Ագրեսիվ ադրբեջանական պետությունից ցանկացած պահի կարելի է ինչ ասես սպասել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց գեներալ-լեյտենանտ, արցախյան պատերազմի մասնակից Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Նրա խոսքով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերում ոչ մի անգամ չասվեց, որ ադրբեջանական կողմն է հարձակվել: «Այսօր հարկավոր է վերանայել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը, որոնց մասին Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը խոսում է Ադրբեջանի նախագահը: Նրանք ասում են. «Դուրս բերեք Հայաստանի Զինված ուժերը»: Բայց այնտեղ Հայաստանի ուժեր չկան, այնտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուժերն են»,- ասաց Տեր-Գրիգորյանցը:
Ադրբեջանը, ըստ գեներալ-լեյտենանտի, զինում է ահաբեկչական բանակը. «Նրանք ահաբեկչությամբ են զբաղվում, սատարում են «Իսլամական պետություն» խմբավորումը: Նրանք Սիրիայից իսլամականների են ներգրավում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որեւէ միջոց չի ձեռնարկում ագրեսորի եւ ահաբեկչական պետության նկատմամբ»:
Նորատ Տեր-Գրիգորյանցը կարծում է, որ ադրբեջանական կողմը մարտով հետախուզություն կատարեց, իմացավ, թե որոնք են հայկական բանակի թույլ կամ ուժեղ կողմերը: «Բայց նրանք լավ դիմակայության հանդիպեցին, տեսան, որ մեր զինվորականները պատրաստ են ամեն ինչի: Այո, նրանք 800 հեկտար տարածք վերցրեցին, քանի որ ներխուժեցին բնակավայրեր եւ սպանեցին քաղաքացիական բնակչությանը: Չնայած Ալիեւը հայտարարեց, որ իրենք քաղաքացիական անձանց ձեռք չեն տվել, բայց խաբեց: Նա համաշխարհային մասշտաբի խաբեբա է»,- ընդգծեց գեներալ-լեյտենանտը:
Նրա խոսքով, Ռուսաստանի նախագահը նույն շարքի վրա դրեց ագրեսորին եւ զոհին: «Հարկավոր էր ագրեսորին ասել. դադարեցրեք անկախ պետության նկատմամբ ագրեսիվ գործողությունները: Մեր բանակը ցույց տվեց, որ պատրաստված է, կրթված եւ հոգեբանորեն հավատարիմ: Բայց ինձ համար վիրավորական է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ-ն անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում ագրեսորի նկատմամբ, չէ՞ որ նա ՄԱԿ-ի Կանոնադրությունը խախտելով՝ զենք է ճոճում»,- հավելեց Նորատ Տեր-Գրիգորյանցը: