Երեւանի Հալաբյան փողոցում 63 համարի երթուղային ավտոբուսի պայթյունի պատճառով տուժած 37-ամյա հղի կնոջ ու նրա պտղի վիճակն այս պահին բավարար է: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:
«Այս պահին նրա վիճակը բավարար է, ամեն ինչ արվում է, որպեսզի վիժումը կանխվի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 37-ամյա Անուշ Եղնիկյանին ապրիլի 27-ին Երեւանի Արմենիա ԲԿ-ի Վերակենդանամցան բաժանմունքից տեղափոխել էին ծննդատուն:
Նշենք, որ նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի աջ մասին երկրորդ նստատեղում նստած մարդու մոտ:
Երեւանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի երեկոյան ավտոբուսի պայթյունի ենթադրյալ մեղավորը, նախնական տեղեկություններով, պատրաստվում էր պայթեցնել ազգականներին:
NEWS.am-ի թղթակցին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնել է, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը, քննությամբ եւ ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ եւ նախապատրաստվել է պայթեցման եղականով նրանց վնասել:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ դեպքի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, որը ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։
«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ:
Հիշեցնենք, որ թիվ 63 համարի ավտոբուսը պայթել է Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ: Կա երկու զոհ եւ 8 տուժած:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: