News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Սերժ Սարգսյանը կարծում է, որ Հանրապետական կուսակցությունը կհաղթի խորհրդարանական ընտրություններում: «Ռոյթերզ»-ին տված հարցազրույցում նախագահն ասել է, թե Հանրապետականի պարտության դեպքում քաղաքականության մեջ անելիք ինքն այլեւս չի ունենա՝ միաժամանակ ընդգծելով, որ նման բան չի ակնկալում։

Համաշխարհային մամուլի թոփ լուրերը վերջին երկու օրերին Թուրքիա–Իսրայել եւ Թուրքիա–Ռուսաստան հարաբերությունների կարգավորման մասին են։ Հունիսի 28-ին Թուրքիայի եւ Իսրայելի արտգործնախարարները ստորագրեցին հարաբերությունները կարգավորող համաձայնագիրը։ Երկու երկրների հարաբերություններն իջեցվել էին ամենացածր մակարդակի այն բանից հետո, երբ 2010 թվականին Իսրայելի հատուկ ջոկատայինները գործողություն էին իրականացրել թուրքական «Մավի Մարմարա» նավի դեմ, ինչի ընթացքում 10 մարդ էր սպանվել։

Միջազգային լրահոսի գլխավոր լուրը Թուրքիայի նախագահի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակն է Վլադիմիր Պուտինին։ Նամակի մասին առաջինը հայտնեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակը՝ շեշտելով, որ Էրդողանը ներողություն է խնդրել։ Նամակի մասին լուրը հաստատեցին նաեւ թուրքական իշխանությունները, սակայն չընդունեցին, որ դրանում կա ներողություն բառը՝ ընդգծելով, որ Թուրքիայի նախագահն ընդամնեը ափսոսանք է հայտնել ռուսական ռազմական օդանավը կործանելու առնչությամբ, իսկ Էրդողանի որոշ կուսակիցներ նույնիսկ արդարացան, թե Էրդողանը ոչ թե ներողություն է խնդրել, այլ ընդամենը ռուսերեն գրել է՝ իզվինիտե։ Ռուսական կողմը հայտարարեց, որ արդեն վաղը Պուտինի նախաձեռնությամբ կկայանա Պուտին-Էրդողան հեռախոսազրույց։ Թուրքիայի արտաքին քաղաքականության այս կտրուկ փոփոխությունը վերլուծաբանները բացատրում են նրանով, որ Անկարան սկսել է վախենալ տարածաշրջանային մեկուսացումից։

Ազգային ժողովում ավարտվեց  Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների քննարկումը։ Օրինագիծը կռիվ գցեց ընդդիմադիրների միջեւ․ ով է ավելի ընդդիմադիր։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կոնկրետացրեց, թե հատկապես ում ընդդիմադիր լինելուց է դժգոհ․ անունը չտվեց, բայց ոչ ոք չկասկածեց, որ խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է։

Հանրապետականները արդեն երկրորդ օրը նույն հարցն են բարձրացնում․ ինչպես եղավ, որ ընդդիմությունը սկզբում որգեւորված էր իշխանության հետ ձեռք բերված կոնսենսուսից, հետո հանկարծ  փոշմանեց։

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը ամենայն հավանականությամբ քվեարկության կդրվի վաղը։

Օրակարգի մյուս վիճահարույց հարցը Ռուսաստանի հետ միավորված Հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագիրն էր։ Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը փորձում էր համոզել, որ համաձայնագիրը միայն Հայաստանի շահերից է բխում, քանի որ ավելացնում է մեր ներուժը, եւ այն կիրառելու իրավունքը վերապահվում է հայկական կողմին։  Համաձայնագիրը ուսումնասիրած ընդդիմադիր պատգամավորները համաձայն չէին, նրանք պնդում էին, որ նույնիսկ եթե ՀՕՊ հրամանատարը հայ լինի, կրակելու որոշումը կայացնելու է Ռուսաստանը։

Արդեն երկրորդ օրը Ազգային ժողովի հետնամուտքի մոտ ՀՕՊ միավորված համակարգի դեմ բողոքի ակցիա են անում «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամները։ Նրանք պատգամավորներին կոչ էին անում դեմ քվեարկել համաձայնագրին, որովհետեւ կողմ քվեարկելը դավաճանություն է: Ակցիայի մասնակիցներից Միքայել Նազարյանը այսօր եկել էր ինքնաշեն որսորդական հրացանով՝ նշելով, որ եթե ՀՕՊ միավորված համաձայնագիրը վավերացվի, իրենք ստիպված են լինելու որսորդական հրացաններով զինվել: Ակցիայի ընթացքում ԱԺ է եկել պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որն ուշադրություն չի դարձրել ցուցարարներին։ Լրագրողները ֆիքսել են, որ նա եկել է «Ռոլս Ռոյս» մակնիշի կապույտ մեքենայով, որն ունեցել է ռուսական համարներ։

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին իշխանությունները կալանավորել են, որպեսզի մեկուսացնեն եւ Հռոմի Պապի այցի ժամանակ ակցիա չանի՝  կարծում  է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը: Ըստ Բարսեղյանի՝ նույն տրամաբանությամբ էլ ոստիկանները Գյումրիում բերման են ենթարկել Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, որը մտադիր էր Հռոմի Պապի ներկայությամբ բարձրացնել հոր անարդարացի ազատազրկման հարցը։

Երևանյան լճում երիտասարդ է ջրահեղձ եղել: Ահազանգով դեպքի վայր ժամանած փրկարարները ափի մոտ գտնվող փայտե կառամատույցին գտել են բաճկոն, կոշիկներ, գումար, բանալիներ և այլ իրեր, ապա որոնողական աշխատանքի արդյունքում դուրս բերել մոտ 25 տարեկան տղամարդու դի։ Նախնական տեղեկությամբ՝  երիտասարդն ինքնասպան է եղել։

Հենրիխ Մխիթարյանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կկնքի չորս տարվա պայմանագիր: Գերմանական լրատվամիջոցները հաղորդում են, որ 27-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 12 միլիոն եվրո։  Ժոզե Մոուրինյոյի գլխավորած ակումբը հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Բորուսիային» կվճարի 40 միլիոն եվրո: Սպասվում է, որ տեղափոխության մասին պաշտոնական հայտարարություն կլինի արդեն այս շաբաթ:

Այսօր բոլոր հիմնական արտարժույթները ամրապնդվել են, դոլարի փոխարժեքը կազմել է 476, ռուբլունը՝ 7.38, եվրոյինը՝ 529, ֆունտինը՝ 636 դրամ:

Երեւանում հունիսի 29-ին սպասվում է առանց տեղումների շոգ եղանակ: Գիշերը օդի ջերմաստիճանը կհասնի +22-ի, իսկ ցերեկը՝+36-ի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ