News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական haqqin.az պարբերականը, սեփական հետաքննության արդյունքում հայտնում է, որ Ազգային անվտանգության նախարարությունը կապ ունի բազմահարկ շենքում հրդեհի եւ  15 մարդու մահվան հետ:

Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել անցյալ տարվա մայիսի  19-ին   16 հարկանի շենքում:

«Քննությունն ի սկզբանե միայն մեկ ուղղությամբ էր աշխատում. ամեն ինչի համար միայն եւ միայն մեղավոր են պոլիուրետանային երեսպատման սալիկների արտադրող Global Stone ընկերության ղեկավարները: Իսկ դրան զուգահեռ պատասխանատվություն պետք է կրեն այն մասնագետները, որոնք դրական եզրակացություն են տվել պոլիուրետանային նյութերի փորձաքննության արդյունքում, եւ պաշտոնյաները, որոնք թույլ են տվել նման երեսպատում օգտագործել: 

Սակայն haqqin.az-ի հատուկ փորձագիտական խմբի իրականացրած հետաքննությունը ոչ միայն չի հաստատել պոլիուրետանային երեսպատման այրելիության եւ ոչ ամրության   մասին եզրահանգումը, այլեւ հրդեհին քննության կողմից չնշված անձանց, ավելի ճիշտ` ուժերի հանցակցության ապացուցներ է հայտնաբերել: Ազգային անվտանգության նախկին նախարարությունը (ԱԱՆ) այլ կերպ չես կոչի», - պնդում է պարբերականը:   

Ողբերգությանը նախորդել է ապրիլի 10-ին բնակելի տանը տեղի ունեցած հրդեհը: Շենքի երեսպատումն իրականացրել է TNH ընկերությունը: Սակայն ինչ-որ տարօրինակ տրամաբանությամբ, ապրիլի 25-ին հատուկ ծառայություններից բարձրաստիճան անձը պահանջում է, որ իր մոտ ներկայանա… Global Construction-ի անվտանգության գծով փոխտնօրենը` այն ընկերության, որը, TNH-ի նման, պոլիուրետանային սալիկների արտադրող է եւ դրանց տեղադրման կապալառու: Այսինքն այրված շենքում մի ընկերություն է աշխատել, սակայն որոշել են ուրիշին թափ տալ: «ԱԱՆ կանչված Արիֆ Ալիեւն ինքն էլ այդ գերատեսչության նախկին աշխատակից է, որը երկար տարիներ աշխատել է օպերատիվ վարչությունում:  Պետանվտանգության պահապանն իր աշխատասենյակում նախկին ծառայակցին հայտնել է, որ իրենք հետաքննում են վերջերս տեղի ունեցած հրդեհի գործը եւ եթե Global Construction-ի հիմնադիր սեփականատերերն անմիջապես իր աշխատասենյակ չբերեն 300  հազար մանաթ, եւ արտադրանքի որակի, եւ ընկերության գործունեության մասին խիստ բացասական կարծիք կկազմվի:  Իբր, դուք եւս բոլոր առումներով վտանգավոր նյութ եք արտադրում, այդ պատճառով վճարեք, թե չէ ստիպված կլինենք կանգնեցնել ձեր արտադրությունը», - հայտնում է աղբյուրը: Հետագայում ընկերության ներկայացուցիչը հրաժարվել է վճարել գումարը եւ  փող կորզողներին  50 հազար մանաթ է տվել: Փողը վերցրել են, բայց խոստացել են առիթի դեպքում հիշեցնել, որ իրենց չեն լսել: 

Սարսափելի հրդեհից երկու շաբաթ առաջ եւս մեկ հրդեհում է տեղի ունեցել` Պատերազմի վետերանների կազմակերպության տարածքում, որի կապիտալ վերանորոգումն արդեն իրականացնում էր Global Construction-ը: Չարամիտները դրան կից տան տանիքից վառելանյութով ներծծված պարանի կտորներ են նետել: Բարեբախտաբար, արագ տեղ հասած հրշեջները հանգցրել են կրակը` կանխելով էլ ավելի մեծ փորձանքը: 

«Իսկ այժմ փորձենք դիտարկել, թե երբ եւ ինչ պայմաններում է տեղի ունեցել այդ սարսափելի հրդեհը: Որքան էլ սրբապղծություն լինի ասել դա, վայրը ծայրաստիճան հաջող էր ընտրված.  16 հարկանի բնակելի շենքը քաղաքի աշխույժ վայրում է, Պետական միգրացիոն ծառայության, ԿԸՀ-ի, շրջանային գործադիր իշխանության շենքերի կողքին, հետո էլ շենքին կից գտնվում է շրջանային մեծ պոլիկլինիկա… Նման հանցագործությունների համար ժամանակն էլ իսկականն էր` մոտավորապես   10:30-ին, երբ չափահասներն աշխատանքի են, տանը միայն երեխաներ եւ ծերեր են, իսկ փողոցներում` խցանումներ:   Հաշվի է առնված նաեւ, որ բազմահարկը հրդեհային ավազան չունի, պահպանված չեն հրդեհի դեպքում անվտանգության կանոնները:  Արդյունքում նույնիսկ հրդեհի ամենաթեժ պահին հատուկ տեխնիկան կկարողանար մոտենալ միայն մի կողմից. այդ նույն պոլիկլինիկան եւ այլ շինություններ խանգարում են:  Բայց դրանք ընդամենը արտաքին գործոններ են, որոնք իրոք բացարձակապես անթույլատրելի են ըստ հակահրդեհային կանոնների:  Միաժամանակ դեպի տանիք հակահրդեհային ելքերը կողպեքով փակ են եղել, իսկ բնակարանների ավելի քան   90 տոկոսը տանը նախագծին համապատասխան կենցաղային գազի բացակայության պատճառով զինված են եղել գազային բալոններով», - արձանագրում է պարբերականը:

Սակայն վերը թվարկված հանգամանքներից ոչ մեկը քննությունը չի դիտարկել: 

«Բայց չէ որ հենց պոլիկլինիկայի տանիքից է, բոլոր բնակիչների վկայությամբ, սկսվել հրդեհը, իսկ ավելի ճիշտ` իրադարձությունների տրամաբանության համաձայն, հրդեհումը գործվածքի կամ թղթի կտորների միջոցով:  Եվ մեկից ավելի գազի բալոններ են պայթել բնակարաններում տարածված շոգից` մարտական լիցքերի պայթյունի սարսափելի էֆեկտ ստեղծելով եւ ավելի թեժացնելով կրակը», - նշում է աղբյուրը:  Արժե նշել, որ ընդամենը 20 րոպե այն բանից հետո, երբ հրշեջ հաշվարկները հայտնվել են այրվող շենքի մոտ,  Global Construction ընկերության գրասենյակը, որը կենտրոնից բավականին հեռու է տեղակայված եւ իրար միահյուսվող նրբանցքների արանքում է, ԱԱՆ-ի 7 մեքենա է շրջապատում ավելի քան 30 աշխատակցով: Չնայած հենց միայն այնտեղ հասնելը պետք է անհամեմատ ավելի շատ ժամանակ խլեր: 

«Ըստ ամենայնի, ստացվում է որ ԱԱՆ-ի նման կայծակնային արագության համար ծանրակշիռ պատճառներ կային: Այնտեղ հրաշալի հասկանում էին, որ ցանկացած հետաքննություն ի հայտ կբերի այդ գերատեսչության եւ նրա կոնկրետ աշխատակիցների հանցակցության բազմաթիվ ապացույցներ: Իսկ այսպես նրանք իրենք են իրականացնում առաջնային հետաքննությունը, փաստերը դասավորում են իրենց անհրաժեշտ կարգով եւ ձեւով, ոչնչացնում են իրենց ոչ պիտանի հետքերը եւ այնուհետ գործը փոխանցում են համապատասխան քննչական մարմիններին` իրենց հրահանգներով, թե ինչպես եւ ում սեղմեն:  Եվ նրանք իրենց գործն արել են` քննությունն ուղղելու դեպի ԱԱՆ-ի համար տհաճ մարդիկ: Իսկ նախարարության ղեկավարը զուգահեռաբար լրացուցիչ միավորներ է վաստակել` առաջինը զեկուցելով հրդեհի պատճառների եւ ձերբակալված գլխավոր մեղավորի մասին», - եզրափակում է պարբերականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ