News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Երրորդմասցի Լյովիկի» եւ երկու ընկերների սպանության գործով դատական նիստին այսօր՝ մայիսի 31-ին, հարցաքննվեց գործով վկաներից Վահագն Մնացականյանը, որը «Երրորդմասցի Լյովիկի» սպանության օրը Էրեբունիից իր մեքենայով «կասկածելի երեք երիտասարդի» մեքենայով տեղափոխել էր Նոր Նորք: Վկան պատմեց, որ աշխատել է Էրեբունիում գործող ավտովերանորոգման ընկերությունում, այդ օրն էլ սովորականի նման աշխատանքի է գնացել, կեսօրից հետո երեք երիտասարդ են մոտեցել իրեն եւ խնդրել  մեքենայով իրենց հասցնել Էրեբունիի հիվանդանոց` նշելով, որ ընկերներից մեկը վատ է զգում իրեն:

«Նայեցի` իրոք գունատ էր, քրտնած, մի փոքր առաջ թեքված, ձեռքը կրծքավանդակի ձախ կողմում դրած, որոշեցի օգնել: Նրանք բոլորն էլ քրտնած ու գունատ էին: Նստեցինք, երբ գնում էինք ու արդեն պետք է ձախ թեքվեինք` հիվանդանոց, խնդրեցին, որ աջով գնամ, թեքվեցի ու քշեցի մինչեւ  Մասիվ, «Մերսեդեսի» խանութի մոտ նրանք իջան: Այդ ընթացքում որեւէ զանգ չի եղել, ինձ չեն սպառնացել, իջնելուց որպես շնորհակալություն 10 հազար դրամ գումար են տվել, կասկածելի որեւիցե բան չեմ նկատել»,-պատմեց վկան` նշելով, որ մանրամասներ չի հիշում:

Վկայի խոսքով, երբ երեք երիտասարդներին իջեցրել եւ վերադարձել է Էրեբունի, իրեն այնտեղ ոստիկաններն են սպասել, տարել են բաժին, հարցաքննել են, այնուհետեւ ինքը ոստիկաններին ցույց է տվել այն ճանապարհը, որով երեք երիտասարդներին հասցրել է Նոր Նորք.«Էդ օրն ամբողջ օրը ոստիկանությունում մնացի, հետո բաց թողեցին, գնացի տուն, մի քանի օր էլի զանգում կանչում էին, հարցաքննում, լիքը լուսանկարներն են ցույց տվել, մարդկանց եմ նայել, նրանց միջից միայն մեկին եմ ճանաչել, ում տարել էի Մասիվ»,-ասաց վկան:

Մեղադրողը միջնորդություն ներկայացրեց վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակելու` նշելով, որ նրա ասածների ու նախաքննական ցուցմունքների մեջ էական հակասություններ կան, դատարանը միջնորդությունը բավարարեց:

Վկան իր նախաքննական միջնորդությունում մանրամասն նկարագրել էր` որտեղից են երեք երիտասարդները նստել իր մեքենան, ինչ են հագած եղել, մեքենայում ով որտեղ է նստած եղել, ինչ են խոսել: Ըստ նրա նախաքննական ցուցմունքի` երբ երիտասարդները «փոշմանել են» եւ խնդրել են հիվանդանոց չգնալ եւ թեքվել աջ, իր մոտ կասկածներ են առաջացել. «Ես սկսեցի կասկածել, նրանք բոլորը սեւ «կապիշոնով» սվիտերներ էին հագած, խառնված էին, անընդհատ նայում էին կողքերը: Իրեն վատ զգացող երիտասարդն էր միայն խոսում ինձ հետ, երբ այդ ընթացքում հեռախոսիս զանգ եկավ, նա ինձ խնդրեց, որ չպատասխանեմ, բայց երբ պատասխանեցի` անհանգստացած խնդրեց, որ չասեմ, թե որտեղ ենք: Մասիվի ճանապարհին տաքսի էր գնում մեր դիմացից, նրանց միջից բոյով երիտասարդը, որը նստած էր հետեւի նստարանի աջ մասում, ասաց, որ լույսերով կանգնեցնեմ այն, սակայն, իրեն վատ զգացողը ասաց, որ պետք չի, շուտով իջնելու են: Ես հասկացա, որ նրանք խառնված են, անգամ չգիտեն, թե ուր են գնալու: Նրանցից երրորդը ընդհանրապես չէր խոսում»:

Նախաքննական ցուցմունքում վկան նաեւ մանրամասն նկարագրել էր երեք երիտասարդներին. «Բոլորը սեւ «կապիշոնով» սվիտերներ էին հագած ու պլաշներ: Այն երիտասարդը, որը վատ էր զգում իրեն ու մեքենայի մեջ իմ կողքին էր նստել` միջահասակ էր, թիկնեղ, դեմքը կլորավուն, այտերը քիչ արտահայտված, մաշկը ցորենամորթ, սեւ աչքերով, սափրված չէր, արտահայտված հոնքեր ուներ: Հետեւում նստած անձը նիհար էր, կարճահասակ, չսափրված, դեմքի նկարագիրը չեմ հիշում, խոսակցություններին չէր մասնակցում, միայն հիշում եմ, որ սեւ սվիտեր կար հագին: Հետեւի նստատեղին նստածը բարձրահասակ էր, բաց մաշկի գույնով, կանաչ աչքերով, ծնոտի մոտ սպի ուներ, կարճ ու նեղ սանրվածքով էր: Հետագայում իմացա, որ  նրանք «Տլեն», «Ծգլը» եւ «Գաստիկն» էին»:

Դատարանի դահլիճում գտնվող սպանված «Երրորդմասցի Լյովիկի» հայրը, որին դուր չեկավ, որ ամբաստանյալների փաստաբաններից Լուսինե Սահակյանը նստել էր ամաստանյալներից մեկի կողքին, նստած տեղից նկատողություններ ու մեկնաբանություններ հնչեցրեց Լուսինե Սահակյանի հասցեին։ Միջադեպից հետո փաստաբանը հրաժարվեց մասնակցել դատական նիստին` մինչեւ Լեւոն Ղազարյանի հորը դատական նիստերի դահլիճից դատարանը չհեռացնի: Սակայն դատավորը, նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառելու փոխարեն, «հարգեց տարեց մարդու սպիտակ մազերը» եւ թույլ տվեց մասնակցել դատական նիստին: Ամբաստանյալների պաշտպանները հեռացան դատական նիստերի դահլիճից:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 7-ին:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումից հետո ամբաստանյալները հրաժարվել են որեւէ հարցի պատասխանել` նշելով միայն, որ մեղավոր չեն:

Դատական նիստին վկաներից ոչ ոք չէր ներկայացել: Հինգ- վեց վկաներից միայն մեկը հեռախոսով հայտնել էր, որ ընկել է, վնասել աչքը եւ այժմ գտնվում է հիվանդանոցում:

Գործով վկաները 57-ն են:

Ըստ մեղադրական եզրակացության` 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը  եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ