Ռուս-վրացական սահմանային «Վերին Լարս» անցակետում հարկավոր է առանձին միջանցք ստեղծել Հայաստանից ավտոմեքենաների համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Հայաստան-Ռուսաստան» առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Սերգեյ Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ հարցը բարձրացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առընթեր Ձեռներեցության հարցերի խորհրդատվական հանձնաժողովի նիստում, որը հուլիսի սկզբին կայացել է Երեւանում: Հարցն առաջին անգամ չի բարձրացվում, խնդրով արդեն մի քանի ամիս զբաղվում են Հայաստանի եւ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունները:
«Այսինքն՝ ոչ մի նոր բան չենք հնչեցրել, պարզապես հերթական անգամ հիշեցրել ենք, որ ցանկալի է լուծել խնդիրը: Անձամբ ես 15 օր առաջ ռուս-վրացական սահմանում էի եւ նկատեցի, որ մեր մեքենաները մյուսների հետ հավասար հերթ են կանգնում: Եթե մենք Եվրասիական միության անդամ ենք, թող մեզ համար գործընթացն ավելի դյուրին լինի՝ ի տարբերություն երրորդ երկրների: Կարծում եմ՝ սրանում տրամաբանություն կա»,- ընդգծեց Բարսեղյանը: