News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը եւ Չինաստանը միջազգային թատերաբեմում ԱՄՆ-ի տեղը կզբաղեցնեն նախագահական ընտրություններին Հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում, գրում է Gazeta-ն` վկայակոչելով Financial Times-ին:

Պարբերականը նշում է, որ Թրամփը հաճախ հայտարարում է, որ   «կվերադարձնի ԱՄՆ-ի նախկին փառքը», սակայն համաշխարհային կարգի վերաբերյալ նրա հայացքները հակառակի մասին են վկայում: Դա ապացուցելու համար հոդվածի հեղինակը վերլուծում է միլիարդատիրոջ արտաքին քաղաքական հայացքները:  

Ասիայի առումով Թրամփը նախատեսել է չինական ապրանքների վրա մաքսեր մտցնել, ինչպես նաեւ վերանայել հարաբերությունները տարածաշրջանում ԱՄՆ-ի երկու ռազմավարական գործընկերների` Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի հետ: Վերլուծաբանի կարծիքով, դա հղի է վտանգավոր հետեւանքներով: Չինաստանն ի վիճակի է ավելի ագրեսիվ դառնալու, իսկ Հարավ-չինական ծովի վիճելի տարածքում իրավիճակը կարող է սրվել եւ վերաճել լուրջ հակամարտության: 

 Եվրոպայի առումով Թրամփն ուզում է ընդհանրապես ոչնչացնել մայրցամաքի անվտանգության սյուները` ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը:  Քաղաքական գործիչը բազմիցս արտահայտվել է ԵՄ-ի ամբողջականության դեմ, ինչպես նաեւ հայտնել է, որ ՆԱՏՕ-ի նկատմամբ ԱՄՆ-ի պարտավորությունները վնասում են ամերիկյան շահերին: Եթե դրան հավելենք Թրամփի համակրանքը Վլադիմիր Պուտինի նկատմամբ, ստացվում է Եվրոպայում քաղաքականությանը լիովին հեղափոխական մոտեցում, որը կարող է ԱՄՆ-ն վերադարձնել    30-ականների մեկուսացման քաղաքականությանը, գրում է FT-ն:

Բացի այդ, շարունակում է թերթը, Թրամփը կոչ է անում արգելել մահմեդականների մուտքը ԱՄՆ, ինչը կհանգեցնի երկրի դիրքերի թուլացմանը նաեւ մերձավորարեւելյան տարածաշրջանում: 

Ամփոփելով` հոդվածի հեղինակը նշում է, որ Թրամփի նախագահությունը ջախջախիչ հարված կհասցնի աշխարհում ԱՄՆ-ի կերպարին:  Հայտնի միլիարդատերը սովոր է հույս դնել բիզնեսում անկանխատեսելիության վրաը, որտեղ այդ հնարքներն իրոք գործում են, սակայն միջազգային քաղաքականության մեջ դրանք կարող են երկրին աղետի հանգեցնել: Արդյունքում միջազգային թատերաբեմում վակուում կստեղծվի, որն արագ կլցնեն   Ռուսաստանը եւ Չինաստանը, եզրափակում է FT-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ