News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը կարծում է, որ ուսուցիչների առումով կյանքում իր բախտը բերել է: 80-ամյա հոբելյանը նշող գիտնականը, անցած ուղուն հայացք նետելով, երախտագիտությամբ է հիշում նրանց, ովքեր նպաստել են իր կայացմանը. նախ՝ ծնողներին, իսկ հետո՝ գիտնականների մի ամբողջ բույլի. Վիկտոր Համբարձումյան, Գրիգոր Գուրզադյան, Էմիլ Միրզաբեկյան, Ալեքսանդր Պրոխորով: Մանկության, ուսուցիչների, գիտական կարիերայի, ինչպես նաեւ ժամանակակից Հայաստանի արդիական մի շարք խնդիրների շուրջ իր տեսլականի մասին Ռադիկ Մարտիրոսյանը պատմել է NEWS.am-ին տված հարցազրույցում:

Մատաղիս գյուղ, «Բաքվի աշխատավոր» թերթ եւ ջրի տակ մնացած դպրոց

Ռադիկ Մարտիրոսյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղում՝ Մատաղիսում. այն գյուղում, որի մասին այսօր մշտապես նշվում է շփման գծից ստացվող հաղորդագրություններում: Նրա հայրը չի կարողանում կրթություն ստանալ. 20-րդ դարի սկզբին այդ շրջանի միակ դպրոցը Թալիշ գյուղում էր՝ Մատաղիսից 10-12 կմ հեռավորությամբ: Գրել եւ կարդալ նա սովորում է շատ ավելի ուշ՝ արդեն խորհրդային շրջանում, երբ անգրագիտության դեմ պայքարի շրջանակում դասընթացներ են կազմակերպվում:  

Հայրը բաժանորդագրվում է Բաքվում հրատարակվող երկու թերթի՝ «Կոմունիստ» (հայերեն) եւ «Բաքվի աշխատավոր» (ռուսերեն): Ռադիկ Մարտիրոսյանն ասում է՝ երկու պարբերականներն էլ միեւնույն բանն էին տպագրում, բայց հայրը մշտապես հարկադրում էր «Բաքվի աշխատավոր»-ում բարձրաձայն կարդալ այն, ինչ ինքն էլ կարող էր կարդալ «Կոմունիստ»-ում: «Պատկերացրեք՝ դա զգալի դեր խաղաց ռուսերեն ի իմիմացության հարցում»,- նշում է գիտնականը:

Մատաղիսի դպրոցը, ուր հաճախում էր Ռադիկ Մարտիրոսյանը, մի քանի գյուղի համար նախատեսված միակ տասնամյա հանրակրթական հաստատությունն էր: Հիմա այդ դպրոցի տեղում ջրամբար է:

Աստղադիտակի փակ կափարիչը կամ ինչպես Ռադիկ Մարտիրոսյանն աստղաֆիզիկոս չդարձավ

Դպրոցն ավարտելուց հետո Ռադիկ Մարտիրոսյանն ընդունվում է Երեւանի պետհամալսարանի՝ այն ժամանակ դեռեւս միասնական ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետ, իսկ որպես մասնագիտացում ընտրում է աստղաֆիզիկան:

Խոսքը 1956-57 թվականների՝ Վիկտոր Համբարձումյանի աստղային տարիների մասին է: «Այդ ժամանակ նա արդեն աշխարհահռչակ գիտնական էր, իսկ Հայաստանում երիտասարդները երազում էին գոնե տեսնել նրան: Ես լսեցի նրա դասախոսությունները, իսկ հետո գնացի աշխատելու Բյուրականի աստղադիտարանում, որտեղ իմ անմիջական ղեկավարը դարձավ Գրիգոր Գուրզադյանը: Բայց այդպես էլ աստղաֆիզիկոս չդարձա»,- հիշում է Ռադիկ Մարտիրոսյանը: Այդ ժամանակ արդեն գիտական նոր ուղղություն էր զարգանում՝ ռադիոաստղաֆիզիկան, եւ Բյուրականի աստղադիտարանում երիտասարդ Էմիլ Միրզաբեկյանը նոր բաժին է կազմավորում, ուր կանչում է նաեւ Ռադիկ Մարտիրոսյանին: Սակայն նոր ուղղության օգտին վերջնական ընտրությունն Մարտիրոսյանը կատարում է մի զավեշտալի դեպքից հետո:

Նրան հանձնարարում են հետեւել ինչ-որ միգամածության, բայց հաշվի առնելով, որ աստղադիտակի հետ աշխատելու մեծ փորձ չունի, նրան մեկ այլ՝ ավելի փորձառու աշխատակից են կցում: Վերջինն ամեն ինչ նախապատրաստում է, դիտարկումը կատարում են, ֆոտոթիթեղն ուղարկում երեւակման: Այդ տարիներին լաբորատորիան ղեկավարում էր ակադեմիկոս Բենիամին Մարգարյանը: Տեսնելով երեւակված թիթեղը՝ Բենիամին Մարգարյանը նախ ծիծաղում է, իսկ հետո Ռադիկ Մարտիրոսյանինուղարկում է ստուգելու, արդյո՞ք աստղադիտակի կափարիչը բացել են: Երեւակումից հետո թիթեղը մաքուր էր, իսկ կափարիչը, ինչպես եւ ենթադրվում էր, փակ էր մնացել:

«Դա որոշիչ դեր խաղաց մասնագիտության ընտրության հարցում, նույն օրն իսկ դիմում գրեցի եւ գնացի Միրզաբեկյանի մոտ աշխատելու»,- ժպտալով պատմում է Ռադիկ Մարտիրոսյանը:

Հետագայում Աշտարակում ստեղծվում է ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտը, որը նախ գլխավորում է Էմիլ Միրզաբեկյանը, իսկ 1980 թվականից հաստատության տնօրեն է դառնում Ռադիկ Մարտիրոսյանը՝ պաշտոնավարելով 26 տարի՝ մինչեւ 2006 թվականը: 1993 թվականից նա համատեղության կարգով Երեւանի պետհամալսարանի ռեկտորն էր, իսկ 2006-ից՝ Հայաստանի ԳԱԱ նախագահը:

Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Պրոխորովը եւ շամպայնի պարտված գրազը

Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Պրոխորովի մոտ Ռադիկ Մարտիրոսյանը սովորում է Մոսկվայում՝ ասպիրանտուրայի տարիներին:

Մի օր՝ ինչ-որ տոնի առիթով կազմակերպված երեկույթից առաջ, Պրոխորովն իր ասպիրանտներին գրազ է առաջարկում. եթե գուշակեն, թե ինքը որտեղ է ծնվել, ապա մեկ արկղ շամպայն կբերի, իսկ եթե ոչ՝ յուրաքանչյուրը մեկական շիշ կբերի: Ասպիրանտները նախ թվարկում են Ռուսաստանի գրեթե բոլոր քաղաքներն ու շրջանները, այնուհետեւ՝ բոլոր երկրները, իսկ վերջում Պրոխորովն առաջարկում է թվարկել մայրցամաքները: Ասպիրանտները թվարկում են բոլոր մայրցամաքները՝ բացառությամբ Ավստրալիայի: Իսկ Պրոխորովը, պարզվում է, ծնվել էր հենց Ավստրալիայում, բայց խորհրդային այդ ժամանակաշրջանում (խոսքը 1960-ականների մասին է) ոչ ոք չէր կարող նման բան ենթադրել: Ավելին, եթե ինչ-որ մեկն անգամ ծնվել էր ԽՍՀՄ-ի սահմաններից դուրս, այդ մասին նախընտրում էին լռել, առավել եւս՝ այդ մասին ոչ մի տեղ չէին գրում, այնպես որ ասպիրանտները չէին կարող գտնել այդ տեղեկությունը: Եվ բոլորը երեկույթին շամպայնով եկան...

Հայաստանի գիտական ներուժի եւ պաշտպանության մասին

Ռադիկ Մարտիրոսյանի կարծիքով, հատուկ մարմին է պետք, որը գիտնականների առջեւ պաշտպանության հետ կապված հստակ խնդիրներ կդնի: «Օրինակ՝ կարո՞ղ ենք ազդել անօդաչուների վրա, որպեսզի դրանք շեղվեն առաջադրված ուղեգծից»,- ասում է Ռադիկ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ պետությունն արդեն հստակ քայլեր է ձեռնարկում, մասնավորապես, ռազմարդյունաբերական համալիրի հանձնաժողով է ստեղծվում եւ դրան առընթեր խորհուրդներ՝ այդ աշխատանքը համակարգելու համար: Նա հիշեցնում է, որ գիտությանը հատկացված բյուջեի շուրջ 10%-ն ուղղվում է պաշտպանական մշակումներին: Բայց նաեւ նշում է, որ դրանք չնչին գումարներ են, եւ հարկավոր է, որպեսզի ռազմական բյուջեից եւս միջոցներ հատկացվեն պաշտպանական ոլորտի մշակումների համար:

Համընդհանուր զորակոչ՝ առանց ուսանողների համար տարկետման իրավունքի

ԳԱԱ ղեկավարի կարծիքով, այս հարցը երկու կարեւոր բաղադրիչ ունի. մի կողմից՝ զորակոչային տարիքի երիտասարդների թիվը նվազում է, բայց Հայաստանը պետք է մարտունակ բանակ ունենա՝ իր անվտանգությունն ապահովելու համար: Մյուս կողմից՝ առանց գիտության զարգացման տնտեսական զարգացումն անհնար է, գիտության ոլորտում երիտասարդ կադրերի հոսք է պետք, իսկ բանակային ծառայությունն ընդհատում է այդ գործընթացը: Այս դեպքում լուծումներ պետք է գտնվեն՝ ելնելով երկրի առաջնահերթություններից: Հնարավոր է՝ տարկետումը պահպանվի մի շարք մասնագիտությունների մասով: Ի վերջո, գիտնականի խոսքով, մի շարք երկրներ կան, որտեղ բանակից տարկետում չկա, բայց գիտությունն այնտեղ շատ լավ զարգանում է: «Այս հարցը պետք է մանրամասն քննարկել»,- ամփոփում է Ռադիկ Մարտիրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ