News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանությունը «Վերջին զանգի» առթիվ հանդես էեկել կոչով, որտեղ շրջանավարտներին կոչ է անում ձեռնպահ մնալ մեքենա վարելու գայթակղությունից, հասարակական վայրերում լինել զուսպ ու հարգալից միմյանց նկատմամբ:

Կոչ-հայտարարությունում ասվում է.

«Մայիսի 27-ին մեր երկրի ավագ դպրոցներում կրկին «Վերջին զանգի» ավանդական արարողությունն է: Այս անչափ խորհրդանշական, բայց եւ ամեն անգամ նոր ու անկրկնելի տոնը միայն դպրոցականներինը չէ, բոլորինս է, ուրեմն եւ բոլորով պետք է անենք առավելագույնը, որպեսզի ոչինչ չմթագնի օրվա տոնականությունը:

Ոստիկանությունը նույնպես ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար:

«Վերջին զանգի»-ից առաջ ճանապարհային եւ համայնքային ոստիկանության ծառայողները, անչափահասների գործերով տեսուչները հանդիպումներ ու զրույցներ են ունեցել աշակերտների, մանկավարժների, ծնողների հետ, հիշեցրել տոնական օրը հասարակական կարգը, երթեւեկության անվտանգությունը, համակեցության կանոնները խստագույնս պահպանելու անհրաժեշտության մասին:

Ոստիկանությունը կրկին հիշեցնում ու կոչ է անում հատկապես շրջանավարտներին՝ ձեռնպահ մնացեք մեքենա վարելու գայթակղությունից, հասարակական վայրերում եղեք զուսպ ու հարգալից միմյանց եւ համաքաղաքացիների հանդեպ, տոնական հրավառություն կազմակերպեք միայն օրենքով սահմանված ժամերին եւ պահպանելով անվտանգության կանոնները, անվերապահորեն կատարեք ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջները:

Ծնողներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան, ուսուցիչների հետ ընկերակցեք երեխաներին զանգվածային միջոցառումների ժամանակ. ձեր ներկայությունը կբացառի պատանեկան արկածախնդրության անցանկալի հետեւանքները:

Տոնական օրվա առավոտից ոստիկանության ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են իրականացնելու հանդիսությունների ու զանգվածային միջոցառումների վայրերում: Ոստիկանությունն անելու է ամեն ինչ՝ հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար, դրսեւորելու է օրինաչափ խստություն, անհրաժեշտ պահանջկոտություն եւ անհանդուրժողականություն հասարակական կարգի ցանկացած խախտման հանդեպ՝ ակնկալելով շրջանավարտների, ծնողների, մանկավարժների, ողջ հասարակության միասնությունը, ըմբռնումն ու աջակցությունը:

Կրկին շնորհավորում ենք մեր շրջանավարտներին տոնի առթիվ եւ մաղթում բարի ճանապարհ:

Տպել
Ամենաշատ