News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքով ԱԱԾ-ում պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործով զարգացում չկա, որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին NEWS.am-ին ասաց Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը:

«Կոնկրետ անձանց անուններով է քրգործը հարուցվել, այդ թվում Ալիկ Սարգսյանի, Կարեն Բաբակեխյանի, Արթուր Մարգարյանի: Նրանց միջեւ, ինչքան ես գիտեմ, առերեսում է եղել, սակայն առ այսօր ոչ մեկը նույնիսկ որպես կասկածյալ չի ներգրավվել: Սկավառակը, որ ես ԱԱԾ-ին տրամադրել եմ, ամեն ինչ մեջը կա, պիտի դրանով արագ գտնի իրական մեղավորներին»,- ասաց Պետրոս Մհերյանը:

Նա հայտնեց նաեւ, որ որդու սպանության գործով էլ որեւէ նորություն չունի:

Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանն սպանվել է 2009թ-ի  փետրվարի 3-ին ժամը 20.15-ին, Երեւանի Բարբյուս փողոցի 65 շենքի 7-րդ հարկի միջանցքում` վերելակից դուրս գալուց հետո։ Մհերյանի վրա արձակվել էր 8 կրակոց, որոնցից 5-ն էին նրան դիպել։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ չորս գնդակ։ Ավելի ուշ պարզվել էր, որ Գեւորգ Մհերյանին մարդասպանը դարանակալել էր զոհի բնակարանի հարկաբաժնի վերելակի մոտ։ Երբ Մհերյանը վերելակից դուրս է եկել, մարդասպանն անմիջապես դիմահար կրակել էր նրա կրծքին եւ գլխին։ Մարդասպանի արձակած ութ կրակոցների ձայնը լսելի է եղել Մհերյանի հարկաբաժնում ապրող բնակիչներին։ Սակայն նրա հարեւանները մի քանի րոպե վախեցել էին տանից դուրս գալ, ինչի արդյունքում մարդասպանին հաջողվել էր հանցագործության վայրից աննկատ հեռանալ: Փաստի առթիվ դեռ 2009թ.-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` սպանություն, որը կապված է անձի ծառայողական գործունեության հետ, եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով` ապօրինի հրազենի կրում: Այս գործով մեղադրյալ չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ