News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2015-2016 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաեւ դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2016թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի եւ մարզերի աշակերտներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական եւ հայոց լեզվի «Մեղու» մրցույթների մրցանակակիրներին: Սերժ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որից հետո արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ շրջանավարտներն ու աշակերտները ՀՀ նախագահի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի կողմից ստացել են իրենց պարգեւները՝ մեդալները, հավաստագրերն ու նվերները:

Հանրապետության նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին իր նստավայրում, շնորհավորել ուսումնառության մեջ ձեռքբերումների համար, մաղթել հետագա նորանոր հաջողություններ:

«Սիրելի՛ դպրոցականներ,

Հարգելի՛ մանկավարժներ,

Արդեն տեւական ժամանակ է, որ ամեն տարի այս դահլիճ են հրավիրվում դպրոցական հերոսները, նրանք, ովքեր ուրիշներից տարբերվում են իրենց գիտելիքներով, սովորում են գերազանց, դպրոցն ավարտում ոսկե մեդալով եւ մասնակցում են համաշխարհային առարկայական օլիմպիադաներին, դառնում մրցանակակիրներ ու «Կենգուրու» եւ «Մեղու» մրցույթների հաղթողներ:

Սա շատերի համար առաջին ձեռքբերումն է, բայց վստահ եղեք, որ ձեր շնորհիվ եւ ձեր ակտիվ մասնակցությամբ ու նաեւ ակտիվ մասնակցությամբ այն բոլոր երիտասարդների, որ այս տարիների ընթացքում հրավիրվել են այս դահլիճ՝ խրախուսանքի եւ մեծարման խոսքեր լսելու, կառուցվելու է ապագա Հայաստանի դիմագիծը: Ես վստահ եմ, որ դուք դա անելու եք՝ օգտագործելով ավագ սերնդի փորձը եւ մեր նախնիների գիտելիքի եւ կրթության նկատմամբ հավերժական ձգտումը: Դուք նաեւ շատ ավելի լայն հնարավորություններ եք ունենալու բացելու դռները աշխարհի առաջ նորարարական գաղափարներ ներս բերելու համար, որպեսզի այդ գաղափարները կլանեք, մարսեք եւ վերարտադրեք ու կատարելագործեք:

Այս տարի Հայաստանի դպրոցականները միջազգային առարկայական օլիմպիադաներից վերադարձել են 15 մրցանակներով՝ 1 ոսկե, 3 արծաթե եւ 11 բրոնզե մեդալներով: Սա, իհարկե, փայլուն նվաճում է, եւ ես անկեղծորեն երջանիկ եմ, որ վերջին ութ-տասը տարիների ընթացքում մեր դպրոցականներն այդ օլիմպիադաներից վերադառնում են 15-ից 20 մեդալներով: Միայն մեր Ֆիզմաթ դպրոցն ավելի շատ մրցանակներ է շահում, քան հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը միասին վերցրած: Սա չափազանց կարեւոր եւ մեծ ցուցանիշ է, որ պատիվ է բերում ցանկացած ժողովրդի: Իհարկե, նաեւ անչափ ուրախ եմ, որ ընդլայնվում է մեդալակիրների աշխարհագրությունը: Շատ լավ է, որ Երեւանին եւ Գյումրիին միացավ Վանաձորը: Վստահ եմ, որ տարիներ հետո մենք կարողանալու ենք ասել, որ Հայաստանի գրեթե բոլոր շրջաններից ունենք համաշխարհային առարկայական օլիմպիադաների հաղթողներ:

Ես բոլորիդ շնորհավորում եմ, բոլորիդ համբուրում եմ եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին, նրանց, ովքեր կարողացել են ձեզ հետ միասին հասնել այդ արդյունքներին: Աշակերտը պետք է ձգտում ունենա, աշակերտը պետք է ցանկություն ունենա, ուսուցիչը պետք է ունենա գիտելիք հաղորդելու կարողություն եւ ունակություն: Երբ այս երկու հանգամանքները համընկնում են, մենք հասնում ենք շատ բարձր արդյունքների: Ապրե՛ք»,-ողջույնի խոսքում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ