Երեւանում մայիսի 13-ի գիշերը «Բրավո» տաքսի ծառայության ընկերության տնօրենի տան վրա ավազակային հարձակում կատարելու հետեւանքով տարբեր վնասվածքներով Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 57-ամյա Լեւոն Ավետիսանի վիճակն արդեն կայուն է, նա Վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում մայիսի 13-ի գիշերը «Բրավո» տաքսի ծառայության ընկերության տնօրենի տան վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել: Ավազակային հարձակման մեջ կասկածվում են Հրաչյան ու Էդգարը: Հրաչյա Ֆալանջյանը ավազակային հարձակման ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով մահացել է, Էդգարը կալանավորված է:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Հրաչյա Ֆալանջյանը ոստիկան է եղել. նրա նկատմամբ մայիսի 1-ին, կարգապահական կոպիտ խախտման համար նշանակվել էր ծառայողական քննություն, որի արդյունքներով նա ազատվել էր աշխատանքից:
Ըստ ոստիկանության՝ ավազակային հարձակման նպատակով Հրաչյան ու Էդգարը լոգարանի պատուհանից մտել են Դոդոխյան 24 տուն, որտեղ հանդիպելով բնակարանատերերի դիմադրությանը՝ ատրճանակի ու դանակի գործադրմամբ հրազենային ու ծակած-կտրած վնասվածքներ են պատճառել նրանց:
Ավազակային հարձակում գործածները նույնպես վնասվածքներ են ստացել, ինչի հետեւանքով Հրաչյա Ֆալանջյանը մահացել է, իսկ Էդգար Մանուկյանը կալանավորվել:
Տանտերերը դիմադրություն են ցույց տվել ու կարողացել են վնասազերծել նրանց, ինչի հետեւանքով Ֆալանջյանը մահացել է, իսկ 57-ամյա Լեւոն Ավետիսանը, նրա տղան՝ 17-ամյա Դավիթ Ավետիսյանը եւ նրանց փեսան՝ 32-ամյա Սամվել Հարությունյանը տեղափոխվել են հիվանդանոց: Հիվանդանոց է տեղափոխվել նաեւ ավազակային հարձակման մեջ կասկածվող 25-ամյա Էդգար Մկրտչյանը: