Երբ հայտարարում ենք, թե Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը չի բացահայտվել, դրանով անուղղակի փորձ ենք անում Ռուսաստանին զերծ պատասխանատվությունից: Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ-փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով Վալերի Պերմյակովի դատավճռին:
«Այն, թե ինչ ուղղությամբ է գնացել Պերմյակովը, ինչպես, քրեական գործով բացահայտված է: Բազմաթիվ ապացույցներ կան: Եթե մենք մի բան դնում ենք կասկածի տակ, պետք է ասենք, թե ինչ չի արվել: Մեր բոլոր միջնորդությունների ու հարցերի պատասխանները ստացել ենք:
Շատ դժվար է հավատալ այս հանցագործությանը, որովհետեւ մենք նայում ենք սովորական տրամաբանող մարդու աչքերով: Տրամաբանող մարդու համար դժվար է հավատալ, որ կարող ես մտնել հագուստ փոխելու եւ ինչ-որ գումար հայթայթելու եւ 7 մարդու սպանես:Մենք գործ ունենք հիվանդ մարդու հետ, բայց ոչ անմեղսունակի: Ինքն էլ չգիտի, թե ինքն ինչ է արել: Դժվար է դրան հավատալ, բայց դա փաստ է, քրեական գործով ապացուցված: Այս հարցում մեր ամենամեծ խնդիրն այն է, որ պատասխանատվության չենթարկվեցին այն առողջ մարդիկ, որոնք այս հիվանդ մարդու ձեռքը զենք են տվել: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Ռուսաստանը դա հասկանա:
Երբ հայտարարում ենք, թե չբացահայտվեց հանցագործությունը, դրանով անուղղակի փորձ ենք անում Ռուսաստանին զենծ պահել այդ պատասխանատվությունից: Որովհետեւ եթե ասում ենք՝ բացահայտված չի, չգիտենք ով է եղել, ինչպես է եղել, բա էլ ինչպե՞ս ենք ասում՝ Ռուսաստանի Դաշնություն, դու մեղավոր ես»,-ընդգծել է փաստաբանը:
Ի պատասխան ասուլիսին ներկա, Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ-փաստաբան Արթուր Սաքունցն ասաց, որ բացի Պերմյակովի ինքնախոստովանական ցուցմունքներից՝ Ավետիսյանների տուն գնալու, տնից դուրս գալու վերաբերյալ, այլ ապացույց գործում չկա: «Իսկ այդ հիվանդ մարդը՝ Պերմյակովը, չէ՞ր կարող օգտագործվել այլ մարդկանց կողմից: Այդ վարկածին պատասխան չկա»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավճիռը, վերջինս դատապարտվել է ցմահ ազատազրկման: