News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Թող Ռոբերտի օրինակը վառ լինի, Ռոբերտը մեր պատմությունը հավերժացրեց, մենք դեռ շատ երկար  ենք փորձելու նմանվել նրան։ Երեւանի թիվ 147 դպրոցում «Վերջին զանգի» միջոցառմանը  շրջանավարտներին այս խոսքերով դիմեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Այն ամբողջությամբ նվիրված էր դպրոցի հերոս սան Ռոբերտ Աբաջյանին, պատերազմի օրերին նրա կատարած սխրանքներին, որոնցով դեռ ոգեւորելու են բեմում ու դահլիճում նրան փառաբանող ապագա զինվորներին։ 

Հակառակորդի  դեմ մղած անձնուրաց պայքարի պատմությունից հուզված ուսուցիչներն ու աշակերտները վերհիշում էին Ռոբերտի պատանեկան սխրանքները՝ մանկական չարաճճիությունները, թասիբի, արժանապտվության, ու  փոքր հասակում մեծ սիրո համար մղած մարտերը։ Ասում էին՝ այդ հարցերում անկոտրում էր...

«Անգլերենի ժամին գլուխ գլխի տված իր սիրած աղջկա հետ վերջին նստարանին փսփսում ու փսփսում էին, ասում էի՝ դասամիջոցին թողեք, դաս եմ բացատրում հիմա, լսեք դասը, ժպտում էր... Երբ վատ լուրը լսեցինք իր մասին, միայն էդ էի մտածում, որ հոգում մեծ սեր ունեցող մարդն է միայն ընդունակ նման մեծ անձնազոհության, որովհետեւ մեծ սերը կարող է նվիրում բերել հայրենիքին, ընտանիքին, ծնողին։ Նա սեր էր ամբողջությամբ, չարաճճի էր, բայց ամբողջությամբ սեր էր։ Էնպիսի հայացքով էր նայում վրաս,  որ կարծես ասում էր՝ մի նայեք հիմա ինձ, ես զբաղված եմ սիրով»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ռոբերտի անգլերենի ուսուցչուհի Կարինե Բաղդասարյանը։ Նա ասաց, որ անգամ տատիկի դպրոցում աշխատելը արտոնյալ չէր դարձնում Ռոբերտին, ավելին՝ տատիկի պատիվը բարձր պահելը  իր արժանապատվության հարցն է եղել։

«Երբ տեսնում էր, որ դասարանում կար մի մթնոլորտ, որը կարող էր տատիկի անվան հետ խաղար, շատ հանգիստ առանց աղմկելու, կռիվ անելու կարող էր այդ ամենը հանդարտեցնել, ու ինքնասիրությունը վիրավորված ուսուցչին կարող էր այնպես հանգստացել, որ վատ լուրը չհասներ տատիկին, որ ինչ-որ մեկը դժգոհ լիներ ու բողոքեր տատիկին, ու տատը դժգոհ տուն գնար։ Թասիբն ու արժանապատվությունը զգացել եմ դեռեւս 7-րդ դասարանից... Էդ կապույտ աչքերով որ չէր նայում ժպտալով... ոնց որ ասեր՝ հեռու մնացեք հիմա ինձանից, ես չեմ ուզում անգլերեն»։

Աշակերտ Ռոբերտի մասին խոսելիս ընկերներն ու ուսուցիչները առաջինը շեշտում էին նրա  չարաճճիություններն ու սիրո պատմությունը եւ ժպտալով փորձում վերհիշել դրանք մանրամասնությամբ... 

«Շատ չարաճճի բալիկ էր, սիրահարված... դպրոցում սիրած աղջիկ ուներ, միշտ ուշադիր, որ պետք է կողքին նստեր, միշտ հիացած նայում էր նրան...»,- պատմում է կենսաբանության ուսուցչուհի Սոֆա Ղամբարյանը։

Տատիկի ընկերուհին՝ Մանանա Սերգեեւնան, որ  նույն դպրոցում ռուսերենի ուսուցչուհի է, պատահական չի համարում, որ  հայրենիքի համար կյանքը չխնայած 19-ամյա զինվորը 8-րդ դասարանում անթերի էր գրել «Դանկոյի սիրտը» թեմայով շարադրությունը։

«Հիշում եմ՝ մի անգամ դասասենյակից դուրս եկավ տատիկը, որը իր ռուսերենի ուսուցչուհին էր, Ռոբերտի գրավորը ձեռքին ասաց՝ հլը մի տես էս «պարազիտը» ոնց է գրել շարադրությունը՝ «Դանկոյի սիրտը», մի սխալ չեմ կարողանում գտնել, որպեսզի ցածր նշանակեմ, որ չասեն՝ տատիկն է, բարձր է նշանակել։  Ի՞նչն էր հիշարժան, որ այդ շարադրության  հերոսը՝ Դանկոն, սիրտը հանում է ու լուսավորում մարդկանց մութ անտառից հանելու համար։ Այդ շարադրությունը Ռոբերտը գրել էր գերազանց եւ կյանքում էլ համոզվել, որ այդ քայլը ոչ միայն գրչով ու մտքով, այլեւ արարքով կարելի էր անել»։

Չարաճճիություններին անմասն չի մնացել նրա ավագ եղբայրը՝ Ռուբենը, որը հաճախ է կռիվների մեջ ընկել արժանապտվության ու սիրո համար մշտապես պայքար մղած կրտսեր եղբոր պատճառով։

«Ռոբերտն ավելի չար էր, քան ես, բայց  ես իմ ինչ չարություն չէր անում, որ խիստ պատժելի էր։  Իր պատճառով շատ շատ եմ կռիվների մեջ ընկել,  ինքն էլ՝ իմ պատճառով,  մեկս մյուսի հետ էինք միշտ»,- պատմում է նա։

Բոլորի հուշերում չարաճճի ու խենթ «Մոնումենտցի Կյաժը», ծառայության անցնելիս հենց առաջին օրվանից աչքի է ընկել կարգապահ ու հասուն տղամարդու վարքով, ինչի վառ ապացույցը  ապրիլյան պատերազմում հակառակորդի դեմ նրա հերոսական մարտն էր։ Ասում էին՝ նրա կարգապահ զինվոր դառնալու հարցում խորը հետք են թողել մանկավարժ տատիկի խիստ կանոնները, ինչի մասին Անահիտ Աբաջյանը հիշում էր միաժամանակ հպարտությամբ ու ցավով. «Չարաճճի, թասիբով, խելացի,պարտաճանաչ, եւ շատ լավն է եղել, եւ անկարգ։ Շատ բարկանում էի, որովհետեւ եթե ես մեղմ վերաբերվեի իրեն, ես չէի կարողանա ուրիշներին ճիշտ դաստիարակել»։

Հ.Գ Ռոբերտ Աբաջյանը զոհվել է ապրիլի 2-ի գիշերը՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված իրենց դիրքը անձնազոհաբար պաշտպանելիս: Գնդի հրամանատարի տեղակալ Ալիկ Սարգսյանը պատմել է, որ կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարած վաշտի փոքրաթիվ զինվորները ռազմական գործողությունների առաջին գիշերը մի քանի անգամ հետ են շպրտել հակառակորդի՝ իրենց բազմիցս գերազանցող ուժերին՝ անհավասար մարտում ցուցաբերելով բացառիկ մարտունակություն եւ հերոսություն:

Հակառակորդը նախ հրետակոծել էր նրանց պահպանության տակ գտնվող դիրքը, ապա գործի դրել տանկերն ու հետեւակը: Առաջին գրոհը տղաները հաջողությամբ հետ են մղել, ապա շարքից հանել են հակառակորդի մեկ տանկ եւ տապալել գրոհի երկրորդ փորձը: Ամբողջ ընթացքում վաշտը կռվել է հակառակորդի ինտենսիվ հրետակոծության տակ՝ ոչ մի քայլ չնահանջելով: Կապիտան Ուրֆանյանն ու շարքային Քյարամ Սլոյանը զոհվել են արկի պայթյունից, շարքային Անդրանիկ Զոհրաբյանը վիրավորվել է, ինչից հետո Ռոբերտ Աբաջյանն իր վրա է վերցրել դիրքի պաշտպանությունը եւ միայնակ շարունակել մարտը պատնեշի վրայով:

Երբ հակառակորդը դիտակետերը շրջանցելով՝ ներթափանցել է դիրք, Ռոբերտ Աբաջյանը վիրավորվել է, վիրավորված Անդրանիկ Զոհրաբյանին իր հետ տանելով՝ նահանջել է մինչեւ վերջին խրամախորշ, որտեղից կապ է հաստատել գումարտակի հրամանատարի հետ, նրան մարտի մասին կարեւոր տեղեկություններ հաղորդել եւ շարունակել է կրակել մինչեւ իր մոտ եղած վերջին փամփուշտը: Իսկ երբ հակառակորդը մոտեցել է, դուրս է եկել, պարզել իր մոտ մնացած միակ նռնակը՝ իբր ուզում է հանձնվել, ապա պայթեցրել է իրեն ու հակառակորդի մի քանի զինվորների:

Ռոբերտի եւ նրա զինակից ընկերոջ` Անդրանիկ Զոհրաբյանի մարմինները հակառակորդը փոխանցել է օրեր անց, երբ Կարմիր Խաչի միջնորդությամբ իրականացվել է մարմինների փոխանակում:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին հետմահու «Արցախի հերոսի» կոչում է շնորհել ապրիլյան պատերազմում զոհված, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին: Նշենք, որ առաջին անգամ է Արցախի Հանրապետության բարձրագույն պարգեւին արժանանում կրտսեր սերժանտը:

Տպել
Ամենաշատ