News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղում վերջին շաբաթվա ընթացքում արջը հոշոտել է երեք ոչխարի եւ ցլիկի: Երկու «այցելությունների» ժամանակ ծուռթաթը վիրավորել է եւս երեք ոչխարի։

Հաշվի առնելով, որ մարդկանց մերձակայքում սննդի հայթայթման արջի հակումը կարող է պոտենցիալ վտանգ ներկայացնել ինչպես մարդկանց, այնպես էլ «Կարմիր գրքում» գրանցված կենդանու համար՝ վերջինիս կողմից ագրեսիա դրսեւորելու դեպքում, NEWS.am-ի թղթակիցը հարցի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար դիմել է WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանին:

«Առաջին հերթին անհրաժեշտ է տեսախցիկներ տեղադրել, որպեսզի պարզվի, թե ինչ կենդանու մասին է խոսքը՝ որձ է, էգ է, կենդանու տարիքը նույնպես նշանակություն ունի: Դա կարող է երիտասարդ արջ լինել, որն առանց մոր է մնացել»,- նշեց Կարեն Մանվելյանը:

Այնուհետեւ անհրաժեշտ է պարզել նրա այցերի պատճառը, ինչն է նրան գրավում: «Արջերին այդպիսի վարքը հատուկ է գարնանը, երբ քնից արթնանալով՝ ուղեւորվում են կեր փնտրելու: Տվյալ դեպքում պատճառը կարող է լինել նաեւ կերի պակասը»,- նշեց WWF-Հայաստանի տնօրենը: Սակայն պատճառ կարող է լինել նաեւ ավելի հեշտ «որսը»: «Պատահում է, որ գայլերը կենտրոնանում են ավելի հեշտ որսի վրա եւ սկսում են «որսալ» ոչխարներին»,- օրինակ բերեց կարեն Մանվելյանը: Մարդուն հանդիպելիս արջը կարող է ագրեսիա դրսեւորել, սակայն դա ավելի շուտ վախի հակազդում կլինի:

Հորբատեղում ստեղծված իրավիճակի հետ կապված WWF-ին չեն դիմել: «Բայց մեզ հաջողվել է Մեղրիում համանման իրավիճակը հաջողությամբ լուծել, որտեղ արջը հակում ուներ նռան այգիների հանդեպ: Տեղակայված էլեկտրական պատնեշի շնորհիվ ողջ է եւ՛ արջը, եւ՛ այգիներն են անվնաս»,- նշեց Կարեն Մանվելյանը: Նրա խոսքով՝ առանձնապես բարդ դեպքերում, երբ կենդանին չենթարկվելու համառ ցանկություն է դրսեւորում, կարելի է դիմել տրանսլոկացիայի. կենդանուն քնեցնում են եւ տեղափոխում նոր բնակավայր: «Բայց կրակելն անթույլատրելի է»,- հիշեցրեց WWF-Հայաստանի տնօրենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ