NEWS.am-ը շարունակում է ռեպորտաժների շարքը Ֆրանսիայից, որտեղ մեկ ամիս ընթանալու է «Եվրո 2016»-ը: Առաջին մեկ շաբաթը մենք ձեզ ներկայացրինք ֆուտբոլային անցուդարձը Փարիզից: Այսօրվանից տեղափոխվում ենք Նիս, որտեղ այսօր խաղալու են Իսպանիայի ու Թուրքիայի հավաքականները: Բոլոր այն երջանիկները, որոնք հասցրել էին գնացքի տոմսերը նախօրոք գնել, մեծ գումար էին խնայել, վերջին օրերին արագընթաց գնացքի (TGV) տոմսերը ամենաանհարմար ժամերին սկսվում էին հարյուր եվրոյից: Բայց Լազուրյան ափը միշտ էl պահանջված է, այդ իսկ պատճառով գնացքները, ինքնաթիռները դատարկ չեն մեկնում:
Նիսում եղել եմ անցյալ տարի, երբ Հայաստանի ազգային հավաքականը խաղում էր Ֆրանսիայի հետ: Վերադառնում էի կարծես, հարազատ վայրեր: Մենք բոլորս, երեւի թե, մեծացել ենք ֆրանսիական դասական գրականություն կարդալով, Դյումայի ու Հյուգոյի ամեն գրքի էջի հետ պատկերացրել այս երկիրը: Երբ Ֆրանսիայում ապստամբություններ էին, պատերազմներ կամ ռեֆորմներ, էպիկենտրոնը Փարիզն էր լինում, հետո ալիքը տարածվում էր մյուս քաղաքներով: «Եվրո-2016»-ում կարծես հակառակն է: Փարիզում առաջին շաբաթը ամեն ինչ շատ հանդարտ ու խաղաղ անցավ՝ ոչ մի բախում երկրպագուների միջեւ, ոչ մի բախում ոստիկանության հետ, իսկ ահա մյուս քաղաքներում կրքերը թեժ էին:
Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ
Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ
Ի դեպ հյուսիսիռլանդացիներն այս առաջնությունում ամենից անհաջողակն են: Երեկ Լիլում խաղի ժամանակ մահացավ նրանց եւս մեկ երկրպագու: 64-ամյա ֆուտբոլասերը սրտի կաթված էր ստացել խաղի ժամանակ: Իսկ այսօր արդեն Նիսը լի է իսպանացի ու թուրք երկրպագուներով: Նրանց թիմերը «Ալյանս Ռիվիերայում» այսօր պետք է որոշեն ուժեղագույնին: Նիսը Իսպանիայից այդքան էլ հեռու չի գտնվում, եւ իսպանացիների թիվը զգալի է: Թուրքերն էլ, ինչպես գիտեք, բավականին շատ են Ֆրանսիայում՝ այդ թվում եւ Նիսում: Երեկ Նիսում հանգիստ էր: Եղանակը ցուրտը, անձրեւային, այդ պատճառով է ֆան գոտին փակ էր:Հարուստ զբոսաշրջիկների սիրելի վայր Նիս քաղաքն այս առումով աչքի է ընկել: Ամենից հետաքրքիրն այն է, որ այստեղ թեեւ չեն խաղացել Անգլիայի ու Ռուսաստանի թիմերը, միեւնույն է տեղի են ունեցել այդ երկրպագուների բախումներ: Ամենից թեժ օրը Նիսը տեսել է Լեհաստան-Հյուսիսային Իռլանդիա խաղից առաջ, երբ երկու թիմերի երկրպագուները թեժ ծեծկռտուքներ են սարքել քաղաքի կենտրոնում: Այդ ոչ այդքան հաճելի տեսարաններով ողողված է youtube-ը: Հենց այստեղ էլ՝ Նիսում, տեղի է ունեցել «Եվրո 2016»-ի մահվան ելքով առաջին պատահարը: Իռլանդացի 24-ամյա երկրպագուն ծովափին մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել ու մահացել: Ասում են՝ հարբած է եղել:
Ես, իհարկե առաջին հերթին շտապեցի Մասենա հրապարակ, որտեղ տեղադրված է ֆան գոտին: Այն, իհարկե, համեմատվել չի կարող փարիզյան ֆան գոտու հետ իր չափերով, բայց գտնվում է քաղաքի գլխավոր հրապարակում: Այն փակ էր ու ֆուտբոլ դիտելու միակ տարբերակը սրճարաններն էին, որոնք լիքն են ամբողջ Նիսում: Հին քաղաքի բոլոր սրճարաններում դիտում էին Գերմանիա – Լեհաստան հիասթափեցնող խաղը: Այս անգամ Գերմանիայի մարզիչ Յոահիմ Լյովը ոչ մի արտասովոր բան չմոգոնեց, թիմերն էլ գոլազուրկ խաղ ցուցադրեցին:
Այս «Եվրոն» աչքի է ընկնում քիչ գոլերով: Դրա պատճառներից մեկը այն է, որ առաջվա պես ոչ թե երկու թիմ են դուրս գալու խմբից, այլ նաեւ երրորդ թիմերն էլ ունեն հնարավորություն: Շատերի համար այս նորարարությունը առաջընթացի հետ է ասոցացվում, իսկ իմ կարծիքով ֆուտբոլը դրանից միայն տուժում է: Ֆուտբոլասերի համար ամենից կարեւորը գեղեցիկ ֆուտբոլ դիտելն է: Իսկ Ֆրանսիա ժամանած ֆուտբոլասերների համար, իհարկե սեփական հավաքականի մասնակցությամբ ուրախանալը ու Ֆրանսիայի գեղեցկությունը մի լավ վայելելը: Իսկ այն բոլոր երկրպագուների անունից, որոնք բավականին երկար սպասում էին այս մրցաշարին, ասում եմ՝ ֆուտբոլ ենք ուզում...
Նշենք, որ Եվրո 2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորն է UCOM ընկերությունը:
Վերա Մարտիրոսյան Նիսից