News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախկին նախարար վարդան Օսկանյանի նախաձեռնությամբ ստեղծվող կուսակցությունը կկոչվի «Համախմբում»: Կուսակցության նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Մենք նախաձեռնում ենք նոր՝«Համախմբում» կուսակցության ստեղծման գործընթաց։

Այժմ պատրաստվում ենք հիմնադիր համագումարին, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք՝ օրենքով սահմանված կարգով։

Կուսակցությունը ստեղծվում է պատմական մի ժամանակահատվածում, երբ մեր երկիրը կանգնած է անվտանգության ապահովման եւ ներքին լուրջ փոփոխությունների անհրաժեշտության առաջ։

Այսօր, առավել քան երբեւէ, անհրաժեշտ է նոր՝ համախմբման պոտենցիալ ունեցող ուժ: Հասարակությունը վաղուց է հիասթափվել տարիների ընթացքում ձեւավորված քաղաքական կոնյունկտուրայից, որի միջոցով հնարավոր չի եղել Հայաստանում ձեւավորել տնտեսական ու քաղաքական արդար հարաբերություններ։ Մենք ոչ թե հերթական, այլ առանցքայի՛ն քաղաքական ուժ դառնալու հայտ ենք ներկայացնում։ Այս նոր ուժի հաղթանակը կլինի մեր հանրության հաղթանակը՝ ներքին ու արտաքին մարտահրավերներին արժանապատվորեն պատասխանելու միջոցով։

Պետք է արձանագրել, որ Խորհրդային Միության փլուզումից հետո հայտարարված բազմակուսակցական համակարգն ու շուկայական տնտեսությունը գործնականում կյանքի չկոչվեցին։ Մեր երկրում բավարար չափով չհաստատվեցին ազատ մրցակցային տնտեսական հարաբերություններ, եւ արդար ընտրական համակարգ։ Այսինքն, մեզ մոտ չստացվեց այն, ինչը հաջողվեց անել Արեւելյան Եվրոպայի ու մերձբալթյան երկրների ժողովուրդներին։ Սակայն մենք` ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի անդամներս, համոզված ենք, որ հայ ժողովուրդը, գտնվելով քրիստոնեական արժեքների ու արեւմտյան (համամարդկային) արժեհամակարգի տիրույթում, ինչպես նաեւ լինելով համաեվրոպական ընտանիքի անդամ՝ կարող է քաղաքակիրթ աշխարհում իր տեղն ու դերը զբաղեցնել։

Հարգելի՛ հայրենակիցներ,

Նոր կուսակցության անհրաժեշտությունը կար մինչեւ ապրիլյան չորսօրյա պատերազմը։ Առավել եւս՝ այդ անհրաժեշտությունը կա պատերազմից հետո, երբ շատերի համար ավելի տեսանելի դարձան բոլոր այն արատները, որոնք հարվածում են մեր երկրի անվտանգությանն ու խանգարում կայուն զարգացմանը։

Արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացումն ու այդ իրավունքի միջազգային ճանաչումը ՀՀ անվտանգության ապահովման համար անկյունաքարային են, եւ մենք բոլոր հարթություններում հետամուտ ենք լինելու այդ հարցի դրական լուծմանը։

Մենք մերժում ենք այսօրվա իրավատնտեսական եւ քաղաքական հարաբերությունները, որոնք դարձել են հարյուր հազարավոր մարդկանց համար հույսի կորստի, ունեզրկման, աղքատության եւ արտագաղթի պատճառ:

Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի անդամներս համոզված ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւս էական վերանայման կարիք ունի: Հայաստանը որակապես նոր հարաբերություններ պետք է հաստատի արտաքին աշխարհի հետ` հանդես գալով որպես ինքնուրույն, ինքնիշխան, իրավահավասար, վստահելի գործընկեր՝ առաջնորդվելով պետական շահի մշտական գիտակցմամբ, անմասն չմնալով եւ օգուտ քաղելով միջազգային կարեւոր զարգացումներից: Մենք լուրջ պոտենցիալ ենք տեսնում Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-ԱՄՆ նոր որակի հարաբերությունների զարգացման համար: Անհրաժեշտ է  տարածաշրջանային համագործակցության նոր հայեցակարգ եւ  հատկապես Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունների նշաձողի բարձրացում։

Լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ Հայաստան-Սփյուռք նոր տիպի հարաբերությունների, նոր օրակարգի ստեղծման համար:

Մենք ցանկանում ենք քաղաքական նոր բեւեռի ստեղծման միջոցով հանրությանը տալ այլընտրանքի եւ քաղաքական վիճակը փոխելու իրական հնարավորություն։ Գլոբալացվող եւ տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում մենք նոր սերնդի համար հնարավորություն պետք է ապահովենք եւ ստեղծենք բոլոր պայմանները երիտասարդների ինքնադրսեւորման համար։

Մենք բոլոր կարեւորագույն հարցերի շուրջ ներկայացնելու ենք մեր ծրագրերն ու քաղաքական պայքարի մոտեցումները։ Առաջարկելու ենք լուծումներ`  երկրի անվտանգությանն ու բանակի ամրապնդմանը, տնտեսական զարգացմանը, քաղաքական համակարգի բարեփոխմանը,  արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում։

Մենք համախմբվում ենք, որպեսզի իշխանությունը վերադարձնենք ժողովրդին եւ  Հայաստանի քաղաքացուն տանք իրատեսական ծրագրերի վրա կառուցված ապագայի տեսլական: Որպեսզի մեր հասարակությունը, նրա տնտեսական եւ քաղաքական վերնախավը, զինվորականը, բանվորը, գյուղացին, փոքր ու միջին գործարարը, պետական ծառայողը, բժիշկը, ուսուցիչը, թոշակառուն, ոստիկանը տեսնեն, թե ինչպես եւ ինչ ձեւով են իրականացվելու այդ փոփոխությունները, ինչ կշահի դրանից յուրաքանչյուր քաղաքացի եւ երկիրն ընդհանրապես:

Մենք անհիմն ու ինքնանպատակ չենք քննադատելու եւ ատելության քարոզ չենք տանելու։ Սկզբունքորեն մերժում ենք իշխանություն–ընդդիմություն հարթության մեջ ամեն ինչի բաժանումը սեւի եւ սպիտակի։  Մենք վեր ենք կանգնելու ձեւավորված այդ հարաբերություններից։ Հայաստանը մեր ընդհանուր տունն է, եւ մեր ժողովուրդն ունի միասնական շահեր։ Հայաստանը մեր տունն է, որտեղ կան ոչ թե թշնամիներ, այլ մրցակիցներ։

Առկա մարտահրավերներին դիմակայելու համար մենք պատրաստ ենք համագործակցել քաղաքական ամենատարբեր ուժերի եւ բոլոր այն  շրջանակների հետ, որոնք տեսնում են խորքային փոփոխությունների անհրաժեշտություն ու կիսում  են մեր մտահոգությունները, մեր շեշտադրումները եւ մեր նպատակը։  Մեզ պետք է իրական համախմբում, որը կլինի ոչ թե մեկ անձի կամ անձերի շուրջ, այլ հանուն գաղափարի եւ առանցքային խնդիրների լուծման:

Մեզ արդար եւ ուժեղ Հայաստան է պետք,

–որպեսզի կարողանանք ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը եւ զարգացումը,

–որպեսզի միջազգային ասպարեզում մեր երկրին հարգեն ու ընկալեն որպես ինքնուրույն միավորի,

–որպեսզի Հայաստանն առանց դաշնակիցների չմնա  միջազգային փոխհարաբերություններում, քանզի դաշնակիցներից զուրկ լինելը ոչ թե օբյեկտիվ, այլ սուբյեկտիվ հանգամանքների հետեւանք է,

–որպեսզի մարդիկ չարտագաղթեն Հայաստանից,

–որպեսզի տնտեսությունը զարգանա, ու ամեն մի քաղաքացի կարողանա արժանապատիվ կյանք ունենալ,

–որպեսզի ընտրությունների ոչ լեգիտիմության հարցն այլեւս պատմություն դառնա։

Քաղաքական լուրջ փոփոխությունները Հայաստանի ու Արցախի անվտանգության եւ հզորացման կարեւորագույն նախապայմանն են։ Ու մենք մեծ համախմբման միջոցով հասնելու ենք այդ փոփոխություններին։

Համախմբում՝ հանուն արդար եւ ուժեղ Հայաստանի կառուցման։ Սա՛ է լինելու մեր գործունեության հիմնական ուղենիշը։

Վարդան Օսկանյան (ՀՀ ԱԺ պատգամավոր)

Անդրանիկ Թեւանյան  («Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու)

Էլինար Վարդանյան (ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ)

Ստեփան Մարգարյան (ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ)

Վահե Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ պատգամավոր)

Երվանդ Բոզոյան (քաղաքագետ)

Մանվել Եղիազարյան («Արաբո» ջոկատի հիմնադիր հրամանատար)

Գեղամ Նազարյան (քաղաքագետ)

Վահան Ղույումչյան (հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ)

Ռուբեն Կարապետյան (ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)

Վահե Հախվերդյան (ռեժիսոր)

Նինա Մարգարյան (քաղաքագետ)

Վարդան Թովմասյան (գործարար)

Արտակ Բշտիկյան (քաղաքական մեկնաբան, արեւելագետ)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Սրբազանին և շարժման անդամներին երեխաները ողջունեցին փուչիկներով, մի շարք քաղաքացիներ  ժենգյալով հաց․․․
Նոր բան մտածեք. Մի քիչ դերակատար են փոխում, գնում են, ուրիշ դեմքով գալիս են. Ալեն Սիմոնյանը արտաքին հետք է տեսնում
Միակողմանի զիջում չկա, մենք սահման ենք գծում, միջազգային նորմերին…
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
Ազգը, սերունդները, փոքր երեխաները տեսնեն, որ այդպես դաստիարակվեն, որ հասկանան՝ դավաճանի․․․
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի չորսի կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել…
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Ընդդիմությանն ինչ-որ կայսրության հետ գործակցելու մեջ մեղադրելուց առաջ՝ բացեք ձեր աչքերն ու տեսեք անվերջ ստի և աղետի մեջ թաղված ձեր կայսրությունը...
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Սա նշանակում է նաև, որ անկախ նրանից՝ ով ում է ձայն տվել, կամ չի տվել, բոլոր...
Ամենաշատ