ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 27-ին Շուշի քաղաքում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումներ է կազմակերպել տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուների հետ:
Մասնավորապես, քննարկումներ են անցկացվել Ստեփանակերտի քաղաքապետի ու շրջանների վարչակազմերի ղեկավարների, ինչպես նաեւ՝ կառավարության տարածքային կառավարման ու վերաբնակեցման վարչության պետի ու համապատասխան բաժինների ներկայացուցիչների հետ:
Ներկայացնելով հայեցակարգի նախագծում տեղ գտած գլուխները՝ մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն առավել մանրամասն անդրադարձել է «Տեղական ինքնակառավարում» գլխին:
Մտքերի փոխանակության ընթացքում պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման պատասխանատուները կարծիքներ են արտահայտել հայեցակարգում տեղ գտած գաղափարների ու եզրակացությունների մասին եւ առաջարկել ուշադրություն դարձնել վարչական շրջանների ղեկավարների լիազորությունների ընդլայնմանն ու տարածքային կառավարման գործող մեխանիզմների կատարելագործմանը:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաեւ երկրի կառավարման մոդելների հնարավոր տարբերակներին:
Եզրափակելով քննարկումը՝ մասնագիտական հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ ՏԻՄ բնագավառի վերաբերյալ առաջադրված խնդիրները ենթակա են վերլուծության եւ ընգծել, որ առավել խնդրահարույց ու նեղ ուղղվածության հարցերի լուծումը նպատակահարմար է տեղափոխել օրենսդրական կարգավորման դաշտ: