News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը կարծում է, որ երեխաներին պետք է մեծացնել «բարին միշտ հաղթում է չարին» հոգեբանությամբ: Այսօր` մայիսի 29-ին, Հյուսիսային պողոտայում  NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիայի ժամանակ ասաց Լուիզա Ներսիսյանը. «Կարեւոր է երեխաների անհոգ մանկություն ապահովելը: Պետք չէ նրանց խառնել քաղաքականության թեմաներին, 21-րդ դարում ինֆորմացիոն դաշտն ավելի հասանելի է դարձել բոլորին եւ պետք է ամեն ինչ անել երեխաներին այդ ամեն ինչից զերծ պահելու համար: Երեխաների համար շատ հեքիաթներ է պետք կարդալ, պետք է իրենց հասկացնել, որ բարին ի վերջո հաղթում է: Նրանց այդ հոգեբանությամբ է պետք մեծացնել, հետո իրենք կմեծանան, կհասկանան ռեալ կյանքը»:

Դերասանուհու խոսքով` յուրաքանչյուրն իր կարողությունների չափով պետք է օգնի սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող երեխաներին.

«Եթե ինչ-որ ձեւով կարողանանք ձեռք մեկնել մեր օգնության կարիքն ունեցող երեխաներին, արդեն մեծ գործ է: Պարտադիր չէ ինչ-որ գլոբալ հարցեր լուծել, կարեւորն այն է, որ այդ ցանկությունը յուրաքանչյուրի մեջ լինի ու փորձի ինչ-որ ձեւով օգտակար լինել: Երբ մարդ մենակ չէ իր պրոբլեմների մեջ, արդեն մեծ բան է»,-ասաց նա:

Դիզայներ Դիաննա Շատվերյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ուրախ է, որ իր երեխաները մեծանում են Հայաստանում` անհոգ ու երջանիկ. «Ես ուրախ եմ, որ նրանք այստեղ են մեծանում, հանգիստ եմ նրանց համար, անգամ, եթե  գիշերը երեկոյան էլ զբոսնեն Երեւանում, ես հանգիստ կլինեմ»:

Դիաննա Շատվերյանը նշեց, որ NEWS.am-ի բարեգործական ակցիային մասնակցելով, փորձում է իր փոքրիկ օգնությունը ցույց տալ օգնության կարիք ունեցող երեխաներին.

«Հարցն այն չէ, թե ինչքանով ենք կարողանալու օգնել կարիքավոր երեխաներին, նույնիսկ փոքր օգնությունն արդեն մեծ բան է: Երբ այդ օգնությունը տեղ է հասնում, արդեն մեծ բան է երեխաների համար: Մեր երեխաներին մաղթում եմ լիարժեք ընտանիքներում առողջ ու անհոգ մանկություն»,-ասաց նա:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառում  հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

Տպել
Ամենաշատ