News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահն ապրիլյան պատերազմով փորձ արեց երկարաձգել իր կոռումպացված իշխանությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակ Միքայել Մելքումյանը ԵԽԽՎ նիստում։

Ստորեւ ներկայացնում ենք նրա ելույթը.

«Ապրիլի սկզբին Ադրբեջանի ղեկավարությունը պատերազմական գործողություններ սկսեց ԼՂՀ եւ Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով: Գործի դրվեցին կործանարար նշանակության բազմաթիվ սպառազինություններ եւ զենքի տեսակներ, տանկեր, անօդաչու սարքեր, հրթիռներ, ականանետներ, ՏՕԶ-1 եւ այլն:

Երկուստեք եղան զոհեր, հայկական կողմից՝ 94 զոհ: Ադրբեջանի նախագահը դրանով, ըստ էության, փորձ արեց երկարաձգել իր կոռումպացված իշխանությունը՝ շեղելով սեփական ժողովրդի ուշադրությունը ներքին սոցիալ-տնտեսական խնդիրներից: Եղան հարձակումներ խաղաղ բնակչության վրա Թալիշ, Մատաղիս, Մարտակերտ բնակավայրերում եւ այլ գյուղերում:

Ազերիները հաշվեհարդար էին տեսնում արդեն իսկ մահացած մարդկանց հետ՝ կտրելով նրանց գլուխները, ականջները, մարմնի տարբեր մասերը, նույն կերպ էին վարվում եւ ողջ մարդկանց հետ:

Սա ոչ այլ ինչ է, քան հակամարդկային եւ ֆաշիստական քաղաքականության իրականացում: Իհարկե, նրանք ստացան արժանի հակահարված ԼՂՀ պաշտպանության ուժերի կողմից, սակայն դա չի նշանակում, որ միջազգային հանրությունը եւ կազմակերպությունները չպետք է տան այդ ամենի իրավական եւ քաղաքական գնահատականը: Դա հստակ պետք է անել: Այն է՝ ով է առաջինը հարձակվել, ինչ է արել եւ ինչ զենքերով:

Հարկավոր է նաեւ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: Չէ՞ որ դրա հետեւանքների համար դեռեւս պետք է պատասխանատվություն կրել:

Կարծում եմ, որ Ադրբեջանն իր այդ քայլով ոտնահարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը եւ խախտել է գործընթացի իրականացման տրամաբանությունը, ըստ էության, անտեսելով այն: Սա նույնպես պետք է գնահատականի արժանանա: Պետք է իրականացվի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննություն եւ արձանագրման գործընթացն ապահովող մեխանիզմների ներդրում, ինչը եւ փորձ էր արվում իրականացնել: Ադրբերջանական ագրեսիան այդ գործընթացը խափանելու փորձ էր:

Մի բան ակնհայտ է, կոնֆլիկտի խաղաղ կարգավորումն այլըտրանք չունի:

Արցախի հանրապետությունը ժողովրդավարական եւ ազատ երկիր է՝ պետականության բոլոր ինստիտուտներով: Այստեղ ապրում է աշխատասեր, կրթություն եւ գիտություն հարգող, հյուրասեր ժողովուրդ: Արցախի նախագահը եւ մյուս ղեկավարները ոտքով շրջում են քաղաքներում եւ գյուղերում, դեմքով եւ անունով ճանաչում են գրեթե բոլորին: Արցախի ժողովուրդն այլեւս չի հանդուրժի ոչ մի անմարդկային ոտնձգություն իր արժանապատվության հանդեպ: Այդպես է եղել անցյալում, այդպես է հիմա, ապրիլյան օրերին, եւ միշտ այդպես կլինի:

Երբ ճայթում է պատերազմը, այստեղ բոլորը զինվոր են, երեխաները, տարեցները, կանայք եւ, իհարկե, տղամարդիկ:  Նրանց անհնար է ծնկի բերել:

Ես՝ որպես քաղաքացի եւ ԱԺ պատգամավոր, զգուշացնում եմ որդի Ալիեւին, որ հաջորդ անգամ պատասխանը լինելու է շատ ավելի հուժկու, քան պատկերացնում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ