Գերմանական Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո թուրքական հեռուստաալիքը դադարեցրել է Գերմանիայի Հանրային հեռուստատեսության՝ ZDF-ի հետ համագործակցությունը:
Kanal D-ն այլեւս չի հեռարձակելու ZDF-ի մանկական լուրերի թողարկումը՝ Բունդեսթագի բանաձեւի ընդունումից հետո հեռուստադիտողներից ստացած բազմաթիվ բողոքների պատճառով: Այս մասին հաղորդում է dpa-ը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ էր ընդունել, որում հայտարարում է, որ խոնարհվում է հայերի եւ Օսմանյան կայսրության քրիստոնյա մյուս ժողովուրդների առջեւ, որոնք 101 տարի առաջ տեղահանության եւ կոտորածի են ենթարկվել:
Բանաձեւում նաեւ ափսոսանք է արտահայտվում, որ Գերմանիայի կառավարությունը ժամանակին ոչ մի քայլ չի ձեռնարկել՝ մարդկության դեմ հանցագործությունը կանխելու համար, որի համար Բունդեսթագը պատասխանատու է ճանաչում նաեւ Գերմանիային: