News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Արցախում սպասվող սահմանադրական փոփոխությունների, դրա շուրջ հասարակական–քաղաքական շրջանակներում հնչող մտահոգությունների,  պատերազմի վերսկսման հնարավորության եւ անկախ Արցախի 25 տարվա անցած ճանապարհի մասին NEWS.am-ը զրուցել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ։

Պարոն Ղուլյան, օրեր առաջ հրապարակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որով նախատեսվում է կիսանախագահական կառավարման մոդելից անցում նախագահական մոդելի։ Ինչո՞ւ նախագահական եւ ինչո՞ւ հենց հիմա։

Իմ կարծիքով, ամենակարեւոր կետն այս պահին այն է, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ արդեն սկսվել են կառուցողական առաջարկները, եւ բացառությամբ մի քանի կողմնակալ կարծիքների, մեզ համար շատ ցանկալի է, որ կան օգտակար առաջարկներ, որոնք մենք հաշվի կառնենք հետագայում սահմանադրական բարեփոխումների նախագծի վրա աշխատելիս։ Ինչո՞ւ նախագահական. մենք չէինք կարող հաշվի չառնել այն առանձնահատկությունները, որոնք այսօր կան ԼՂՀ-ում։ Շատ բնական է, որ մեր քննարկումների ժամանակ առավել շատ տիրապետող է եղել կառավարման այն մոդելը, որն այսօր ընդունվել է Հայաստանի Հանրապետությունում, բայց ժամանակը, տեղի առանձնահատկությունները, այն իրողությունները, որ այսօր կան ԼՂՀ-ում, հանրային տրամադրությունները, քաղաքական դաշտի տեսակետները, որոնք այս դեպքում տարբեր են, մեզ հուշել են, որ պետք է ավելի շատ մտածենք եւ ճիշտ եզրակացություններ անենք։ Իմ կարծիքով, այստեղ շատ կարեւոր հանգամանք է ոչ թե կառավարման մոդելն ինքնին, այլ դրա արդյունավետությունը։ Հենց այս նկատառումներից ելնելով մենք նախապատվությունը տվել ենք կառավարման նախագահական մոդելին, որը դասական դասակարգմամբ կարելի է նախագահական անվանել, բայց մենք չենք բացառել կառավարման մյուս մոդելների համակցումը առաջարկվող նախագծին։

Մինչեւ ապրիլյան պատերազմը խոսակցություններ կային, որ հենց Հայաստանի մոդելով կառաջնորդվի Արցախի Հանրապետությունը եւ կանցնի խորհրդարանական կառավարման։ Ի՞նչ փոխվեց ապրիլյան պատերազմից հետո, որ շտկումներ մտցվեցին առկա մոտեցումներում։

Ապրիլյան իրադարձությունները, իհարկե, ազդեցություն ունեցան այդ քննարկումների վրա։ Եթե միայն արտաքին կողմը վերցնենք, ապրիլյան պատերազմի հետեւանքով մենք ստիպված էինք երկու անգամ հետաձգել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ներկայացման ժամկետները, բայց ես չեմ կարծում, որ միայն դրանով է պայմանավորված ԼՂՀ-ում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում նախագահական մոդելին առաջնություն տալը։ Մինչեւ ապրիլյան իրադարձություններն էլ մեր քաղաքական դաշտում կարծիքները կարծես թե բաժանվել էին երկու մասի։ Գուցե կարելի է ձեւակերպել այսպես, որ ապրիլյան պատերազմի հետեւանքով մենք ավելի շատ ժամանակ ունեցանք մտորելու եւ շատ ավելի խորը տեսնելու, քննարկելու սահմանադրական բարեփոխումների հիմնական ուղղությանները։ Ես համոզված կարող եմ ասել, որ մեր ընտրության հարցում շատ կարեւոր տեղ են գրավել անվտանգության եւ պաշտպանության հարցերը։

Ի՞նչ խնդիրներ կան, որոնք հնարավոր չէ լուծել ներկայիս կառավարման մոդելի պայմաններում, որ պետք է լուծի նախագահին գերլիզորություններով օժտելը։

Ես համարում եմ, որ հացը երեւի այդ տեսանկյունից դնելն այնքան էլ ճիշտ չի բացահայտում մեր այսօրվա իրավիճակը, որովհետեւ ցանկացած կառավարման համակարգում էլ միշտ կարելի է որոշակի խնդիրներ դնել եւ լուծել։ Խոսքն այն մասին է, որ ԼՂՀ-ում չհայտարարված պատերազմի, արտաքին քաղաքական մարտահրավերների պայմաններում Արցախի Հանրապետությունում շատ ավելի մեծ պահանջարկ կա ուժի եւ կենտրոնաձիգ իշխանության։ Ի դեպ, մեր քննարկումների ժամանակ մենք հաշվի ենք առել ոչ միայն մեր մասնագիտական հանձնաժողովում շրջանառվող տեսակետները, նաեւ լուրջ խորհրդատվություններ ենք անցկացրել սահմանադրական իրավունքի մասնագետների, այն խմբի հետ, որը Հայաստանում իրականացրել է սահմանադրական բարեփոխումներ, եւ բնականաբար հանրային քննարկումների ժամանակ շատ ավելի լուրջ տեղ է հատկացվել այն տրամադրություններին, որոնք այսօր կան Արցախի հանրության մեջ եւ քաղաքական դաշտում։

Մտավախություն չկա՞, որ կառավարման նախագահական մոդելին անցումը եւ նախագահին նման լիազորություններով օժտելը կարող է վնասել Արցախի ժողովրդավարության վարկանիշին։

Ես նման մտվախություններ չունեմ, որովհետեւ մի կողմից այս 25 տարիներին ԼՂՀ-ում կարծես թե փորձարկել ենք կառավարման բոլոր մոդելները, եւ բոլոր մոդելների ժամանակ էլ Ղարաբաղը կարողացել է պահել իր ժողովրդավարական վարկանիշը, որովհետեւ Ղարաբաղի համար ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան պետություն լինելը ոչ թե ինչ-որ ժամանակահատվածի, ոչ թե ինչ-որ կոնկրետ նպատակների իրականացման թեմա է, այլ Ղարաբաղի բնական ընտրությունն է։ Ազատության ձգտող ժողովրդի մոտ կառավարման համակարգն ուրիշ կերպ չի կարող լինել, քան ժողովրդավարականն է։ Աշխարհում ցանկացած կառավարման մոդելի ժողովրդավարական երկրներ կան։ Դա ավելի շատ կապված է այն արժեքների հետ, որոնք դավանում է այդ հասարակությունը, կապված է իշխանության թեւերի մեջ հակակշիռների եւ զսպումների մեխանիզմների հետ, որոնք ճիշտ ձեւով են իրականացվում, եւ նաեւ կապված է այն ավանդույթների հետ, որոնք տիրապետող են այդ ժողովրդի մեջ։ Կարծում եմ՝ ինչպիսի կառավարման մոդել էլ լինի Արցախի Հանրապետությունում, այն պարտադրված է լինել ժողովրդավարական։ Դա մեր ժողովրդի ընտրությունն է, եւ ինչպես Ղարաբաղը եղել է առաջատար Հարավային Կովկասում, հետխորհրդային տարածքում ժողովրդավարական պետության իր վարկանիշով, երեւի այդպես էլ մնալու է, միգուցե մի փոքր էլ զարգացում է ապրելու։

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով նախատեսվում է, որ ԼՂՀ խորհրդարանի եւ նախագահի ընտրությունները պետք է անցկացվել նույն օրը, նաեւ հայտնի է, որ 2017-ին ավարտվում է նախագահի լիազորությունը, իսկ 2020-ին՝ խորհրդարանի։ Ինչպե՞ս է լուծվելու այդ երեք տարվա հարցը, մտավախություններ չկա՞ն, որ կարող են լուրջ խնդիրներ առաջանալ։

Քանի որ մենք կառավարման մոդելի փոփոխության խնդիր ենք դնում, մենք անպայման անցումային ժամանակաշրջանի կարիք ենք ունենալու։ Ես համոզված եմ, որ մասնագիտական հանձնաժողովին հաջողվելու է գտնել այնպիսի կարգավորումներ եւ կառուցակարգեր, որոնք մեզ թույլ են տալու անցնցում այդ անցումը կատարել դեպի նոր կառավարման համակարգ։ Սա է խնդիրը, որպեսզի հասարակությունը որեւէ ձեւով իր վրա չզգա, որ կառավարման համակարգ է փոխվում, եւ դա կոշտ ձեւով է արվում եւ այլն։

Որոշ քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ մտավախություն են հայտնում, որ նոր Սահմանադրությունը կոչված է ապահովելու գործող իշխանությունների վերարտադրությունը։

Ես ավելի քան համոզված եմ՝ երբ էլ նախաձեռնվեին սահմանադրական բարեփոխումները, միշտ էլ այդպիսի տեսակետներ լինելու էին, որովհետեւ սա քաղաքական պայքար է, եւ նման պայքարում բոլորն ազատ են իրենց տեսակետներն արտահայտել։ Իմ կարծիքով, ցանկացած իշխանություն պատասխանատու է ճիշտ շարունակություն ապահովելու համար։ Սա ավելի շուտ պատասխանատվության հարց է, քան արտոնություն։ Այս տեսակետից կարծում եմ՝ ԼՂՀ-ում որեւէ բացառություն չկա, եւ շատ ճիշտ է, որ իշխանություններն այդ հարցը դնում են, թե ինչպիսի շարունակություն է ունենալու Արցախի Հանրապետությունում կառավարման համակարգը եւ մնացած բոլոր սահմանադրական իրավակարգավորումները։

ԼՂՀ խորհրդարանում, կարելի է ասել, բոլոր քաղաքական ուժերը սատարում են նախագահին, եւ կարծեք թե, ընդդիմություն Արցախում չկա։ Չեք կարծո՞ւմ, որ սա ժողովրդավարության պակասի ցուցանիշ է։

Չեմ կարծում, որովհետեւ ժողովրդավարության պակասի հարցը երեւի այդ ոլորտում չի լուծվում։ Նախ Արցախի Հանրապետությունում ներկայացված 5 ուժերից երկուսը խորհրդարան են եկել ընդդիմադիր քարոզչությամբ եւ ընդդիմադիր տեսակետներով։ Ինչ տեղ են նրանք զբաղեցնում խորհրդարանում, դա ժողովրդի որոշելիքն է։ Ես չեմ ուզում պնդել, որ ժողովրդավարական այդ համակարգի մեջ արդեն ամեն ինչ արել, ավարտել ենք, բայց դա Ղարաբաղում չի կարող արհեստականորեն ձեւավորվել եւ չեն կարող լինել արհեստական հիմքեր, որ աշխարհին ցույց տանք, որ դրանով է պայմանավորված մեր ժողովրդավարական վարկանիշը։ Մի բան պետք է հասկանանք, որ Արցախի քաղաքական դաշտում, հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում տիրապետող միասնական գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը որոշակիորեն սահմանափակում են երկրում ընդդիմության առկայությունը։

Հաշվի առնելով տարածաշրջանային վերջին զարգացումները, Դուք պատերազմի վերսկսման որեւէ հավանականություն տեսնո՞ւմ եք։

Մեր հարեւանների պահվածքը, նրանց ոչ ադեկվատ վերաբերմունքը, չկամությունը բանակցային ճանապարհով հիմնախնդիրը լուծելու ուղղությամբ, միշտ էլ որոշ տեղ թողնում է պատերազմի հավանականության համար, բայց եթե զուտ դասական վերլուծության հիմքով փորձենք տեսնել, թե ինչ կարող է լինել ապագայում, ապա ինձ թվում է՝ ապրիլյան ռազմական գործողությունները մեր հարեւաններին ցույց են տվել, որ իրենց պատկերացրած բլից պատերազմում հաջողություն ունենալն անհնար է, որովհետեւ վերջին 15-20 տարիներին տարածաշրջանում ձեւավորվել են պաշտպանության եւ անվտանգության այնպիսի համակարգեր, որոնք տեղ չեն թողնում այդպիսի արագ պատերազմական գործողությունների համար։ Դա որոշակի դասեր թողել է նաեւ հակառակորդ կողմում, բայց ինչպիսին կլինի նրանց պահվածքը հետագայում, ես դժվարանում եմ ասել։ Ինձ թվում է, այստեղ ավելի շատ աշխատանքի տեղ է թողնված միջազգային միջնորդության համար, որը զբաղվում է Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ։ Տարածաշրջանում խաղաղության եւ կայունության խնդիրը միայն ԼՂՀ-ի եւ Հայաստանի նպատակը եւ առաջադրանքը չէ։ Եթե աշխարհը շահագրգռված է, որ այստեղ լինի խաղաղություն ու կայունություն, ապա պետք է գտնեն գործուն մեխանիզմներ՝ ազդելու Ադրբեջանի ռազմատենչ ցանկությունների վրա։

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը բավարա՞ր եք համարում։

 Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ իհարկե, դրանք բավարար չեն։ Բավարար չեն ոչ թե նրա համար, որ ցանկություն չկա կարգավորելու խնդիրը, այլ ինձ թվում է, որ Մինսկի խմբի համանախագահությունն ավելորդ զգուշավորություն է ցուցաբերում հատկապես հակամարտող կողմերին ճիշտ ազդանշաններ տալու հարցում։ Մենք արդեն քանիերորդ տարին է, խոսում ենք այդ մասին, որ անհնարին է այս փոփոխվող իրավիճակում, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտման պայմաններում, հավասարության նշան դնելով ազդել իրավիճակի վրա։ Կարծես որոշակի տեղաշարժեր տեղի են ունեցել, կամ սկսել են՝ կապված այն բանի հետ, որ նույն միջնորդներն առաջարկում են հետաքննության մեխանիզմներ ներդնել կամ առաջնագծում այնպիսի հնարավորություններ ստեղծել, որոնք ֆիքսելու են հնարավոր խախտումները, բայց մենք տեսնում ենք, որ այդ աշխատանքները տեղի են ունենում կամ զարգանում են Ադրբեջանի չկամության պայմաններում։ Դա չպիտի սահմանափակի միջնորդների աշխատանքը, որովհետեւ մենք այդպիսի գործուն մեխանիզմներ չունենք, միշտ էլ ծագելու են հարցեր, թե ով է կրակել, ով է սկսել եւ այլն։

Անկախության 25 տարվա ընթացքում ի՞նչ կարողացանք անել, եւ ի՞նչ չարեցինք, որ կարող էինք անել։

Մենք չպետք է մոռանանք, թե ինչպիսի պայմաններում ենք այդ 25 տարիներին աշխատել, ինչպիսի պայմաններում ենք կարողացել անկախ պետականությունը կայացնել, զարգացնել՝ մշտական կամ չընդհատվող պատերազմի, չընդհատվող շրջափակման, քաղաքական մեկուսացման պայմաններում, որը մեր հարեւանների կողմից հիմա էլ շարունակվում է։ Նման իրավիճակում մեզ հաջողվել է իսկապես ձեւավորել անկախ պետությանը բնորոշ բոլոր ինստիտուտները։ Երբ մենք հռչակել ենք ԼՂՀ անկախությունը, մենք գուցե շատ ուղղություններում ունեինք պետականությանը հատուկ ատրիբուտներ, բայց երկու կարեւոր ուղղություն հաստատ չունեինք. մեկը պաշտպանության համակարգն էր, մյուսը՝ ինքնուրույն արտաքին քաղաքականությունը։ Կամ նույնիսկ եթե վերցնենք խորհրդարանը. իհարկե, մենք ունեցել են ժողովրդական պատգամավորների այդ ինստիտուտը, բայց միեւնույն է, անկախ Արցախի Հանրապետության խորհրդարանը, որն արդեն 6-րդ գումարման իր աշխատանքներն է իրականացնում, ցույց է տալիս, որ շատ երկար ճանապարհ է անցել, որը եղել է դինամիկ զարգացումներով, որը չի ընդհատվել, խափանում չի եղել։ Սա ամենալուրջ երեւացող հաջողությունն է։ Ինչ չի հաջողվել. կարծում եմ, այստեղ ավելի շատ խոսքը վերաբերում է Արցախի միջազգային ճանաչման գործընթացին։ Գուցե մենք կարող էինք ավելին անել, բայց եթե հաշվի առնենք պայմանները, այսօր էլ Ադրբեջանը համառորեն փորձում է միջազգային բոլոր կազմակերպություններում Ղարաբաղի դեմ տարբեր բանաձեւեր ընդունել, դեմարշներ անել, այդուհանդերձ, մենք կարողացել ենք հասնել նրան, որ ԼՂՀ-ն որպես ինքնուրույն գործող, ինքնուրույն պետական կազմավորում շատերի կողմից ընդունելի է, եւ դա երեւում է մեր Հանրապետության հանդեպ միջազգային ճանաչման գուցե այսօր նահանգային, շրջանային, քաղաքային մակարդակներով, բայց դրանք քայլեր են, որոնք անպայման բերելու են ավելի մեծ հաջողությունների։ Ես ուզում եմ ընդգծել նաեւ, որ մեր գործունեությունը, երկրի տնտեսությունը զարգացնելու, ժողովրդավարական համակարգը կատարելագործելու հարցերում եւս անելիքներ կան, բայց եթե մենք համեմատության մեջ ենք դնում նրա հետ, ինչ ունեցել ենք եւ այն ինչ այսօր ունենք, սար ու ձորի տարբերություն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ