Գերմանական ոստիկանությունը գերմանաավստրիական սահմանին սահմանապահական ստուգման ընթացքում` սեպտեմբերի 30-ի գիշերը մեքենա է կանգնեցրել, որի ներսում մեծ քանակությամբ սառը զենք է հայտնաբերվել, թմրանյութեր եւ ինքնաշեն ռումբերի բաղադրիչ դետալներ: Իրավապահ մարմինների նախնական տվյալների համաձայն, մեքենան վարել է Լեհաստանի քաղաքացի, նրանից բացի, սրահում երեք աֆրիկացի է եղել` Կոտ դ'Իվուարի եւ Գվինեայի բնակիչներ, հայտնում է DW-ն:
Դեպքի վայր են կանչվել երկրամասային եւ դաշնային ոստիկանության ջոկատներ եւ վնասազերծման գործողություն է իրականացվել: Գերմանիայի եւ Ավստրիայի սահմանին սրընթաց խճուղու հատվածը փակվել է մինչեւ սեպտեմբերի 30-ի առավոտ, դրանով շարժումը ժամանակավորապես դադարեցվել է:
Լեհական համարանիշներով մեքենան ուղղվել է դեպի ԳԴՀ, հայտնել է գերմանական ոստիկանության ներկայացուցիչը: Բավարական ԶԼՄ-ները գրում են, որ մեքենայում, ի թիվս այլ բաների, մետաղական խողովակի երեք հատված է հայտնաբերվել, որոնք կիրառվում են պայթուցիկ սարքերի պատրաստման համար, եւ մեծ քանակությամբ սեւ փոշի, որով, ըստ ամենայնի, պատրաստվում էին լցոնել ինքնաշեն ռումբերը: Հայտնաբերված առարկաների թվում նաեւ մի քանի բջջային հեռախոս է եղել: