News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մոտ 400 տարի առաջ՝ 1623-ին, Ավետիս Զիլդջյանը Ստամբուլում հիմնել է ծնծղայի արտադրության ընկերություն:

Այս 4 դարերի ընթացքում կայսրություններ են կործանվել, տնտեսական ճգնաժամներ են եկել ու անցել, Երկու համաշխարհային պատերազմներ են եղել, բայց այդ ընկերությունը առայսօր գոյություն ունի, այն տեղափոխվել է օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ ու հիմա այն ղեկավարում են ընտանիքի 14-րդ սերնդի ներկայացուցիչները՝ Քրեյգի ու Դեբի Զիլդջյան քույրերը: Այսպես է սկսվում BBC-ի ծավալուն ռեպորտաժը՝ նվիրված Զիլդջյանների ընկերության գաղտնիքներին: 

Այսօր ընկերությունը վերահսկում է ծնծղայի համաշխարհային շուկայի 65 տոկոսը ու անցած տարի ավելի քան 50 մլն դոլար եկամուտ է ունեցել:

Բայց Զիլդջյանների համար սա ավելին է, քան պարզապես բիզնեսը:

Երբ Մասաչուսեթսում շրջում ես Զիլջյանների գործարանի սրահներում, ասես երաժշտության պատմության էջերով ես շրջայց կատարում:

Պատերին փակցված են Ռինգո Սթարի, Ռոյ Հեյնզի, Բադի Ռիչի նման հանրահայտ թմբկահարների լուսանկարները:

Այսօր էլ ժամանակակից երաժշտական ոճերի թմբկահարները հաճախ գալիս են Զիլջյանների մոտ՝ ծանոթանալու ու փորձելու ծնծղաների վերջին մոդելները: Այստեղ նույնիսկ հատուկ սենյակ կա, որտեղ հնարավոր է վերարտադրել համերգային հնչողությունը: Բայցեւայնպես երաժշտական ինդուստրիան շատ փոփոխական է ու միշտ զարգացում է ապրում:

Այդ դեպքում ո՞րն է Զիլջյանների գաղտնիքը, ինչպես է նրանց հաջողվել արդեն գրեթե չորս հարյուրամյակ պահպանել իրենց բիզնեսը, հարցադրում է անում հեղինակը:

Այդ գաղտնիքներից մեկը, որը խստորեն պահպանվում է, արտադրական տեխնոլոգիան է: Պղնձի, անագի ու արծաթի հատուկ խառնուրդ, որը Զիլջյան ծնծղաներին հաղորդում է դրանց աշխարհահռչակ հնչողությունը

Այդ խառնուրդի համամասնության գաղտնիքը Ավետիս Զիլջյանը իր հետ Թուրքիայից է բերել ու սերնդեսերունդ փոխանցել:

Այն սենյակը, որտեղ պատրաստվում է խառնուրդը, շատ քիչ մարդիկ կարող են մուտք ունենալ՝ նույնիսկ ընկերության հետազոտությունների ու զարգացման բաժնի ղեկավարը չգիտի, թե ինչ է պարունակում այդ խառնուրդը:

Քրեյգիին ու Դեբիին այդ գաղտնիքը վստահել են միայն երբ նրանք 30-ն անց հասուն կանայք էին ու հասցրել էին իրենց մեծ ավանդն ունենալ ընկերության գործերում: Նրանք էլ իրենց հերթին որոշել են այդ գաղտնիքը իրենց դստրերին միայն մի քանի տարի հետո հայտնել:

Այս առասպելական տեխնոլոգիայից բացի կան նաեւ այլ հնարքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ Զիլջյանները կարողացել են պահպանել ու զարգացնել իրենց բիզնեսը: Ընտանիքի բոլոր այն անդամները, որոնք ընկերությունում աշխատելու ցանկություն ունեն, պետք է նախեւառաջ բարձրագույն կրթություն ստանան՝ նախընտրելի է բիզնես մասնագիտացումով: Չնայած դիպլոմն էլ բավական չէ միանգամից աշխատանքի ընդունվելու համար: Նրանք նախ պետք է աշխատանքի փորձ ձեռք բերեն որեւէ այլ ձեռնարկությունում, իսկ երբ ի վերջո ընդունվում են աշխատանքի՝ պետք է խստորեն հետեւեն ընտանեկան բիզնեսի կանոններն ու գիտակցեն, որ գործերի մասին երբեք չի կարելի ուրիշներին պատմել: Զիլջյան քույրերը մեկ այլ հետաքրքիր կանոն էլ ունեն, որի մասին ծիծաղելով են պատմում՝ նրանք երբեք իրենց ամուսիններին չեն ներառել իրենց ընտանեկան բիզնեսում:

Ընտանեկան բիզնեսի համար ԱՄՆ թերեւս իդեալական միջավայր է: Այնտեղ հիմա ավելի քան 20 մլն ընտանեկան բիզնես կա, որոնք տարեկան 5.9 տրլ դոլարի եկամուտ են ապահովում ԱՄՆ տնտեսության համար ու աշխատատեղերով ապահովում ամերիկյան աշխատուժի կեսից շատին: Չնայած այս տվյալներին՝ ոչ բոլոր ընտանեկան բիզնեսներին՝ կամ եթե ավելի ստույգ՝ միայն 16 տոկոսին է հաջողվում գոյատեւել մեկ սերնդից ավել: Ըստ Քրեյգի Զիլջյանի՝ ընտանեկան բիզնեսի առանձնահատկությունն այն է, որ դու կարող ես երկարաժամկետ լուծումներ գտնել: «Դու պարտավոր չես հարմարվել շուկայի պահանջներին»: Ավելի կարեւոր է հեղինակություն ու լավ համբավ ձեռք բերելը, ինչը ժամանակի ընթացքում իր օգուտը կտա:

Գուցե հենց դա է պատճառը, որ Զիլջյանների պատրաստած ծնծղաները կարողացել են գոհացնել բոլորին՝ Օսմանյան սուլթաններից սկսած մինչեւ առասպելական Բիթլները:

«Մեր անունը՝ Զիլջյան, նշանակում է ծնծղա պատրաստողի որդի: Այնպես որ մենք հենց դա էլ անում ենք՝ համապատասխանում ենք մեր անվան նշանակությանը» - համեստորեն ասում են Զիլջյան քույրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ