News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Արցախի զորամասերից մեկում մայիսի 3-ին հայտնաբերվել է երկու զինծառայողի դի:19-ամյա Կորյունը Հարությունյանի եւ Իգոր Հակոբյանի դիերի վրա բռնության հետքեր, հրազենային կամ բեկորային  վնասվածքներ չկան: Մահվան հանգամանքները պարզվում են: Կորյունը Վարդենիս քաղաքից էր, Իգորը՝ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենից: Մահացած զինծառայողների հարազատներին ասել են, որ զինծառայողներն ինչ-որ շինությունում են եղել, որի կտուրը փլուզվել է, ինչի հետեւանքով էլ նրանք մահացել են:

Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասի առաջնագծի դիրքերից մեկում թշնամու ականանետի հարվածից ծանր վիրավորում է ստացել Վանաձորի նախկին քաղաքապետ՝ 61-ամյա Անդրանիկ Հարությունյանը: Նա դիրքեր էր բարձրացել կամավորական ջոկատի կազմում, վիրավորվել է, երբ  փորձել է օգնել ընկերոջը: Նրան Մարտակերտի հոսպիտալից տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, քանի որ վիճակը ծանր է, ականանետի պայթյունից նա կորցրել է մեկ ոտքը եւ մարմնում   արկի բեկորներ կան: Նրան մեկ անգամ էլ կվիրահատեն մարմնից բեկորները հեռացնելու նպատակով:

Առաջնագծում այսօր իրավիճակը լարված է եւ ցանկացած ժամանակ ցանկացած գործողություններ կարող են լինել՝ ասել է Սեյրան Օհանյանը: Նախարարի խոսքով՝ իրենք այժմ վերլուծություններ են անում հակառակորդի հնարավոր գործողությունների վերաբերյալ: Հարցին, թե երբ է ռուսական զենքը Հայաստան հասնելու, Սեյրան Օհանյանը պատասխանել է, որ աշխատանքներ են տարվում տեմպերը արագացնելու ուղղությամբ: Նախարարն անդրադարձել է նաեւ բարձրաստիճան 3 զինվորականների պաշտոնանկություններին, ասել, որ դրանք պահի հետ կապ ունեն եւ միտված են կառավարման համակարգի բարելավմանը: Այսօր Սեյրան Օհանյանը Ազգային ժողովում դռնփակ հանդիպում է ունեցել  պատգամավորների հետ, քննարկել ապրիլյան պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակը, դրանից բխող գործողությունները:

Այսօր ձերբակալվել է Ռուսաստանում Սիզրանի նախկին ոստիկանապետի ու նրա ընտանիքի անդամների դաժան սպանության չորրորդ կասկածյալը՝ դարձյալ ադրբեջանցի: Նրան ձերբակալել են Տաջիկստանի եւ Աֆղանստանի սահմանին, իսկ հանցակիցներին ձերբակալել էին նախօրեին: Նախնական վարկածով՝ ադրբեջանցի մարդասպանները թմրանյութերի ազդեցության տակ են եղել, գիշերը մտել են Անդրեյ Գոշտայի ծնողների տուն, սպանել նախկին ոստիկանապետին, նրա ծնողներին, կնոջը, զարմուհուն, ընդ որում, սպանել են բարբարոսաբար՝ մուրճով գլխներին հարվածելով:

Դրամաշորթության կասկածանքով ձերբակալվել են analitik.am լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը եւ նրա օգնականը: Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Անի Հովհաննիսյանը պարբերաբար հանդիպել է իր հետ եւ ամսական 300 հազար դրամ պահանջել իր անձին եւ ընտանիքին վերաբերող սուտ եւ վարկաբեկիչ նյութերի  հրապարակումը դադարեցնելու համար: Պատգամավորը գումարը փոխանցել է սրճարանում՝ իրավապահների գիտությամբ, և հենց փոխանցման պահին էլ ձերբակալվել է լրատվականի ներկայացուցիչը, ավելի ուշ նաեւ՝ տնօրենը:

Դանակահարության հերթական դեպքը Գյումրիում ավարտվել է ողբերգությամբ:  Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 23-ամյա Հովհաննես Պիճիկյանը: Դեպքը տեղի է ունեցել Գյումրիի 8-րդ թաղամասի այն տարածքում, որտեղ հավաքվում են տաքսու վարորդները: Ենթադրվում է, որ «քեֆից»  դուրս գալուց հետո Հովհաննեսը վիճել է տաքսիստների հետ, դանակահարել երկուսին: Նրանց տեղափոխել են հիվանդանոց, որտեղ 50-ամյա Արթուր Չախոյանը մահացել է, իսկ 49-ամյա Աշոտ Էլոյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ժամանակավորապես դադարեցվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները: Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ «Նուբարաշենում» ստուգումները հայտնաբերել են պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահման փաստեր: Հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:

Արեւմտյան Վիրջինիա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Հռչակագիրն ընդունել է նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը, որը 2016-ի ապրիլը հայտարարել է Ցեղասպանության հիշատակի եւ կանխարգելման ամիս: Այսպիսով ամերիկյան 50 նահանգներից 44-ն արդեն ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը:

Դոլարն այսօր աննշան թանկացել է , իսկ եվրոն, ֆունտն ու ռուբլին՝ էժանացել: Ասպիսով, դոլարի փոխարժեքը կազմել է 478, եվրոյինը՝ 549, ֆունտինը՝ 693, իսկ ռուբլունը՝ 7.21 դրամ:

Երեւանում մայիսի 5-ին, երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, բայց անձրեւի հավանականությունը փոքր է: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է մինչև 14 , իսկ վաղը ցերեկը՝ մինչև 25 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ