է հանրապետության նախագահը: Ես ասում եմ` ստեղծված իրավիճակում, բնականաբար, պետք է քննարկել ու որոշում կայացնել` այն պաշտոնատար անձինք, որոնք թերացել են, կարգապահական խախտումներ են թույլ տվել, որոշակի ծառայողական պարտականություններ անբավարար են կատարել, բնական է, որ նրանք պետք է ենթարկվեն պատասխանատվության»,-ասաց Կորյուն Նահապետյանը:

ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ միայն պաշտոնանկությունները բավարար չեն, պետք է հետեւություններ անեն բոլոր ուղղություններով. «Եւ խորհրդարանական, եւ դիվանագիտական, եւ քաղաքական ուղղություններով անելիքներ կան եւ արդեն իսկ ձեռնարկվել են որոշակի քայլեր»:

Դիտարկմանը, թե շատերը պնդում են, որ վերնշյալ թերացումների պատճառով ունեցանք անդառնալի կորուստներ, Նահապետյանը պատասխանեց. «Հանրությունը պետք է հասկանա, որ սա պատերազմ է, իսկ պատերազմի ժամանակ լինում են նաեւ մարդկային կորուստներ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ նախագահի հրամանագրով բարձրաստիճան զինվորականներ են ազատվել պաշտոնից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ