Հռոմի Ֆրանցիսկոս Պապը «Զվարթնոց» օդանավակայանում խաչ է նվիրել իրեն լավաշով ու ծիրանով դիմավորած փոքրիկ Անիին ու Ռոբերտին: Անիին ու Ռոբերտին կազմակերպիչներն են ընտրել. Անին միջազգային մրցույթների դափնեկիր է, իսկ Ռոբերտն էլ գրանցված է Հայաստանի Դյուցազնագրքում:
9-ամյա Անին դաշնակահարուհի է, միջազգային մրցույթների դափնեկիր: Աղջնակի խոսքով` իր համար մեծ պատասխանատվություն էր լավաշ հյուրասիրել առաջին քրիստոնյա երկիր այցելած Հռոմի Պապին:
«Ֆրանցիսկոս Պապն այս խաչն օրհնել է: Ես շատ սիրեցի այս խաչն ու չեմ հանելու: Մեծ հույս ունեմ, որ Հռոմի Պապի այցով Արցախում խաղաղություն կլինի»,- ասում է Անին, որն արմատներով Արցախից է:
Ռոբերտը նույնպես շատ ուրախ է, որ Հռոմի Պապից խաչ է նվեր ստացել: 9-ամյա տղան դեռ երկու տարի առաջ էր գրանցվել Հայաստանի Դյուցազնագրքում` մաթեմատիկա, աստղագիտություն, ֆիզիկա, քիմիա ոլորտների խնդիրների լուծման համար:
«Ես հպարտ եմ, որ դիմավորեցի Ֆրանցիսկոս պապին մեր հայկական ծիրանով»,- ասում է Ռոբերտը:
Նշենք, որ ծիրանի զամբյուղի վրա գրված էր «Հայր մեր» աղոթքը: Հռոմի Պապը երեխաներից վերցրել է ծիրանն ու լավաշը ու փոխանցել իրեն ուղեկցող աշխատակիցներին: