Երեւանի Խորենացի փողոցում նախօրեին տեղի ունեցած բախումների ժամանակ երկու լրագրող է տուժել: Այս մասին NEWS.am-ին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` նշելով, որ բռնությունների մասին ահազանգել են iravaban.net եւ xnews.am կայքերի լրագրողները:
«Խստորեն դատապարտելի է, անթույլատրելի է լրագրողների նկատմամբ որեւէ ոտնձգություն: Քրեական օրենսգիրքն էլ պատասխանատվություն է նախատեսում լրագրողի գործունեությունը խոչընդոտելու համար»,- ասաց Արման Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ փաստաթղթերն արդեն նախապատրաստվում են, օրվա ընթացքում կուղարկվեն քրեական հետապնդում իրականացնող մարմնին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ժամը 21.30-ի սահմաններում բախում է տեղի ունեցել Խորենացի փողոցում ոստիկանների ու ցուցարարների միջեւ:
Ոստիկանները սկսել են աղմկարար նռնակներ նետել, հատուկ միջոցներ կիրառել՝ ցուցարարներին ցրելու համար։ Իրավապահները նաեւ արցունքաբեր գազ են կիրառել։ Ժամը 02.30-ի դրությամբ, Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետեւանքով բուժհաստատություններ տեղափոխվածների թիվը 51 է, նրանցից 28-ը` ոստիկան:
Վաղ առավոտյան ժամը 4-ի սահմաններում, ոստիկանությունը սկսել է զանգվածաբար բերման ենթարկել ցուցարարներին: Քաղաքացիներից մի քանիսի նկատմամբ ուժ է կիրառվել, տուժել են նաեւ լրագրողներ: Բերման ենթարկվել նաեւ ցուցարարներ Տիգրան Մեծի պողոտայից, Նար-Դոսի փողոցից։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ եւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը: Այս պահին պատանդների թիվը 4 է: