News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մայիսի 29-ի առավոտը հաջող ստացվեց Հայաստանի համար: Առաջին անգամ պատմության մեջ ֆուտբոլի մեր ազգային հավաքականը յոթ գոլ խփեց մրցակցին: NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանը Լոս Անջելեսից հաղորդում է, թե ինչպիսի մթնոլորտ էր խաղից առաջ եւ հետո Քալիֆորնիայի հայաշատ քաղաքում:

Հայաստանի ազգային հավաքականի ընկերական խաղը Գվատեմալայի հետ համընկավ չեմպիոնների լիգայի եզրափակչի հետ: ԱՄՆ-ում եվրոպական ֆուտբոլը դիտում են առավոտյան: Այն միֆը, թե ԱՄՆ-ում ֆուտբոլ չեն սիրում վաղուց վերացել է: Այստեղ տարեցտարի ֆուտբոլը մեծ մասայականություն է վայելում: Լոս Անջելեսի սրճարաններն ու գարեջրատները լի էին ֆուտբոլասերներով, մինչ այդ էլ՝ օրեր առաջ Վաշինգթոնի օդանավակայանի սրճարաններում Իսպանիայի գավաթի խաղն էին դիտում ուղեւորները՝ չնայած միաժամանակ ընթանում էին նաեւ բասկետբոլի խաղեր: 

Այս օրերին տարբեր քաղաքներում ամերիկյան ազգային հավաքականները պատրաստվում են  Կոպա Ամերիկա մրցաշարին: Լոս Անջելեսում է մարզվում Բրազիլիայի հավաքականը: Բնականաբար Հայաստան- Գվատեմալա խաղը հետաքրքիր էր լինելու միայն երկու ազգերի համար՝ հայերի ու գվատեմալացիների: 

Մոտ մեկ ամիս Լոս Անջելեսի հայկական հեռուստաալիքները գովազդում էին Հայաստանի ազգային հավաքականի ընկերական խաղերը Գվատեմալայի ու Սալվադորի դեմ: Հայկական գրեթե բոլոր խանութներում փակցված էին ֆուտբոլի մասին ազդարարող պաստառներ: Քալիֆորնիայի հայերը վերջին տարիներին առիթներ ունեցել էին երկրպագել հայկական ֆուտբոլը: Երկու տարի է այստեղ իր ընկերական հանդիպումները «Լոս Անջելես Գալաքսիի» հետ անցկացնում է հայկական «Շիրակ» ֆուտբոյալին ակումբը, որի նախորդ տարվա խաղում այստեղ գրեթե անշլագ է եղել:  

Լոս Անջելեսի  «Ստաբհաբ սենթեր» մարզադաշտը, որում հանդես է գալիս «Լոս Անջելես Գելեքսի» թիմը տեղավորում է 20 000 հանդիսական: Հայաստան – Գվատեմալա խաղին ներկա էր մոտ 7 հազար հանդիսական, որոնց մեծամասնությունը քաղաքի գվատեմալացիներն էին: Հայ երկրպագուների քանակը հազիվ էր անցնում հազարը: Քալիֆորնիա նահանգում ապրում է մոտ մեկ միլիոն հայ, եւ հարցին, թե ինչու էին այդքան քիչ հայեր ժամանել, շատերը պատասխանում էին, որ բոյկոտել են խաղը, քանի որ հավաքական չէր հրավիրվել Յուրա Մովսիսյանը, ով ԱՄՆ-ի հայերի շրջանում շատ հայտնի է: Շատերն էլ դա մեկնաբանում էին հավաքականի մի քանի առանցքային ֆուտբոլիստներին այլեւս չհրավիրելու փաստով: Այնուամենայնիվ, մոտ հազար հանդիսականից, ովքեր եկել էին ու անգամ ֆուտբոլի երկրպագու էլ չէին, ցանկանում էին տեսնել Հենրիխ Մխիթարյանին:

«Ստաբհաբ սենթեր» հարմարավետ մարզադաշտը գրեթե միշտ լեփ լեցուն է լինում Գալաքսիի խաղերի ժամանակ: Ասում են դա Դեվիդ Բեքհեմի շնորհիվ է, ով այստեղ խաղալով ֆուտբոլը դարձրեց սիրված մարզաձեւրից մեկը: 

Մինչ այն պահը, երբ պարզ դարձավ որ հայերը ընկերական խաղեր են անցկացնելու Գվատեմալայի ու Սալվադորի հետ, խոսակցություններ էին պտտվում, թե հնարավոր է, որ Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում անցկացնի Բրազիլիայի ընտրանու հետ, որը Լոս Անջելեսում պատրաստվում է Կոպա Ամերիկային: Թե ինչու այդ խաղը կազմակերպել չհաջողվեց, այդպես էլ պարզ չեղավ, սակայն բավական էր տեսնել Գվատեմալայի հավաքականի կազմն ու 15 րոպե դիտել նրա խաղը, որպեսզի պարզ դառնար, որ սա, մեղմ ասած, ուժեղագույն հավաքական չէ ու անգամ եվրոպական թույլ հավաքականներին հաստատ զիջում է իր կարգով: Ֆուտբոլիստների մեծ մասն անգամ ֆիզիկական կառուցվածքով կասկածներ էին թողնում՝ արդյոք ֆուտբոլիստներ են, թե ոչ:

Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց 7-1 հաշվով՝ պատմության մեջ առաջին անգամ գրանցելով այսպիսի հաշիվ: Սա նորանշանակ մարզիչ Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմի առաջին հաղթանակն էր, եթե չհաշվենք մարտին տեղի ունեցած խաղը երիտասարդական հավաքականի հետ: 

Շատերը սա կոչում են Մխիթարյան – Գվատեմալա 7-1: Ինչպես միշտ, հավաքականի ավագը գտնվում էր հիանալի մարզավիճակում եւ դարձավ հեթ-թրիքի հեղինակ: Իրենց առաջին գոլերը հավաքականի կազմում խփեցին Գեղամ Կադիմյանն ու Զավեն Բադոյանը: Մեկական գոլ էլ խփեցին Արթուր Սարկիսովն ու Էդգար Մանուչարյանը: 

Հավաքականի այս խաղը եւս մեկ անգամ ապացուցեց, որ կադրային խնդիրները թիմում շարունակվելու են: Գվատեմալային շատ թույլ հավաքականի դեմ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանությունը խաղաց բավական վատ: Վարազդատ Հարոյանի, Գաել Անդոնյանի ու Լեւոն Հայրապետյանի խաղն, այս պահի դրությամբ, ընդհանրապես չի համապատասխանում հավաքականի նվազագույն պահանջներին: ԱԱ 2018 ընտրական փուլում այպիսի խաղով դժվար կլինի ինչ-որ բանի հույս ունենալ: Շատ տխրեցրեց նաեւ դարպասապահ Արսեն Բեգլարյանի խաղը՝ բավական սխալներ ու անվստահություն: Հաշվի առնելով, որ Գեւորգ Կասպարովը այլեւս չի հրավիրվելու ազգային հավաքական, պետք է գիտակցել, որ այս պահի դրությամբ դարպասապահի դիրքը թիմի թույլ օղակներից է լինելու: Ցավալի է նաեւ հավաքականի ամենաառանցքային ֆուտբոլիստներից մեկի՝ Արաս Օզբիլիսի մարզավիճակը: «Ռայո Վալեկանոյում» խաղային պրակտիկայի բացակայությունը երեւաց այս խաղում: 

Ժամեր առաջ «Ստաբհաբ սենթեր» կայքում տեղեկություն հայտնվեց, թե Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ ընկերական հանդիպումը, որը պետք է լիներ Սալվադորի ընտրանու հետ հունիսի 2-ին, չեղյալ է համարվել: Եթե խաղը տեղի չունենա, կստացվի, որ Հայաստանի ազգային հավաքականը կտրելով օվկիանոսը, հասել է աշխարհի մյուս ծայրը, որպեսի ընկերական հանդիպում անցկացնի Գվատեմալայի հետ: Այն դեպքում, որ միլիոնանոց համայնք ունեցող հայությունից մոտ հազար մարդ էր ներկա խաղին: 

Կստացվի, որ ավելի լավ կլիներ խաղալ եվրոպական որեւէ թիմի հետ, Հայաստանին ավելի մոտ, ուր Հայաստանի երկրպագուները նույնպես կկարողանային գալ դիտել, խաղը կլիներ ոչ թե առավոտյան յոթին ու շատերը կդիտեին ուղիղ եթերով, իսկ մրցակիցն էլ չէր լինի Գվատեմալան, այլ ավելի արժանի մրցակից: 

Վաղուց գաղտնիք չէ, որ իրական ուժերն իմանալու համար ուժեղ մրցակցի հետ է պետք պայքարել: Մյուս կողմից էլ այս խաղը տոն դարձավ այն ամերիկահայերի համար, որոնք եկել էին այն դիտելու: Շատերի խոսքով, այն ամենը ինչը կապ ունի Հայաստանի հետ, իրենց համար այստեղ մեծ տոն է: Իսկ մյուս երկրպագուների համար այս խաղը դեռ ոչ մի հարցի պատասխան չտվեց, բացի այն որ Մխիթարյանը լավագույնն է հավաքականում: Բացակա ֆուտբոլիստների փոխարինման հարցը, պաշտպանության խնդիրները եւ շատ այլ հարցերի պատասխաններ երեւի ավելի պարզ կլինեն շուտով, երբ ազգային հավաքականը կանցկացնի իր առաջին խաղը ԱԱ-ի շրջանակներում Դանիայի հետ: Իսկ մինչ այդ վայելենք մեր հավաքականի առաջին հաղթանակը 2014 մայիսից ի վեր: 

P.S. Ի դեպ բոլոր այն երկրպագուները, որոնք դժգոհում են, որ Հանրապետական մարզադաշտում խաղից առաջ միշտ հնչում են հայկական պարային երգեր կամ Ինգա եւ Անուշ Արշակյանների երգը չի փոխվում, ասեմ, որ Լոս Անջելեսում այս հարցով տարբերվում էին Երեւանի կազմակերպիչներից: Այստեղ հնչում էին Լիլիթ Հովհաննիսյանի երգերը…

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ