Լեռնային Ղարաբաղը, բնականաբար, չի վերադառնա Ադրբեջանի կազմ. այդ մասին խոսք անգամ լինել չի կարող: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսաստանցի քղաքագետ Ալեքսանդր Սկակովը:
Նրա խոսքով, հասկանալի է, որ ռազմական գործողությունների վերսկսումը վատագույն սցենարն է ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Եվրամիության, ե՛ւ ԱՄՆ-ի համար:
«Այդ պատճառով նրանք ձգտում են դա թույլ չտալ: Բայց, ըստ էության, Սանկտ Պետերբուրգի, ինչպես եւ Վիեննայի հանդիպմանը, միայն ոչինչ չպարտավորեցնող հայտարարություններ եղան, խոսքեր, որոնց մենք հետեւում ենք ավելի քան մեկ տարի, եւ որոնք կարող են հեշտությամբ մոռացվել: Այդ պատճառով քանի դեռ պարտավորեցնող հայտարարություններ եւ որոշումներ չկան, ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ իրական արդյունքներ չեն լինի»,- նշեց Ալեքսանդր Սկակովը:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացավ Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Հանդիպման արդյունքներով նախագահների համատեղ հայտարարություն ընդունվեց: