News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բեռլինի հասարակական տրանսպորտը, ավտոբուսներից, մետրոյից եւ քաղաքային էլեկտրագնացից բացի, ներառում է նաեւ լաստանավերը: Գերմանիայի մայրաքաղաքում այդպիսի վեց երթուղի կա, որոնցից երեքը աշխատում են տարվա բոլոր ամիսներին: Նշենք, որ Բեռլինում միասնական ուղետոմսը գործում է նաեւ լաստանավերի համար, սակայն կարելի է ձեռք բերել նաեւ մեկանգամյա օգտագործման տոմս:

Բեռինաբնակների համար լաստանավը տրանսպորտի նույնպիսի տեսակ է, ինչ ավտոբուսը կամ տրամվայը: Ի դեպ, Ռուսաստանի մայրաքաղաքում լաստանավը հենց «գետային տրամվայ» է կոչվում:

Մեծաթիվ զբոսաշրջիկների համար Բեռլինի լաստանավը շատ ավելին է նշանակում, քան որպես սոսկ փոխադրամիջոց: Այդ պատճառով պատահական չէ, որ ուղեւորների մեջ մեծ թիվ են կազմում այցելուները, որոնք ցանկանում են զբոսնել գեղատեսիլ ջրային երթուղով: Օրինակ՝ F10 երթուղով, որը էլեկտրագնացի Վանզեե (Wannsee) կայարանը միացնում է Կլադով (Kladow) շրջանին:

Այս երթուղով ուղեւորությունը տեւում է 20 րոպեից մի փոքր ավելի: Ափերին երեւում են խիտ անտառի թավուտում կորած  առանձնատներ: Ի դեպ, մեր հանգստավայրերի համար սովորական «երկնաքերներ» («հանգստյան տան» կարգի), որոնք կայլանդակեին այս կուսական գեղեցկությունը, այստեղ չկան: Գերմանացիները հայտնի են բնության հանդեպ իրենց հոգատար վերաբերմունքով: 

Երթուղու վրա հանդիպում են տասնյակ ոչ մեծ զբոսանավեր եւ մոտորանավեր: Դրանց որոշ մասը մասնավոր սեփականություն է, մյուսները ցանկացողներին վարձով են տրվում: Կան նաեւ գետանավերով հատուկ տուրերթուղիներ: Դրանց շարքում կա նաեւ հետաքրքիր լողացող միջոց՝ ոճավորված Թոմ Սոյերի խրճիթով լաստանավի տեսքով: Իհարկե, դա լաստանավ չէ, այլ սովորական մոտորանավ: Սակայն արտաքինից այդպես չես ասի:

Ժամանման կետը Կլադովի շրջանի հին հատվածն է՝ հայտնի իր հին առանձնատներով եւ եկեղեցիով: Այստեղ կարելի մեծ թվով տների հանդիպել՝ այսպես ասած, «հորիզոնական կանաչապատմամբ»: Դե, իսկ բացօթյա մի բան ուտելու եւ գերմանական գարեջուր համտեսելու սիրահարների համար են նախատեսված հենց ափին գտնվող ամառային սրճարանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ