News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունն այս տարի սկսվեց ռեկորդային քիչ՝ 6 թիմով: Գյումրիի «Շիրակը» վերջին տարիներին ամենաստաբիլ թիմերից է, որը մշտապես իր տեղն ունի Եվրագավաթներում: NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում «Շիրակ» ակումբի սեփականատեր, գործարար Արման Սահակյանը պատմեց Հայաստանում ֆուտբոլային ակումբ պահելու դժվարությունների, հայ երիտասարդ ֆուտբոլիստների ակումբ գտնելու, հայկական մարզական մեդիադաշտի խնդիրների եւ շատ այլ թեմաների մասին:

Պարոն Սահակյան, Դուք քանի տարի է ակտիվորեն ներգրավված եք հայկական ֆուտբոլում. «Շիրակ» ակումբի սեփականատերն եք, ՀՖՖ գործկոմի անդամ եք, ժամանակին ունեիք Լայմ հեռուստաալիքը, որի հիմնական ուղվածությունը ֆուտբոլն էր, Ձեզ էր պատկանում Аrmsport.am կայքը: Ինչո՞ւ դադարեցիք Ձեր գործունեությունը մեդիա ոլորտում՝ սկզբից Լայմ հեռուստաընկերութունը, վերջերս էլ վաճառեցիք Armsport.am կայքը:

Տարիներ առաջ մեդիա ոլորտին մեծ ուշադրություն էի դարձնում, բայց ժամանակի հետ որոշեցի ուշադրությունս փոխել դեպի այլ ոլորտներ: Բոլոր ակտիվներս վաճառեցի կամ փակեցի, այս պահին մեդիա ոլորտում ոչ մի հետաքրքրություն չունեմ:

Այդ ամենը թողնելու միակ պատճառը գումարային օգուտ չունենա՞լն էր:

Դե հիմնականը, իհարկե, գումարայինն է, ամեն բան պետք է բիզնես հիմքեր ունենա: Մեկ բան է բարեգործությունը, այլ բան է բիզնեսը: Ցավոք սրտի մեր երկրի տնտեսությունն այն մակարդակի չէ, որպեսզի մեդիա ակտիվներ կարողանաս ունենալ: Հիմա տեսնում եմ փորձեր արվում են: Աստված տա հաջողվի: Մեր երկրում մարզական լրատվության բացն, իսկապես, կա:

Մարզական հեռուստաալիք պահելը բավական թա՞նկ հաճույք է:

Դե մերը միայն մարզական չէր: Ուղղակի հիմնական ուղղվածություն էր սպորտը: Հայաստանը բացառիկ երկիր է, որտեղ չկա մարզական հեռուստաալիք: Գրեթե բոլոր երկրներում կան:

Իսկ ինչ կասեք Armsport.am կայքի մասին, որը առաջատարներից էր, ուներ մեծ պատմություն:

Հուսամ՝ հետագայում էլ կլինի: Մարզական կայք պահելուց էլ ցանկանում ես, որ այն լինի լավը: Դա էլ իր հերթին մեծ ծախսերի հետ է կապված: Հայաստանում մարզական լրագրության մեջ կան ոգեւորված մարդիկ, ովքեր իրենց գործը լավ են անում եւ պահում են այդ ոլորտը, նրանց աշխատանքը հարգանքի է արժանի: Բայց, ցավոք սրտի, այդ ոլորտը մեր երկրում դեռ զարգացած չէ: Դա ոչ միայն կապված է մարզական հաջողությունների հետ, այլ նաեւ՝ երկրի տնտեսության:

Այսինք պետք է համակերպվե՞նք: Քանի դեռ երկրի տնտեսությունը այս վիճակում է, մարզական լրագրությունը չի՞ աճի:

Չէ, պետք է հուսանք, որ տնտեսությունն է ոտքի կկանգնի, ոլորտն էլ: Օլիմպիական վերջին հաջողությունները նույնպես պետք է նպաստեն սպորտի մասսայականացմանը: Կարելի է ասել՝ մեզ մոտ ֆուտբոլից բացի այլ մարզաձեւերը մեծ հետաքրքրություն չեն առաջացնում: Վստահ չեմ, որ բասկետբոլի կամ հոկեյի մեծ մրցաշարեր հայ հեռուստադիտողի մոտ մեծ հետաքրքրություն կառաջացնեն:

Դուք որպես Գյումրիի «Շիրակի» սեփականատեր, չնայած  բնիկ երեւանցի եք, ինչպե՞ս ընդունեցիք այն փաստը, որ օլիմպիական խաղերում մեր մեկ ոսկի եւ արծաթե մեդալները բերեցին գյումրեցի մարզիկները:

Մեծ հպարտություն է, հատկապես, որ Արթուր Ալեքսանյանը «Շիրակի» երկրպագու է եւ մեր բոլոր խաղերին գրեթե ներկա է լինում: Գյումրիում շատ են խնդիրները, բայց փառք Աստծո, սպորտը միշտ լավ մակարդակի վրա է: Այս հաջողությունը շատ էր պետք քաղաքին:

Ի՞նչ կասեք մարզիկների մարզվելու եւ ապրելու պայմանների մասին: Ողջ համացանցը ողողված էր Գյումրիի մարզադպրոցի լուսանկարներով:

Ես բոլորի պայմանների համար չեմ կարող ասել: Երբ մենք վերանորոգում էինք մարզադաշտը, ցանկանում էինք տեղադրել ֆուտբոլային նստարաններ, բայց հետո պարզվեց, որ անհնար է, քանի որ այնտեղ մարզվում են տարբեր մարզաձեւերի երեխաներ՝ թեթեւ աթլետիկայից սկսած մինչեւ այն մարզազեւեր, որոնցով միայն Գյումրիում են զբաղվում: Մեր մարզադաշտում մշտապես կտեսնեք տարբեր մարզաձերով զբաղվող երիտասարդների: Այս հաղթանակները շատ կարեւոր էին Գյումրիի համար: Արթուրին քաղաքում շատ են սիրում, Գոռը երիտասարդ է, ամեն բան առջեւում է:

Դուք ասում եք, որ մեդիա ոլորտում ներդրումներ անելը հավասարազոր է բարեգործության, իսկ որքանո՞վ է հեշտ Հայաստանում ֆուտբոլային թիմ պահելը: Տարեցտարի հայկական ակումբերի թիվը նվազում է, թեեւ «Շիրակն» այս պահին ամենաստաբիլ թիմերից մեկն է:

Ես, փառք Աստծո դժգոհելու տեղ չունեմ: Թիմի սեփականատերն եմ 2010-ից: Բացի առաջին տարուց միշտ Եվրոպայի լիգայում հանդես ենք եկել: Մյուս թիմերի համեմատ ամենից հաջողը մենք ենք հանդես գալիս: Խնդիրն այն է, որ Հայաստանի առաջնությունը ուժեղ մակարդակի վրա չէ, այն հետաքրքրություն չի առաջացնում երկրպագուների շրջանում: Մարզադաշտերում թիմերի մարզաշապիկներ վաճառելը գումար չի բերում, ինչպես դա այլ երկրներում է: «Շիրակի» համար լավն այն է, որ Գյումրիում բոլորը սիրում են այդ թիմը եւ հետաքրքրությամբ հետեւում են խաղերին: Ի վերջո, ֆուտբոլ խաղում ենք երկրպագուների համար: Բայց առհասարակ երկրում առաջնության հանդեպ  հետաքրքրություն գրեթե չկա: Աշխարհում բոլոր թիմերը գումար վաստակում են հեռարձակման իրավունքների վաճառքից ու տոմսերից: Մեզ մոտ դա չկա: Եզակի դեպքեր են լինում, երբ որեւէ ֆուտբոլիստի տրանսֆերը հաջող է լինում եւ թիմին գումար բերում:

Այս պահին Բարձրագույն խմբում հանդես են գալիս 6 թիմեր: Ստացվում է, որ նրանց կեսը, կամ ավելին կարող են մասնակցել Եվրագավաթներին: Բայց մյուս կողմից էլ 6 թիմով ուժեղ առաջնություն չես ունենա: Ուժեղ մարզավիճակ ու ամբիցիաներ ունենալ դժվար է: Նույն թիմերի հետ միշտ մրցելով հետագայում դժվար է այլ ակումբերի հետ խաղալ: «Շիրակը» միշտ փորձում է անցկացնել ընկերական հանդիպումներ այլ ակումբների հետ:

Եթե գաղտնիք չէ, Եվրագավաթներին մասնակցելը բավակա՞ն է թիմի մեկ տարվա բյուջեն ապահովելու համար:

Հայաստանի պայմաններում բավական չէ: Չեմպիոնների լիգայում գուցեեւ բավական է մեկ փուլ անցնելը, բայց Եվրոպայի Լիգայում պետք է երկու տուր անցնես, որ լավ վարձատրվես, բայց դա ոչ մի թիմի դեռ չի հաջողվել: Մեկ փուլն անցնելու դեպքում թիմը ստանում է մոտավորապես 215 000 եվրո : Եվրոպայի լիգայում ակումբների վարկանիշը հաշվում են հինգ տարին մեկ: Եկող տարի «Շիրակն» առաջին անգամ կարող է հայտնվել ավելի ուժեղ զամբյուղում եւ հանդիպել ավելի թույլ թիմի հետ: Մենք միշտ ավելի ուժեղների հետ ենք հանդիպել մինչ այդ:

«Շիրակի» մրցակիցները միշտ ուժե՞ղ են եղել:

Այս տարի մենք հանդիպեցինք «Գորիի» հետ: Նրանք ուժեղ զամբյուղում էին, բայց բախտները չբերեց: Նրանք կարող էին հանդիպել ավելի թույլ թիմի հետ:

Վերջին մի քանի տարիներին  հայկական ֆուտբոլային ակումբները դադարեցրին իրենց գոյությունը՝ «Կիլիկիան», «Իմպուլսը», «Ուլիսը», «Միկան»: Երաշխիք չկա, որ մյուս ակումբները նույնպես չեն կանգնի այդ խնդրի առջեւ: Խնդրի լուծումը տեսնո՞ւմ եք:

Երբ Վրաստանում էինք, մեզ պատմեցին, որ այնտեղ պետությունը սկսել է աջակցել թիմերին: Նույն «Գորիին» պետությունը 500 000 եվրո գումար էր հատկացրել: Մեզ մոտ դա բացառվում է: Հասկանում ենք, որ երկիրը կիսապատերազմական վիճակում է: Պարզապես այն թիմերը, որոնք հանդես չեն գալու Եվրագավաթներում, կանգնում են ահավոր մեծ խնդրի առջեւ: Ամեն դեպքում լուծումներ կան, պետք է փնտրել:

Աստված չանի, «Շիրակը» երկու տարի շարունակ չհայտնվի Եվրագավաթներում, կշարունակե՞ք պահել թիմը:

Դե հույս ունեմ, որ կպահեմ: Բայց ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր փակել են թիմերը: Այդքան ծախս են անում, մտածում են գուցե ավելի լավ է այդ գումարը տալ բարեգործության: Դժվար է թիմ պահելը: Մեզ մոտից շատ ֆուտբոլիստներ են գնացել արտասահման: Թիմի շուրջ էլ կա ուժեղ ֆուտբոլային աուրա: Մեր ակադեմիայում էլ պարապում են 500 երեխա: Ես բողոքելու տեղ չունեմ:

Ստացվում է, որ ֆուտբոլից գումարային սպասելիքներ չունեք: Այստեղ ավելի շատ խոսում է սերը դեպի ֆուտբո՞լը:

Ունեմ, ինչու չէ: Մենք ցանկանում ենք դառնալ կայուն ֆուտբոլային բրենդ: Մեզ մոտ խնդիր էր առաջացել սերնդափոխության: Մի պահ մեծ բաց եղավ, թիմում հիմնականում հանդես էին գալիս լեգեոներները, բայց հիմա նոր սերունդ է գալիս 1999-2000 թթ ծնվածները: Կարծում եմ՝ մի քանի տարուց նրանք իրենց կարդարացնեն: Ես չեմ բացառում, որ Հայաստանում կարելի է առողջ թիմ ունենալ:

Վերջին 20 տարում Հայաստանում առողջ թիմի օրինակ կա՞:

«Փյունիկը» տվեց Հենրիխ Մխիթարյանի պես ֆուտբոլիստ:

Միայն մեկ ֆուտբոլիստով կարելի՞ է ասել, որ դա առողջ թիմ է:

Դե դա շատ մեծ բան է, թե՛ էմոցիոնալ, թե՛ ազգային նշանակությամբ: «Փյունիկի» այդ սերունդը մեծ բան տվեց ու նրանցից շատ սովորելու բան կա: Հետո այդ ամենը կտրվեց:

Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան մասսայականություն վայելո՞ւմ է փոքրիկների շրջանում:

2011-ին մենք քաղաքապետարանից վերցրինք ֆուտբոլային դպրոցի շենքը: Այն սարսափելի վիճակում էր, այժմ էլ չի գործում: Իսկ ահա Ակադեմիան մեծ իրադարձություն էր քաղաքի համար: Քանի որ Գյումրիի մարզական ենթակառուցվածքները մեծ խնդիրների առջեւ են, այդ կարգի ակադեմիա ունենալը մեծ բան է:

Ակադեմիան պատկանում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի՞ն:

Ոչ, «Շիրակն» է կառավարում ու ֆինանսավորում: Ակադեմիան Գյումրիի ամենալուսավոր կետերից է: Մեզ մոտ Եվրոպական երկրների պես չէ, որ տեսնենք երեխան տաղանդ չունի ու տուն ուղարկենք, բոլորին հնարավորություն է տրվում: Այս պահին մարզվում են 400 երեխաներ: Նրանք մարզվում են բացառապես անվճար:

Հայկական ֆուտբոլում կա եւս մեկ խնդիր. գրեթե բոլոր ակումբներն ունեն իրենց երիտասարդական, պատանեկան թիմերը, դպրոցներ, բայց առաջնությունում հիմնականում հանդես են գալիս լեգեոներներ: Ինչպե՞ս պետք է դասավորվի երիտասարդ ֆուտբոլիստների կարիերան:

Մեզ մոտ բոլոր թիմերը դեռ առաջնությունը չսկսած իրենց առջեւ դնում են մի նպատակ՝ դառնալ չեմպիոն: Այդ պատճառով հրավիրում են լեգեոներների եւ երիտասարդ սերունդը դրանից տուժում է: Գիտեք, որ աշխարհում ֆուտբոլիստների առաջարկը պահանջարկից ավելին է: Իսկ Գյումրիում այդքան էլ բարդ չէ լեգեոներներ բերելը: Այս պահին մենք երկու փուլից հետո խփել ենք չորս գոլ, որոնցից չորսը խփել են գյումրեցիները: Այս տարի թիմին արդեն միացավ Վահան Բիխախչյանը: Բայց կան այլ տղաներ, որոնք ապագայում կարող են միանալ:

Ինչպե՞ս կնայեք, որ Հայաստանում լինի լեգեոներների թվի սահմանափակում: Գուցե այդ դեպքում թիմերը ստիպված լինել խաղացնել տեղի ֆուտբոլիստներին:

Ես կցանկանամ լինի սահմանափակում, բայց գուցե ինձ չհասկանան: Բոլոր թիմերը ցանկանում են հանդես գալ Եվրագավաթներում ֆինանսական նկատառումներից ելնելով, այդ պատճառով կազմը ուժեղացնելու համար հրավիրում են լեգեոներների: Առաջնության ձեւաչափն ու լեգեոներների քանակը իրար հետ կապակցված են:

Իսկ եթե Եվրագավաթների համար ուժեղացնել թիմը, բայց առաջնության ընթացքում հնարավորության տալ տեղացի տղաների՞ն:

Մեզ մոտ այդպիսի օրինակ եղել է: Հայաստանում կա լեգեոներ դարպասապահների քանակի սահմանափակում: Իսկ դարպասապահը պետք է ուժեղ օղակ լինի: Մենք երկու տարի Եվրագավաթների ժամանակ բերեցինք Վսեվոլոդ Երմակովին: Առաջին տարի նա «Զենիթում» էր, հետո գնաց «Տորպեդո Արմավիր»: Ստացվում է այսպես ամբողջ տարի դարպասին կանգնում է մի տղա, իսկ այդ խաղերին վստահում ես ուրիշին: Դա ազդում է թիմի մթնոլորտի վրա: Նա, ով ողջ տարին կանգնել է թիմի դարպասին, այդ կարեւոր խաղերին զիջում է իր տեղը:

Ակադեմիաներում սովորող երեխաները, որոնք այժմ ոգեւորված են Մխիթարյանի օրինակով, մի քանի տարուց գալու են կանգնեն խնդրի առջեւ, որ Հայաստանում կա քիչ թիմ, որտեղ կան շատ լեգեոներներ եւ նրանց տեղավորվելը մեծ խնդիր է լինելու:

Այդ երեխաները մինչ դրան հասնելը դեռ պետք է գնան բանակ: Մեծ մասը բանակից վերադառնալուց հետո դադարում է ֆուտբոլով զբաղվել: Քանի որ Գյումրին Երեւանից շատ ավելի փոքր քաղաք է, այնտեղ կարելի է ասել՝ բոլորը միմյանց ճանաչում են: Գյումրիում ֆուտբոլիստ լինելը բավականին հարգի է, նա լավ վարձատրվում է: Կյանքի պայմանները միջինից բարձր են: Ու ակադեմիայում պարապող երեխաների համար դա ցուցանիշ է: Մենք ցանկանում ենք, որ ամեն տարի մեկ ֆուտբոլիստ մեր ակադեմիայի կադրերից ընդգրկվի հիմնական թիմի կազմում:

Չե՞ք կարծում, որ Հայաստանի ակումբային առաջնության բարելավման համար պետք է ստեղծել առանձին ֆուտբոլային լիգա, ինչպես երկրների մեծ մասի մոտ է:

Դե այս 6 թիմի ձեւաչափը ստիպում է փոփոխությունների գնալ: Գուցե մյուս տարի փորձեն ինչ-որ բան փոխել: Նորից վերադառնամ այն հարցին, որ մեզ մոտ բոլոր թիմերը հետապնդում են չեմպիոն դառնալու գաղափարը: Գերմանիայում չես տեսնի, որ թույլ թիմերը հենց սկզբից երազում են հաղթել «Բավարիային» ու դառնալ չեմպիոն: Մեզ մոտ ուժեղ մրցակցության արդյունքում անգամ թիմերը միմյանց վարձակալությամբ ֆուտբոլիստների գրեթե չեն տալիս: Եթե ֆուտբոլիստը պետք չէ մի թիմին, ամենայն հավանականությամբ նա մյուսներին էլ պետք չէ: Եվ այդ ֆուտբոլիստները սկսում են հանդես գալ Առաջին լիգայում, որը բավականին զիջում է Բարձրագույն խմբին:

Իսկ չարժե՞ փոխել Հայաստանի գավաթի ձեւաչափը: Ոչ թե այս 6 թիմերը հանդես գան, այլ անգամ սիրողականները, ինչպես եվրոպական մի շարք երկրներում:

Դա երկար քննարկումների հարցեր են, բայց ամեն դեպքում լուծումներ կան:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ