News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Առաջին Հանրապետության օրը: 1918-ին այդ օրը հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որը գոյատեւեց մոտ 2.5 տարի: Դա տեղի ունեցավ Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո: Մարտերում տարած հաղթանակները ոչ միայն պայմաններ ստեղծեցին հայկական պետականության վերականգնման համար, այլ նաեւ կանխեցին հայ ժողովրդի բնաջնջումը:

NEWS.am-ը ներկայացնում է գրեթե մեկդարյա վաղեմության իրադարձությունների կարճ, մոտավոր վերականգնված ժամանակագրությունը:

Ինչպես դա պատահեց:

Խախտելով 1917-ի դեկտեմբերի 5-ին Անդրկովկասյան կոմիսարիատի հետ Երզնկայում կնքած հաշտությունը՝ թուրքական իստեբլիշմենթը Արեւմտյան Հայաստանում հայերի ոչնչացմանը զուգահեռ պլանավորում էր գրավել Արեւելյան Հայաստանն ու Անդրկովկասը:

1918-ի փետրվարի 10-ին թուրքական զորքերն անցան հարձակման:

Մարտի 13-ին նրանք գրավեցին Էրզրումը, իսկ մինչեւ ապրիլի վերջը՝ Երզնկան, Սարիղամիշը եւ Կարսը:

Մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը՝ ներկայիս Գյումրին:

Հակառակորդի գերակշիռ ուժերի ճնշման տակ հայկական զորքերը նահանջեցին, նրանց հետ իրենց բնակավայրերը լքեցին հազարավոր փախստականներ, որոնց անվտանգությունն ապահովում էր Անդրանիկ Օզանյանի ջոկատը:

Անդրանիկ Օզանյան

Մայիսի 21-ին թուրքերը գրավեցին Սարդարապատի կայարանը, նույնանուն գյուղը եւ Գեչրլու՝ ներկայիս Մրգաշատ գյուղը՝ իրական վտանգ ստեղծելով Երեւանը գրավելու համար:

Հայ ժողովուրդը ծայրահեղ վիճակում հայտնվեց: Պարզ դարձավ, որ թուրքերը նպատակ են դրել գրավել երկրի կենտրոնը եւ ջարդ կազմակերպել: Հայրենիքի պաշտպանությանը ձեռնամուխ եղան տղամարդիկ եւ կանայք, հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ:

Հայկական զորքերի ընդհանուր հրամանատարությունը Սարդարապատի ուղղությամբ դրվեց գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանի վրա: Նրա տեղակալը գնդապետ Դանիել Բեկ Փիրումյանն էր: Հայկական զորամասերի թիկունքի եւ Երեւանի պաշտպանության ապահովումը դրվել էր Արամ Մանուկյանի վրա:

Դանիել Բեկ Փիրումյան

Մայիսի 22-ին 5-րդ հայկական հրաձգային գունդը՝ գնդապետ Պողոս Բեկ Փիիրումյանի հրամանատարությամբ, գեներալ Պերեկրեստովի կամավորները, գնդապետ Դոլուխանյանի հետեւակային գունդը , Իգդիրի եւ Խնուսի հետեւակային գնդերը՝ գնդապետ Սալիբեկյանի գլխավորությամբ եւ կապիտան Ամիրխանյանի հեծելազորը անցան հակահարձակման Քյորփալուի (ներկայումս՝ Էջմիածնի մարզ գ.Արշալույս) եւ Քուրդուքուլիի (ներկայումս՝ Արմավիրի մարզ, գ. Արմավիր) ուղղությամբ: Թուրքերը հետ մղվեցին 15-20 կմ:

Պողոս Բեկ Փիրումյան

Օգտվելով այն հանգամանքից, որ հայկական զորքերը դադարել են իրենց հետապնդել, թուրքական հրամանատարությունը որոշեց Բաշ Ապարան ուղարկել 9-րդ դիվիզիան էսսադ Փաշայի հրամանատարությամբ Երեւանին հյուսիսից հարվածելու եւ հայկական զորքերի թիկունք դուրս գալու նպատակով:

Հայկական հրամանատարությունը արագ Սարդարապատի ճակատից Բաշ Ապարան ուղարկեց ուժերի մի մասը՝ Դրաստամատ Կանայանի (Դրո) հրամանատարությամբ :

Դրաստամատ Կանայան

Բաշ Ապարանի մարտը տեւեց մայիսի 23-28-ը: Բաշ Ապարանի ճակատամարտը սկսվել է մայիսի 23-ին ու ավարտվել 28-ին: Մարտերի ընթացքում թուրքական զորքերը ջախջախվեցին ու հետ շպրտվեցին դեպի արեւմուտք: Հայերին մեծ օգնություն ցուցաբերեցին եզդի աշխարհազորայինները՝ Ջհանգիր աղայի հրամանատարությամբ:

Ջհանգիր աղա

 Բաշ Ապարանի մարտերին զուգահեռ՝ մայիսի 24-ին թուրքական մեկ այլ զորախումբ հարձակում սկսեց Ղարաքիլիսայի՝ ներկայիս Վանաձորի վրա:

Ղարաքիլիսայի մոտ մայիսի 25-28 տեւած մարտերի ժամանակ ջոկատի հրամանատարը Գարեգին Նժդեհն էր: 

Գարեգին Նժդեհ 

Մայիսի 24-ին գեներալ Մ. Սիլիկյանը կոչով դիմեց ժողովրդին. «Հայե՛ր, շտապեցե՛ք հայրենիքն ազատելու: Հասել է պահը, երբ յուրաքանչյուր հայ, մոռանալով իր անձնականը, հանուն մեծ գործի` հայրենիքի փրկության և իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, պիտի գործի դնի իր վերջին ճիգը` թշնամուն հարվածելու համար… Հայե՛ր, ժամանակը չէ դանդաղելու: Մինչև հիսուն տարեկան բոլոր տղամարդիկ պարտավոր են զենք վերցնելու, և ես պահանջում եմ բոլորից ներկայանալ իրենց զենքերով ու փամփուշտներով` հայրենիքի պաշտպանության համար: Հայուհինե՛ր, հիշեցե՛ք 5-րդ դարի փափկասուն տիկնանց, որոնք ոգևորեցին իրենց ամուսիններին Մեծ գործի` անմահ Վարդանի կռիվների ժամանակ, հետևեցեք նրանց օրինակներին, եթե չեք ուզում, որ Ձեր պատիվը ոտնահարվի, խրախուսեցեք նրանց ու արհամարհեցեք այն վախկոտներին, որոնք զանազան պատրվակներով խուսափում են ճակատ գնալուց… Հանուն բազմաչարչար հայ ժողովրդի ֆիզիկական գոյության, հանուն ոտնակոխ եղած ճշմարտության: Ոտքի կանգնեցեք: Դեպի գործ, դեպի սրբազան պատերազմ»…

Մովսես Սիլիկյան 

Բոլոր երեք ճակատներում թուրքերի թվաքանակը եռակի գերազանցում էր հայերին: Գեներալ Սիլիկյանը մշակել էր հակահարձակման ծրագիր:

Ստեղծվել էր հարվածային հատուկ խմբավորում՝ Կ. Հասան Փաշայանի հրամանատարությամբ, որին միացավ նաեւ մուշեցիների ջոկատը՝ Պանդուխտի (Միքայել Սերյան) հրամանատարությամբ:

Մայիսի 27-ին, շրջանցելով թուրքերին, այս խմբավորումը նրանց թիկունքից հարված հասցրեց՝ միաժամանակ հայկական հիմնական ուժերը ( 5-րդ Ղարաբաղյան գունդը) 4 հայկական հրետամարտկոցների (հրամանատար Քրիստոփոր Արարատով) փայլուն հրետանային աջակցության շնորհիվ հարձակում սկսեցին ռազմաճակատի երկայնքով: Թուրքական զորքերը չկարողացան դիմակայել հայերի հարձակմանը. կրելով մեծաթիվ կորուստներ՝ նրանք նահանջեցին Ալեքսանդրապոլ: Մարտը ավարտվեց հայերի լիակատար հաղթանակով:

Քրիստոփոր Արարատով 

Մայիսի 28-ին Հայ Ազգային խորհուրդը հայտարարեց Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: 543 տարվա ընդմիջումից հետո հայ ժողովուրդը վերականգնեց իր պետականությունը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ